Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԽՈՆ ԲԱՆԱԿ Է ԳՆՈՒՄ



Վերջին բուժզննումներն անցնելուց հետո Մեխակը գյուղ եկավ ու Անահիտ մայրիկին ցույց տվեց ծանուցագիրը: «Մամ, չորս օրից մեկնում եմ ծառայության, պապան որ զանգի, կասես»: Հայրը` Պետրոսը, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: «Կասեմ, տղա ջան,-ասաց Անահիտ մայրն ու ավելացրեց,- հայրդ արդեն գիտի ու հոգացել է բոլոր ծախսերը. պատվիրել է ուրախության սեղան բացենք, որ քեֆ-ուրախությամբ ճանապարհենք քեզ ծառայության: Այնպես որ՝ ընկերներիդ կանչիր, որ օգնության ձեռք մեկնեն»: Ու Մխոյի քեֆից չորս օր առաջ գալիս-գնում էին հարևանները, բարեկամները, ընկերները: Ու մինչև բանակի օրը Մխոյենց տնից բարձր-բարձր ողջ գյուղով մեկ տարածվում-լսվում էր երաժշտությունը: Հիմնականում հնչում էին հայրենասիրական երգեր` նվիրված մեր հին ու նոր ֆիդայիներին, ազատամարտիկներին:

Մխոյի Թագուհի քույրն ու կրտսեր եղբայրը` Վահագնը, հպարտանում են իրենց ծառայության մեկնող զինվոր եղբայրով: Նրանց հետ ուրախանում է նաև հարևանի փոքրիկ տղան` Կարապետը:

Կեսգիշերն անց դեռ լսվում էր երաժշտությունը, հետո գիշերվա մի պահի այն ընդհատվում էր ու նորից առավոտ վաղ գյուղն արթնանում էր խրոխտ, հայրենասիրական երգերից: «Մխոն բանակ է գնում,- մեկմեկու ժպիտով ասում էին գյուղացիները,- բարով գնա, բարով ծառայի ու հետ գա, Աստված իր հետ, թող մեր գյուղի, իր գերդաստանի պատիվը բարձր պահի»:

Ու Մխոյի քեֆի օրը ողջ գյուղը հավաքվել է նրանց հարկի տակ: Առաջինը սեղանին դրվում է մատաղացու գառան միսը ու ժողովուրդն ասում է. «Ընդունելի մատաղ լինի, Աստված մեր Մխոյին ու մեր բոլոր զավակներին պահապան»:

Եվ նորից թնդում է երգն ու պարը: Մխոյին գրկախառն պարում են Արման Սողոյանն ու Մարտիրոս Գալիկյանը: Նրանք երկուսն էլ նոր են վերադարձել ծառայությունից և շտապել են բանակ ճանապարհել իրենց ընկերոջը: Նրանք երեքով լուսանկարվում են. Մարտիրոսի ու Արմանի մեջտեղում Մխոն է:

Մարտիրոսը նաև ազգական է Մեխակին, եկել է Փոքր Վեդիից ծնողների` Սպարտակի ու Եվայի հետ, իսկ Արմանի Հովիկ հայրն ու Ռուզաննա մայրը ապրում են Ռուսաստանի Դաշնությունում: Արմանի Հակոբ հորեղբայրն է ընդունել Արմանին, քեֆ-ուրախություն արել ու հիմա համոզում է, որ չգնա օտար երկիր, իսկ գնալուց էլ անպայման նորից հետ գա:

…Ու այսպես ընկերներով շրջապատված` Մխոն պարում է, լսում է Արմանի ու Մարտիրոսի պատմությունները իրենց ծառայության մասին: Իսկ տղաների ծառայությունը անցել է Արցախի սահմանային տարբեր զորամասերում: Նրանց պատմություններում կա հերոսականություն, հայ զինվորին հատուկ վճռականություն, տղաների պատմություններից ոգևորված Մխոն ասում է. «Ես էլ եմ ուզում, որ իմ ծառայությունը անցնի Արցախում: Ծառայեմ այնպես, ինչպես Մարտիրոսն ու Արմանը, ինչպես մեր բոլոր զինվորները, որոնք կարճ ուսումնական շրջանում, այնպես են հմտանում, ծանոթանում զինվորական գործին, որ թշնամու հատուկ ջոկատայիններն անգամ չեն դիմանում նրանց հուժկու զարկին: Ես էլ եմ դառնալու այդպիսի զինվոր»:

Գնել ՇԱՂԱՓՅԱՆ

Խորագիր՝ #30 (1099) 6.08.2015 – 12.08.2015, Պատմության էջերից


06/08/2015