Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ
ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ

Կարգապահական վաշտերի օրվա խստացված կարգացուցակի կիրառականությունը կարգազանց զինծառայողներին հնարավորություն է տալիս վերանայելու իրենց վերաբերմունքը համածառայակիցների եւ հրամկազմի, ինչպես նաեւ ընդհանրապես զինվորական ծառայության կարգի նկատմամբ:

Զինվորական ծառայության անվտանգության ապահովմանը միտված՝ արտակարգ դեպքերի ու պատահարների նվազեցման բազմաթիվ միջոցառումների շարքում իրենց կարևորագույն դերն ու նշանակությունը ունեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքում կայազորային սկզբունքով գործող կարգապահական վաշտերը, որտեղ ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 23, 24, 27 և 28 հոդվածների համաձայն՝ 10 օրից մինչև մեկ ամիս ժամկետով կարգապահական տույժ են կրում դիտավորությամբ մեկից ավելի կարգապահական խախտում թույլ տված շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողները:

Ինչպե՞ս է կազմակերպվում մարտական պատրաստությունը և ինչպե՞ս է կիրառվում օրվա կարգացուցակը կարգապահական վաշտերում. ներկայացնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հովհաննես Պետրոսյանը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կարգապահական վաշտերի մարտական պատրաստությունը խաղաղ պայմաններում զինծառայողների առօրյա գործունեության հիմնական բաղկացուցիչ մասն է, այն կազմակերպվում է «Կայազորային կարգապահական վաշտերի գործունեության մասին», «Կարգապահական վաշտերի ցանկը և օրվա խստացված կարգացուցակը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանների, համազորային և մարտական կանոնադրությունների, ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի ու նրա տեղակալների հրամանների և դիրեկտիվների, մարտական պատրաստության կազմակերպման ցուցումների, մեթոդական ձեռնարկների հիման վրա:

Ուսուցման նպատակը կարգապահական վաշտերի փոփոխական անձնակազմը բարդ իրավիճակում համազորային մարտի նախապատրաստելն է, դժվարին խնդիրներ լուծելու կարողություններով օժտելը, ինչպես և բարոյակամային բարձր որակներով դաստիարակելն ու մարտական ոգի ներշնչելը: Առանձնապես մեծ ուշադրություն է դարձվում ֆիզպատրաստություն և շարային պատրաստություն առարկաներին, որոնք այստեղ ավելի ծանրաբեռնված են անցկացվում, քան այլ զորամասերում: Ֆիզպատրաստության, շարային պատրաստության դասընթացները կազմակերպվում են հաշվի առնելով զինծառայողների անհատական առողջական տվյալները, ինչպես նաև եղանակային պայմանները: Կարգապահական վաշտերի մարտական պատրաստության ծրագիրը մշակված է ուսումնական տարվա 12 ամիսների համար: Պարապմունքների առարկաներն ու թեմաներն ընտրված են «Մոտոհրաձգային, հրաձգային և տանկային զորամասերի մարտական պատրաստության ծրագրերից»:

Զինված ուժերում գործող կարգապահական վաշտերում կարևորագույն խնդիր է համարվում օրվա խստացված կարգացուցակի կատարումը. պարապմունքները անցկացվում են օրական 9 դասաժամ, յուրաքանչյուրը՝ 50 րոպե տևողությամբ: 4 ժամ տրամադրվում է ֆիզպատրաստությանը, 2 ժամ՝ համազորային կանոնադրությունների ուսուցանմանը, 2 ժամ՝ շարային պատրաստությանը, և 1 ժամ՝ հասարակական պետական պատրաստություն առարկային: Պարապմունքներն անցկացվում են շաբաթը 6 օր` երկուշաբթիից-շաբաթ: Հանգստյան և տոն օրերի միջոցառումներն անցկացվում են վաշտի հրամանատարի առանձին պլանով:

Դասընթացների անմիջական կազմակերպիչը վաշտի հրամանատարն է: Դասակի հրամանատարները, ըստ դասացուցակի, անցկացնում են պարապմունքը և հետևում թեմայի յուրացմանը: Ջոկի հրամանատարներն անցկացնում են շարային և ֆիզպատրաստության դասընթացները:

Դասընթացներից զատ իրականացվում են նաև պրոֆիլակտիկ-դաստիարակչական, կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ՝ փողոցային արատավոր բարքերն ու անպատիվ սովորույթները, միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը և այլ բացասական երևույթներ բացառելու համար: Ուսուցանման ու դաստիարակչական գործընթացն իրականացնելիս հաշվի են առնվում յուրաքանչյուր զինծառայողի անհատական առանձնահատկությունները` խառնվածքը, ընտանեկան, սոցիալական և բարոյահոգեբանական վիճակը: Համատեղ քննարկման միջոցով իրավական գնահատական է տրվում իրենց իսկ կատարած խախտմանը` հետագայում նմանատիպ խախտումներից խուսափելու նպատակով: Օրվա արդյունքների ամփոփման ժամանակ վերլուծվում է յուրաքանչյուր զինծառայողի վարքը՝ ինչպես է պահպանել ներքին կարգն ու կանոնը, ինչպես է վերաբերվել համածառայակիցներին և հրամկազմին, ինչպիսին է նրա՝ պարապմունքների մասնակցության ցուցանիշը:

Կարգապահական վաշտերում օրվա խստացված կարգացուցակով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացվում են հարգելով զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը, իրավունքները:

Ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատը ամառային և ձմեռային ուսումնական փուլերի ընթացքում ակտիվ տեսագործնական օգնություն է ցուցաբերում կարգապահական վաշտերի անձնակազմերին՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրանց մարտական պատրաստության հնարավորությունների կատարելագործման, ինչպես նաև փոփոխվող անձնակազմի հետ տարվող աշխատանքների բարոյահոգեբանական կայուն իրավիճակների պահպանման խնդիրներին:

Անձնակազմի անվտանգության ապահովումը դրված է կարգապահական վաշտի ուսերին. զինծառայողները մշտապես գտնվում են դասակի և ջոկի հրամանատարների հսկողության տակ, պարբերաբար ստանում են համապատասխան հրահանգավորումներ անվտանգության կանոնների վերաբերյալ:

Անվտանգության ապահովման նկատառումներով կարգապահական վաշտերի անձնակազմերն իրականացնում են մի շարք գործառութային միջոցառումներ, մասնավորապես՝ կարգապահական վաշտում զինծառայողները ենթարկվում են մանրակրկիտ բուժզննության: Մարմնի վրա դաջվածքների, քերծվածքների, կապտուկների և այլ վնասվածքների առկայության դեպքում սահմանված կարգով կազմվում է համապատասխան արձանագրություն:

Միաժամանակ ամեն օր իրականացվում է անձնակազմի ամբուլատոր բուժզննում: Առողջական խնդիրների առկայության դեպքում զինծառայողներն ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Անցանկալի հետևանքներից զերծ մնալու համար կարգապահական վաշտի անձնակազմը ենթարկվում է նաև ամենօրյա անձնական իրերի զննման. կտրող, ծակող և այլ արգելված իրերի ու առարկաների հայտնաբերման դեպքին տրվում է համապատասխան ընթացք:

Կարգապահական վաշտերի օրվա խստացված կարգացուցակի կիրառականությունը, ի տարբերություն ՀՀ ԶՈՒ զորամասերի օրվա կարգացուցակի, հնարավորություն է տալիս կարգազանց զինծառայողներին վերանայելու իրենց վերաբերմունքը համածառայակիցների և հրամկազմի, ինչպես նաև ընդհանրապես զինվորական ծառայության կարգի նկատմամբ:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լեյտենանտ