Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԱՌԻԹ ՉԿԱ. ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է
ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԱՌԻԹ ՉԿԱ. ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է

Զրույց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ ԿԱՄԱՎՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

-Պարո՛ն գնդապետ, նախքան ռազմաբժշկական ծառայության անցած վեց ամիսների գործունեությանը և արդյունքներին անդրադառնալը, ուզում եմ հարցնել ամռան սեզոնային վարակների մասին: Վերջին շրջանում Երևանում ավելի հաճախակի են դարձել ջերմությամբ, փորացավով, փսխումով ուղեկցվող աղիքային վարակները, իսկ ի՞նչ վիճակ է զորքերում, ծնողները պատճառ ունե՞ն մտահոգվելու:

-Միանգամից փարատեմ ծնողների մտահոգությունը: Ամառվա սեզոնային վարակների համաճարակ չկա: Վարակների տարածումը կանխելու համար իրականացված աշխատանքները արդյունավետ էին: Խոսքը առաջին հերթին վերաբերում է սանիտարահիգիենիկ միջոցառումներին ու զինվորներին տրվող սննդի աչալուրջ ստուգմանը: Հսկվում է նաև դրսից զորամաս մտնող սնունդը: Ծնողներին արգելվում է իրենց զավակների հետ տեսակցելիս նրանց կերակրել այնպիսի ուտելիքով, որը կարող է վարակի աղբյուր լինել:

-Ծնողների բերած ուտելիքը բացում-ստուգո՞ւմ եք:

-Այո՛, բա ի՞նչ անենք, թույլ տանք, որ զանազան կրեմներով թխվածքներ, երշիկներ, շուտ փչացող մթերք բերեն զորամաս, և իրենց հեռանալուց հետո խնդիրներ առաջանան: Մանրակրկիտ ստուգվում է նաև զորամասում պատրաստվող սնունդը, այն մթերքը, որից ճաշ է եփվում: Վերցվում են փորձանմուշներ, որպեսզի խնդիր առաջանալու դեպքում արագորեն պարզվի` որ օղակում են թերացել:

-Միշտ չէ, որ զորամասերում մթերքը պահպանվում է պատշաճ ձևով:

-Զորամասերում մթերքի պահպանման համար բոլոր անհրաժեշտ պայմանները կան, ու եթե մթերքը փչանում է, ապա դա անփութության և անբարեխիղճ աշխատանքի հետևանք է: Մթերքը կարող է որակազրկվել տարբեր պատճառներով, ասենք` սառնարանի խափանվելու պատճառով: Նման մթերքը պիտի խոտանվի ու դուրս գրվի` օրենքով սահմանված կարգով, ոչ թե տրվի զինվորներին:

-Մի քանի զորամասերում զինվորները ճաշարան մտնելուց առաջ ձեռքերը ախտահանում էին քլորամինի լուծույթով: Այս կարգը բոլոր զորամասերո՞ւմ է սահմանված:

-Այո՛, բոլոր զինվորները ճաշարան մտնելուց առաջ մանրէասպան քլորամինի լուծույթով լվանում են ձեռքերը, ինչը վարակների կանխման ևս մեկ երաշխիք է: Զորանոցների, ճաշարանի, սանհանգույցի մաքրությունը նույնպես զինվորների առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և վարակների տարածումը սահմանափակելու պայման է: Այդ իսկ պատճառով մենք մեծ ուշադրություն ենք դարձնում, որ զինվորների անկողինը, հագուստը մաքուր լինեն, եղունգները կտրված լինեն, զինվորները ժամանակին լողանան, սնվեն մաքուր սպասքով…

-Վերջին շրջանում ծնողները առավել հաճախ են խոսում այն մասին, որ իրենց զինվոր որդիները խնդրում են հիգիենիկ պարագաներ բերել զորամաս` օճառ, ատամի մածուկ, ատամի խոզանակ: Հնարավոր չէ՞ հիգիենիկ այնպիսի պարագաներ գնել, որ զինվորը կարողանա օգտագործել, ոչ թե տնից բերել տա:

-Գիտեք, մեկը սովոր է այս ատամի մածուկին, մյուսը` մեկ այլ: Որոշում է կայացվել զինվորին հնարավորություն տալ, որ ինքը գնի իրեն անհրաժեշտ հիգիենայի պարագաները:

-Ի՞նչ է նշանակում` հնարավորություն տալ:

-Գումարը ավելացնել զինվորին տրվող ամսեկան դրամական բավարարման գումարին:

-Իմ կարծիքով` ավելի ճիշտ կլինի բոլորի համար գնել միանման լավորակ մածուկ, օճառ և մնացած պարագաները, քան գումարը տալ զինվորներին:

Պարոն գնդապետ, ի՞նչ հաճախականությամբ է բուժզննման ենթարկվում ճաշարանում աշխատող անձնակազմը:

-Ձմռանը` երեք ամիսը մեկ անգամ, ամռանը` ամեն ամիս: Իսկապես, այս խնդիրը շատ կարևոր է, որովհետև պետք է թույլ չտալ, որ ճաշարանի անձնակազմը դառնա վարակի տարածման աղբյուր: Պարբերաբար ստուգվում է նաև ջրի որակը, կատարվում է տարաներում հավաքված ջրի քլորացում:

-Պարո՛ն Խաչատրյան, կարծեմ թե այս ձմեռ ավելի հանգիստ անցկացրինք, մանավանդ եթե համեմատենք 2014-15-ի ձմռան հետ: Թոքաբորբի բռնկում չունեցանք:

-Այո՛, թոքաբորբի բռնկում չունեցանք, քանի որ շատ լավ էինք նախապատրաստվել ձմռանը: Նախ` ամբողջովին ապահովված էինք անհրաժեշտ դեղորայքով: Ամենաչնչին գանգատի դեպքում զինվորը մեկուսացվում էր` նվազեցնելով վարակի տարածումը և բուժումն սկսելով հիվանդության վաղ փուլում: Ակտիվ հայտնաբերման աշխատանքները ցանկալի արդյունք տվեցին:

-Բոլոր բուժկետերը ունե՞ն մեկուսարաններ:

-Բոլոր բուժկետերն էլ նորոգված են, բարեկարգ և ունեն մեկուսարաններ:

-Ո՞ր հիվանդություններն են առավել տարածված զինվորների շրջանում:

-Շնչառական ուղիների հիվանդությունները, անգինաները: Կազմակերպվել են խրոնիկ տոնզիլիտների պլանային վիրահատություններ, որն իր դրական արդյունքն է տվել:

-Այդ դեպքում ավելի լավ չի՞ լինի, որ զինվորների նշիկները հեռացվեն նախազորակոչային տարիքում:

-Իհարկե, ավելի լավ կլինի: Կան մի շարք հիվանդություններ, որոնք կարելի է բուժել նախքան զորակոչվելը: Այս խնդիրը քննարկվում է, որոնվում են իրագործման ամենաարդյունավետ ձևերը:

-Պարոն Խաչատրյան, զինվորական բժիշկների շրջանում տարածված խոսք կա` եթե զինվորը ողջ հասավ հոսպիտալ, պիտի չմահանա: Իսկ ի՞նչ է արվում, որ զինվորը ողջ հասնի հոսպիտալ: Առաջին բուժօգնության ճիշտ և օպերատիվ կազմակերպումը կարող է փրկել զինվորի կյանքը: Բժիշկներն այդ ժամանակահատվածը կոչում են «ոսկի րոպեներ»:

-Այսօր զինվորական բժիշկների աշխատանքը ավելի օպերատիվ եւ արհեստավարժ է, ավելի մեծ սրտացավությամբ են վերաբերվում հիվանդին, զորամասերը համալրված են բանիմաց եւ հմուտ մասնագետներով: Հոսպիտալները զորամասային բուժօղակի կողքին են եւ մեծ օգնություն են ցուցաբերում: Նաեւ ուզում եմ նշել, որ առաջնագծի զորամասերին հատկացրել ենք արյան, մեզի ախտորոշիչ սարքեր և տարբեր բժշկական միջոցներ, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին բացահայտել հիվանդությունները և կանխել հնարավոր զարգացումները…

-Որպեսզի ավելի հազվադեպ ապավինենք «ոսկի րոպեներին»՝ սա հասկանալի է: Բայց ես խոսում եմ հրազենային վիրավորումների, պատահարների մասին, երբ առաջին մի քանի րոպեն էական նշանակություն ունի: Մահվան մեկ դեպք ունեցանք անցած 6 ամիսների ընթացքում: Զինվորը խրամատում մահացավ սրտամկանի ինֆարկտից…

-Ես քիչ հետո կխոսեմ առաջնագծում բուժօգնության կազմակերպման մասին, բայց սրտամկանի ինֆարկտից զինվորի մահվան դեպքը դրա հետ կապ չունի, որովհետև զինվորը մահացավ վայրկյանների ընթացքում:

-Գուցե կարելի էր կանխատեսե՞լ, եթե բուժզննում իրականացվեր նախապես:

-Տղայի սիրտը բոլորովին առողջ էր, սրտագրությունը դա էր ապացուցում: Զինվորը բարձր տրամադրությամբ ընկերների հետ բարձրացել է դիրքեր, երբեք չի գանգատվել սրտից: Ինչ վերաբերում է առաջին օգնությանը, ապա սա, իրոք, շատ կարևոր խնդիր է: Ժամանակին և ճիշտ էվակուացիան կարող է էապես փոխել հիվանդի բուժման ընթացքը…

-Ինչպես դա եղավ մենինգոկոկցեմիայով հիվանդ մեր երկու զինվորների պարագայում: Եթե նախկինում մենք մենինգոկոկցեմիայով հիվանդ զինվորներին կորցնում էինք` արդարանալով, որ այդ հիվանդությունը գրեթե 100 տոկոսով մահ է գուժում, ապա այսօր օպերատիվությունը հնարավորություն տվեց փրկել զինվորների կյանքը, նրանք այսօր բոլորովին առողջ են:

-Այո՛, սանավիացիայի օգտագործումը բերել է բուժսպասարկման նոր որակ: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ջանքերով` առաջնագիծը համալրվում է Միացյալ Նահանգներից բերված վերակենդանացման մեքենաներով:

-Միացյալ Նահանգների մասնագետները Հայաստանում են ու վերապատրաստում են մեր սանհրահանգիչներին: Սանհրահանգիչների ինստիտուտը արդարացնու՞մ է իրեն: Եվ ո՞րն է նրա դերն ու կարևորությունը:

-Սանհրահանգիչը անընդմեջ զինվորի կողքին է: Նրա խնդիրը առաջին բուժօգնություն ցույց տալն ու զինվորին բուժկետ հասցնելն է, որից հետո իրենց գործը անում են բժիշկները: Սանհրահանգիչները մեր վերապատրաստված զինվորներն ու պայմանագրային զինծառայողներն են, որոնք մեծամասամբ ունեն միջին մասնագիտական բժշկական կրթություն:

-Պարոն Խաչատրյան, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ զորամասերում պատշաճ մակարդակով չի պահպանվում սահմանափակումներ ունեցող զինվորների ծառայության կարգը: Պարզ ասած, սահմանափակումները երբեմն չեն կիրառվում կամ կիրառվում են մասամբ:

-Չեմ բացառում, որ ինչ-որ փոքրիկ վրիպումներ լինեն, բայց անհնար է, որ առողջությանը վնասելու աստիճան ծանրաբեռնեն զինվորներին` անտեսելով սահմանափակումները: Եթե դուք գիտեք նման դեպք, պիտի խնդրեմ, որ ավելի մանրամասն տվյալներ հաղորդեք, որպեսզի կարողանանք խնդիրը լուծել:

-Իսկ սահմանափակումները հստա՞կ են, չկա՞ն սողանցքներ, որոնք հնարավորություն կտան «մանևրելու»:

-Ո՛չ, ամեն ինչ շատ հստակ գրված է, թե առողջական խնդիրներ ունեցող զինվորը քանի մետր կարող է վազել, որքան բեռով և այլն: Սահմանափակումները տարբեր են: Եթե մի զինվոր պետք է ընդհանրապես զորամասում ծառայի, մյուսը կարող է նույնիսկ մարտական հերթապահություն կատարել:

-Մենք չենք մոռացել օգոստոսյան դեպքերը, երբ հակառակորդը պատերազմական իրավիճակ էր ստեղծել առաջնագծում, ու զինվորական բժիշկների անձնուրաց աշխատանքը տասնյակ զինվորների կյանքեր փրկեց:

-Մենք իրականացրեցինք տեղում բժշկական օգնություն ցույց տալու պրակտիկան, հենց դիրքերում վիրավոր զինվորներին արհեստական շնչառության ապարատ էինք միացնում, կիրառում էինք ուղղաթիռային անվասայլակներ, որը ուղղաթիռը դարձնում է ռեանոմոբիլ:

-Ինտերնետում տեղեկություն է պտտվում, իբր Ալիևը հրահանգել է քաղաքացիական հիվանդանոցներին պատրաստվել պատերազմի:

-Նո՞ր են պատրաստվելու: Մեր և՛ ռազմական բուժհաստատությունները, և՛ քաղաքացիական բուժհիմնարկները վաղուց են պատրաստ ցանկացած պահի ընդունել մարտահրավերները և պատերազմի մեջ մտնել:

-Պարոն գնդապետ, շնորհակալ եմ զրույցի համար:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ