Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

12
-Ուրեմն, տեղ չի՞ հասել,- բոցկլտաց պանին:

Ես անհաղորդ տմբտմբացրի գլուխս, ի նշան, իբրև թե, համերաշխության` անհամբեր սպասելով պատասխանի:

-Ինչպե՞ս չես հասկանում, չէ՞ որ պարզ է ասված…,- կարճատև դադար առավ` վառվող սրտի հուրքից շունչը տեղը բերելու: Կատաղի կրքով լեցուն կուրծքը ուռչում էր անկանոն հևքերից` հենց քթիս տակ, որից էլ իմ շունչը չէր հերիքում` դիմանալու նրա վայրի (վայրենի) գգվանքին:- Նման երևույթ հազվագյուտ մարդկանց հետ է պատահում և այն էլ` մի քանի դարը մեկ անգամ…Պարտավոր ես հասկանալ…Երկրորդ հնարավորություն տրված չէ: Հիմա կամ երբեք:

Համաձայն իր տարերային, հախուռն խառնվածքի, մտքին ինչ-որ բան էր դրել, իսկ թե ի՞նչ, միայն իրեն էր հայտնի ու մեկ էլ…Դատելով ըստ ամենայնի` վճռական, մարտականորեն էր տրամադրված կյանքի կոչելու այն ամենը, որի մասին աղոտ պատկերացում կազմելու ոչ իրական, ոչ էլ անիրական հիմքեր չունեի: Եվ հենց այստեղ է, որ «քնած սարդը» աչքերը բացեց:

-Ի՞նչ է նշանակում` հիմա կամ երբեք,- հարցրի` բանից անտեղյակ:

-Կգա՞ս ինձ հետ,-ինչպես ասում են` երեսի կողմից վերջացրեց, շուռ տվեց մեջքի…

-Ու՞ր,- հարցրի սարսափած:

-Մեր տուն` Կրակով:

Ահա և հրապարակ եկան անկանխատեսելին, առեղծվածայինը, անդառնալին, որոնցից էլ բաղկացած էր այն տարերքը, որում նա իրեն զգում էր, ինչպես ձուկը ջրում` առանց պայմանականությունների, լիաթոք… Ու թեև բնության այդ «հազվագյուտ երևույթի» վերաբերյալ նա հաստատ իր ուրույն տեսակետն ուներ, բայց ինձ համար, կարծեմ, «կործանումը» հենց այդ վայրկյանից սկսվեց…

-Կրակո~վ… մեր տու~ն,- ծոր տվի մտամոլոր:

-Համոզված եմ, քեզ շատ դուր կգա, մեզ մոտ հրաշալի վայրեր կան, ոչ պակաս տեսարժան, քան քո վարդագույն քաղաքում,- նա մտովի արդեն, ձեռքիցս բռնած, ինձ քարշ էր տալիս իր ծննդավայրի փողոցներով ու հրապարակներով` շողացնելով կապտականաչավուն կանչող աչքերը, ինչից մարդու խելք էր շաղվում:

-Իսկ ինչու՞ պետք է գամ քեզ հետ,-առայժմ չունեի ոչ մի լուրջ փաստարկ թե՛ մերժելու և թե՛ ընդունելու Մարիայի` իրեն հատուկ` խենթավուն ոճով արված առաջարկը: Ես կատարյալ տգետ էի…

-Հատուկ օժտվածների համար` մեկ անգամ էլ կրկնում եմ. ուրիշ առիթ չի լինելու, հասկացիր, որովհետև ես ու դու հազար տարի հո չե՞նք ապրելու… Այօրվանից, հենց այս վայրկյանից սկսած պետք է միասին լինենք, հակառակ դեպքում բաժանությունը կկործանի մեզ, գոնե ինձ` հաստատ, ես առանց քեզ չեմ ապրի, դու էլ…Դու իմ հարազատ կեսն ես, ես էլ` քո, հավատա, խնդրում եմ, վստահիր ինձ, սիրելիս (նա ինձ առաջին անգամ…այդպես կոչեց), գիտեմ, տեսնում եմ, անհավանական է թվում քեզ, բայց ես խելագար չեմ, ես իմ մատների, մազերիս, անգամ պոչիկիս ծայրով եմ զգում, թույլ տուր օգնեմ քեզ…

-Չլինելու բան է… անհնար,- թվում էր` ինչ-որ մոգանքով ներսումս հետզհետե մի մեծ, ահանգնացող չափերի հասնող քարհանգույց է գոյանում, որից էլ, ամենակարևորը, կամքս սկսում էր չենթարկվել ինձ: Հենց դրան էլ, իմ կարծիքով, ձգտում էր նա:

-Անհնար ոչինչ չկա,-ոչ մի քայլ չէր նահանջում` դառնալով ավելի համառ և անզիջում,- ամեն բան վճռված է, դասավորված, ինչպես վայել է ընտրյալին,- այնպիսի տպավորություն էր, թե նրա ինքնաբավ միտքը լույսի արագությամբ մեզ համար նոր ու անծայրածիր հորիզոններ էր նվաճում, որտեղ, միևնույն է, ես չկայի, ինքս ինձ չէի տեսնում…

-Վճռվա՞ծ է,- «խաչակիր սարդը» հետևի չանչերի վրա ծառս եղավ` վերահաս վտանգի առաջն առնելու:

-Իհարկե, ամեն, ամեն բան` տեղը տեղին. միասին կգնանք իմ պապենական օջախ, նախ` կծանոթանաս մերոնց հետ (նրանք առանձնապես շատվոր չեն), բոլորն էլ բարեկիրթ, ազնվական մարդիկ են, այնպես որ՝ չարժի վախենալ, հետո էլ կարգին կհանգստանաս, կկազդուրվես, ուժ կհավաքես…,- իսկապես էլ ընտանեկան խորհրդում կազմված «ճանապարհային քարտեզի» տեսլականը աչքիս առաջ քիչ առ քիչ, արար առ արար գործնական փաթեթի տեսք էր ստանում, որի փուլային տարբերակը, խոստովանում եմ, որքան էլ առաջին հայացքից տեղավորվում էր իմ պատանեկան ցնորքների տիրույթում, այդուհանդերձ խրտնեցնում, եթե չասեմ՝ անորոշ տագնապ էր հարուցում թե իր, մի տեսակ, հապճեպ պարտադրվող հոգատարությամբ, և թե իր տարատեսակ անհայտություններով ու անորոշություններով հանդերձ, որոնք էլ հենց չգիտակցված վախ և անհանգստություն էին ծնում մանուկ սրտիս մեջ: Հատկապես` «կկազդուրվես…ուժ կհավաքես» տարօրինակ արտահայտությունները, որից հետո, կարելի էր կարծել, ինձ անտառ կտրելու էին ուղարկելու…Եվ ես, իհարկե, համարձակվեցի բացատրություն պահանջել. չէ՞ որ, վերջիվերջո, իմ բախտն ու ապագան էր վճռվում` առանց ինձ…(Զարմանալի է~…Մարմինս փշաքաղվում է, ոնց որ այն օրը…):

Հառաչեց խորը` վիրավոր գազանի նման:

-Ո՞ւր եք ինձ ուղարկելու,- անհանգստությունս մանկամտորեն էլ հայտնեցի, ինչը նա միանգամից որսաց և էլ ավելի սանձարձակ սկսեց սիրաշահել ու կաշառել միաժամանակ:

(Ամոթից մեռնում եմ, ժուռնալիստ, հենց որ հիշում եմ, թե ինչ հիմարն եմ եղել, ինչ միամիտ, խեղճուկրակի մեկը, մի խոսքով` թրջված մի մուկ…Իսկ նա… այդքան հասուն, այդքան վստահ… իր իսկ զգացմունքի, իր արտասանած ամեն խոսքի, ամեն մի բառի հանդեպ, որն էլ ինձ ողորմելիության աստիճան գետնաքարշ, խղճուկ էր դարձնում նրա առաջ… ):

-Դու, եթե չեմ սխալվում,-ասաց նախահարձակ` կարծես մաշկով էր զգում իմ անհեթեթ հետևությունների հակված լինելը,-մեր զինղեկին՝ մայոր Ռուդիխին, զինվորական դառնալու մասին խորհուրդներ ես հարցրել (նրա ամենատես աչքից ոչինչ չէր վրիպում)… իսկ հիմա ուզում եմ, որ իմանաս՝ երազանքդ շատ շուտով իրականություն կդառնա, հայրիկը համաձայնել է օժանդակել, ես նրա հետ խոսել եմ քո մասին, նա քեզ ամենահեղինակավոր, ամենաառաջնակարգ զորքերի ուսումնարանը կտեղավորի, և պատկերացնու՞մ ես, նույնիսկ կատակեց, թե հավատում է, որ քեզնից իսկական գեներալ դուրս կգա:

Մեկ ուրիշն իմ փոխարեն գուցե հրճվանքից վեր-վեր թռչեր, աշխարհով մեկ լիներ, քանի որ ճակատագիրն իրեն այդպիսի փառահեղ նվեր էր մատուցում, բայց ինձ մինչև հոգուս խորքը վիրավորում, դեռևս լիովին չհասկացված ու չմարսված տառապանք էին պատճառում առաջանցիկ որոշումներ կայացնելու այն հապճեպությունն ու թեթևամիտ պատեհականությունը, որով Մարիան սովոր էր առաջնորդվել` եթե նույնիսկ ամեն բան «կանխորոշված էր» ու վճռված ի վերուստ, ինչպես ինքն էր ներկայացնում իր բռնակալ, թեկուզ եւ սիրահար սրտիկի գաղտնիքը, որն իրականություն դարձնելու համար (գոնե հիմա արդեն չեմ կասկածում) ընդունակ էր խելահեղ քայլերի ու արարքների, որոնց անպատրաստ էի ես ինքս` համ հոգեպես, համ ֆիզիկապես, որքան էլ հետո շատ պիտի զղջայի ու տառապեի` ձեռքիս մեջ Հազարան հավքի փետուրը միայն…

-Կներես, բան դուրս չի գա,- արտասանեցի սարթ, քինոտ, որի կարիքը ամենևին էլ չկար, քանի որ հոգուս և սրտիս դռներին խաչակիր սարդն արդեն իսկ պաշտպանիչ ցանց էր հյուսել, որին բախվելով էլ Մարիան ծալեց թևերը և հարձակողականից անցավ ավելի չեզոք, սակայն ոչ երբեք պարտվողական մարտավարության:

-Ուրեմն… հրաժարվու~մ ես, կնշանակի` չե~ս հավատում ինձ…չե՜ս վստահում իմ անկեղծությանը,- թվաց` դարձյալ վերջնագրի տեքստը քթիս դեմ տվին: -Գոնե ինքդ քեզ հավատու՞մ ես, հավատու՞մ ես քո երազանքին, թե չէ…

-Ով եմ ես, որ հավատամ կամ չհավատամ, վստահեմ կամ չվստահեմ քեզ` քո խոսքերին…Իմ ուզածը շատ բան չի, կարող եմ մի քիչ էլ համբերել, կամ էլ հրաժարվել իսպառ` հանուն մորս…,- նվաստացա խեղճուկրակի պես, միայն թե գլուխս ազատեի նրանից:

-Այդպես մի ասա, դու իրավունք չունես… դու ինքդ էլ չգիտես, թե ով ես, ինչի ես ընդունակ, իսկ ես գիտեմ, պարզ տեսնում եմ…Ափսոս, շատ ափսոս, որ մերժում ես քեզ պարզված հավատարիմ ձեռքը, ինչ արած, հասկանում եմ, մտնում եմ քո դրության մեջ, դու իսկապես էլ հրաշալի մայր ունես, քույր, բայց խնդրում եմ, մտածիր իմ առաջարկի մասին, եթե նույնիսկ չես հավատում, որ մեր սրտերը, մեզնից անկախ, միավորվել են միևնույն դրոշակի տակ… որ մենք հարազատ ենք իրար, ինչպես Երկվորյակ հոգիները, պարզապես չենք ուզում հավատալ…Գոնե ես ամբողջ իմ էությամբ հավատում եմ և կասկած չունեմ, որ քեզ պատահական չեմ հանդիպել` այսօր…այստեղ…հենց հիմա…

Դուրս գնալիս հիվանդասենյակի դռների մոտ Մարիան հանկարծ ընդոստ շրջվեց դեպի ինձ և իրեն հատուկ համոզչականությամբ ու հստակատեսությամբ մաղթեց.

-Չմոռանաս, Սողոմոն, ուրիշ հնարավորություն տրված չէ, չի լինելու…հիմա կամ երբեք,- ասաց ու անհետացավ Ապոլլոնի պատգամախոս հրեշտակի պես:

***

-Չնեղանաս, Գեներալ, բայց Մարիան, ինչքան էլ նրան վերին աստիճանի ազատամիտ, ինչ-որ առումով նաև քմահաճ և սանձարձակ համարենք, միևնույն է, նա պետք է որ խորաթափանց խելքի և իսկապես էլ իր ժամանակի մեջ կողմնորոշվելու, կատարվելիքը զարմանալիորեն անսխալ կանխազգալու բացառիկ ընդունակությունների տեր եղած լինի: Մանավանդ որ դեռ այն օրերին կարողացել էր անվրեպ բնութագրել քեզ` մարդկային քո տեսակը` պնդելով, թե` «ինքդ էլ չգիտես, թե ով ես դու, ինչի ես ընդունակ…»,- վճռական կարծիք հայտնեցի` խորհրդավոր լեհուհու կերպարով գերված:

-Նեղանալու բան չկա, ժուռնալիստ, միշտ էլ արժեքավոր է և օգտակար «մասնագետի» եզրակացությունը լսել,- խաթրս առավ իր «գեներալական բարձր դիրքին հարիր»:

-Մարիան իր պոչիկի ծայրով շատ ավելի հեռուն էր տեսնում…Դու բախտավոր մարդ ես` բախտավոր աստղի տակ ծնված, և ինձ թվում է` իսկապես էլ նախախնամության մատը խառն է այս ամենի մեջ, եթե հաշվի առնենք, թե ինչերի միջով ես անցել ու ողջ մնացել: Դու սովորական մարդ չես, որքան էլ ընդունված չէ մարդու երեսին ասելը, ամենակարևորը` դու ձախողակ մարդ չես, եթե նույնիսկ ինքդ քեզ շարունակես դժբախտ համարել…Մարիային իմ կողմից շատ բարև կանես, թե որ մեկ էլ հանդիպեք…

Շարունակելի

Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Հոգևոր-մշակութային


13/08/2015