Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽՆԱԿԱ՛Ն, ԲԱՅՑ ԷԱԿԱ՛Ն ԳԻՏԵԼԻՔ



Նախնական զինվորական պատրաստություն առարկան եւ նրա դերը հայրենիքի պաշտպաններ կրթելու գործում

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դպրոցներում ուսուցանվում է 8-րդ դասարանից՝ հիմնական դպրոցներում՝ 8-րդ եւ 9-րդ, ավագ դպրոցներում՝ 10-րդ եւ 11-րդ դասարաններում: Այն մեծ դեր ունի ապագա զինվորի, հայրենիքի պաշտպանի կրթման ու դաստիարակման գործում: Առարկան ուսումնասիրելիս աշակերտները ստանում են զինված ուժերին ու ռազմական գործին վերաբերող նախնական գիտելիքներ, ինչը բանակ զորակոչվելիս էական նշանակություն կունենա ապագա ծառայության վայրում գործնական կիրառության համար:

Նախնական զինվորական պատրաստություն առարկան չափազանց կարևոր է ապագա զինվորներ, հայրենիքի պաշտպաններ կրթելու, դաստիարակելու գործում, ուստի մեկ դասաժամը բավարար չէ նրանց փոխանցելու ռազմական գործի այն սկզբնական հմտություններն ու գիտելիքները, որոնք նրանց ծառայության ժամանակ շատ են պետք գալու: Հավատացնում եմ` աշակերտները` տղա թե աղջիկ, անհամբեր, սրտատրոփ սպասում են, թե շաբաթվա այդ մեկ օրը երբ է գալու: Ասեմ, որ պատանիների շրջանում առարկայի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, և իմ ձեռքի տակ անհրաժեշտ ամեն բան կա առարկայի ուսուցանումը առավել հետաքրքիր դարձնելու համար: Խիստ կարևորում եմ զինղեկի զինվորական համազգեստով դպրոց մտնելը: Զինվորական համազգեստը պարտավորեցնող է և պատկառանք ու հարգանք է ներշնչում…

Առարկան ուսուցանելիս հիմնականում կարևորում եմ համազորային կանոնադրությունը. աշակերտների դաստիարակման առումով այն կարևոր եմ համարում, ինչպես նաև՝ շարային և կրակային պատրաստությունը՝ այս երեքը սերտորեն փոխկապակցված են: Տեսական դասերին զուգահեռ՝ ըստ ուսումնական պլանի, անցկացնում ենք 6 գործնական պարապմունք՝ շարային և կրակային, 3-ը մի կիսամյակում, մյուսում` հաջորդ 3-ը: Ասեմ նաև, որ մեր ռազմագիտության դասասենյակի կահավորվածության, անհրաժեշտ պարագաների առկայության ու ձեռքբերման գործում մեծ դերակատարում ունի դպրոցի տնօրեն տիկին Սոխակ Խոցանյանը: Ունենք 2 ինքնաձիգ, նռնականետ, հակագազ, առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներ:

Գագիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցի զինղեկ, կապիտան

Աշակերտները նախնական զինվորական պատրաստություն առարկայի ժամերին մեծ ոգևորությամբ են ներկա լինում եւ դասերի ընթացքում այնքան հարցեր են տալիս, որ, անկեղծ ասած, հոգնում եմ: Չափազանց հետաքրքրված են առարկայով: Անգամ հակագազերն են ոգևորությամբ հագնում. նրանց համար զինվորական աշխարհի հետ առնչվող ամեն բան հետաքրքիր է: Մեզ մնում է, որ ճիշտ հուն մղենք նրանց խանդավառությունը: Ամենակարևորը` աղջիկները տղաներից ոչնչով հետ չեն մնում: Օրինակ՝ Իսրայելյան Ասյան՝ իմ լավագույն աշակերտուհիներից մեկը, Պատանի երկրապահների ակումբում մասնակցում էր սերժանտական դասերի և վերջերս կրտսեր սերժանտի կոչում ստացավ: Տղաներից Ահարոնյան Լևոնը նույնպես սերժանտական դասընթացների է հաճախել ու սերժանտի կոչում ստացել:

Հատկապես վերջին տարիներին էականորեն փոխվել է վերաբերմունքը «Ռազմագիտություն» առարկայի հանդեպ և այլևս երկրորդական առարկա չէ: Դպրոցներում էլ բարձրացել է զինղեկի հեղինակությունը: Վերջին տարիներին անհամեմատ սկսեցին կարևորել ու արժևորվել մեր աշխատանքը: Այս ամենը նաև շնորհիվ նվիրված, իրենց գործը սիրող զինղեկների: Եթե մեր սաները դասից դուրս էլ մասնակցում են մրցումների, ուրեմն սիրում են ոչ միայն առարկան, այլև իրենց զինվորական ղեկավարին:

Լևոն ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վահան Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցի զինղեկ,
փոխգնդապետ

Պատրաստեց Նանե ՍԻՄՈՆՅԱՆԸ

Խորագիր՝ #30 (1099) 6.08.2015 – 12.08.2015, Բանակ և հասարակություն


06/08/2015