Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

10

…Շուտով էլ վարակվեցի զզվելի մի հիվանդությամբ՝ դեղնախտով և մեկ ամսից ավելի պառկեցի հիվանդանոցում։ Շրջապատված բժիշկների հսկողությամբ ու մորս անդուլ խնամքով, կարծում էի՝ գոնե հիմա հույզերս առժամանակ կմարեն, և որ հիվանդագին վիճակս մոռացնել կտա գեներալի աղջկան, մինչդեռ այս անգամ էլ ճիշտ հակառակը կատարվեց։

Հետճաշյա քնից արթնանալով՝ մահճակալիս մոտ աթոռակին նստած տեսա Մարիային, որ ինձ էր նայում կարեկցական, ճնշող հայացքով, և ես անասնական վախից ու ամոթից դաժանորեն գոռացի. «Մա՜մ, մա՛մ…», իսկ նա, իմ վայրենի ընդունելությունից ապշած, մի պահ ընկրկեց և քիչ մնաց մեջքի վրա շրխկար գետնին, բայց իսկույն էլ ակնթարթորեն ինքն իրեն հավաքեց և աշխարհի գաղտնիքները գիտցող մարդու հանգստությամբ ասաց. «Քեզ ի՞նչ եղավ, գոռում ես ոնց որ թոկից փախած արջի քոթոթ, պանի Ամալյան ինձ խնդրեց քո կողքին մնալ, մինչև ճաշարանից քեզ համար սառը կաթ կբերի։ Չէի՞ր սպասում…»։

– Ինչո՞ւ ես եկել…,– հարցրի դժկամորեն, քանի որ նա ինձ համար մշտական խաղի ու խորհրդավորության մարմնացում էր, ուստի ո՛չ հիմք ունեի ժխտելու աղջկա այցի թատերայնությունը և ո՛չ էլ հաստատելու նման վարմունքի անկեղծության հավակնելը. ինձ անվերջ տանջում էր մի գլուխկոտրուկ՝ ի՞նչ էր իրականում տեղի ունենում մեր միջև և տեղի՞ էր ունենում արդյոք։ Մտերմությո՞ւն էր, որ կողմերը դեռ չէին վավերացրել, կամ, որ ամենանվաստացուցիչն էր, գուցե նրան հայտնի էին դարձել իմ կյանքի պակասավոր, մութ կողմերը, և ամենահաս գեղեցկուհին սովորականի պես շտապել էր դրսևորել իր բարերար էությունը՝ որպես «գթության քույր», և որ ես նրա հոգածության հերթական «առարկան» էի պարզապես։ Ուրիշ ոչինչ: Բայց և չունենալով պարսավանքի լուրջ հիմքեր՝ հետո մտքումս ներողություն էի խնդրում սիրելի էակից այն բոլոր հանդիմանությունների ու հիվանդագին թվացումների համար, որոնք չնչահավատ բնավորությանս արդյունք էին։

–Ի՜նչ դմբոն ես, ինչպես չգայի, երբ աշխարհի ամենատխուր աչքերով տղան դասի չի գալիս,– նա իրեն պահում էր պարզ և հաճելի շաղակրատ էր։– Որ հիվանդանոցում ես, ինձ քույրդ ասաց (Մարիան, ինչպես և սիրտս էր վկայում, ինչպես վայել է գեներալի ինքնիշխան աղջկան, հետազոտել էր իմ ընտանեկան դրությունը). դե լա՜վ, մռութ մի արա, խոստովանում եմ՝ ես հետևել եմ քեզ այն օրից, երբ առաջին անգամ հանդիպեցինք գրապահոցում, որովհետև դեռ ոչ ոք ինձնից այդպես չի խուսափել, ինչպես որ դու էիր փախչում… Որովհետև ցանկանում էի հասկանալ քեզ՝ տխրությունդ, իմանալ՝ որտե՞ղ են ապրում տխուր մարդիկ՝ հատկապես քեզ նմանները, ուզում էի իմանալ՝ ինչպիսի՞ն է քո տունը, որի «ներսն ու դուրսը» անծանոթ էին ինձ։ Եվ երբ մի օր աննկատ հետևեցի քեզ ու տեսա, թե ինչպես ես թաղերից մեկում կռիվ տալիս երկու անտաշ խուժանի դեմ՝ այն էլ մեր դասարանի Մարգուշայի համար, որը ոչնչով ինձնից առավել չէր, սիրտս պայթեց վիրավորանքից… Հետո նույնիսկ երազում քեզ էի տեսնում՝ արնոտ կերպարանքդ… Եվ որոշեցի, ինչ գնով էլ լինի, հաշիվ պահանջել քեզնից՝ ինչո՞ւ ես խորշում… Եթե անգամ տհաճ է քեզ իմ ներկայությունը, միևնույն է, ասա՝ ինչի՛ համար… և դու այլևս ինձ չես տեսնի։

Գլուխս պտտվեց խոսքերի տարափից, ինչպես անկանոն կրակահերթից, որում վերջնագրի տեսքով վիրավոր ինքնասիրությունն էր բողոքի ձայն բարձրացնում, և այժմ իմ պատասխանից էր կախված՝ հաշտությո՞ւն կլինի, թե հավետ բաժանում։

– Մի՛ նեղանա, ինքս էլ չգիտեմ… ինչից է… այդպես…,– արդարացա մեղանչելու պես։

–Դե լավ, ներո՜ւմ եմ,– թողություն շնորհեց բավարարված գեղեցկուհին և անմիջապես էլ հրամանատարական առոգանությամբ բացականչեց։– Նե՛րս արի, Պրոխո՛ր Պետրովիչ,– չհասցրի շունչ քաշել, երբ նրա ձայնի վրա հիվանդասենյակ մտավ գեներալի վարորդը և առաջ անցնելով՝ պահարանիս դրեց նարինջներով լի տոպրակն ու իրենից գոհ ժպտաց, կարծես կատարել էր դարակազմիկ մի առաքելություն։– Ես նրան դրսում կանգնեցրի՝ վախենալով, թե չես կամենա տեսնել ինձ, իսկ նարինջները հայրիկն է ուղարկել, դու նրան դուր ես եկել, նա ասաց, որ դու «քաջ ես»։

Քիչ մնաց անսովորության ամոթից գետնի տակն անցնեի՝ ներքուստ, սակայն, պարծենալով երբևէ ինձ մատուցված բարձր պատվի համար, որ բերում էր Մարիան իր պայծառ ներկայությամբ, իր գեներալ հայրիկի ուղարկած նարինջներով, վարորդով ու փայլեցված սապոգների քրոմակաշու թանձր հոտով, ինչի մասին միայն երազել կարող էի։ «болшой спасиба»,– հոգաչափ շնորհակալ եղա իմ ծիծաղելի ռուսերենով, որ սկսել էի ջանադրաբար կատարելագործել։ Ես ինձ երջանիկ էի զգում, քանի դեռ մեջս չէր զարթնել քնած «սարդը»։

Հրաժեշտին, երբ վարորդն արդեն դուրս էր եկել հիվանդասենյակից, Մարիան անկաշկանդ նստեց մահճակալիս և անթարթ ու ձիգ նայելով ուղիղ աչքերիս մեջ՝ հեքիաթաձայն ասաց.

– Ես ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել այնպիսի թախծոտ, սքանչելի աչքեր, ինչպիսին քոնն են, որոնց փայլատակման խորքը նայելիս սիրտս զարկում է մի տարօրինակ, տառապեցնող ապրումից։ Եվ որքան երկար եմ նայում, այնքան ավելի եմ ուզում հավատալ, թե առաջ էլ, ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, ուրիշ մի կյանքում ճանաչել, հանդիպել եմ քեզ, և որ այդ հինավուրց հեքիաթը ես միշտ կրել եմ սրտիս մեջ ու երբեք էլ չեմ հրաժարվի իմ չքնաղ ցնորքից։ Ես երբեք էլ չեմ մոռանա քեզ, քո վարդագույն քաղաք Էրիվանը…։– Նա իր յուրաքանչյուր խոսքը ափսոսանքով էր համեմում, ինչն էլ ինձ հուզվելու նոր, իրական հիմքեր տվեց։

– Մեկնելո՞ւ ես,– հարցրի՝ հայացքս շրջելով, որպեսզի ցույց չտամ հուզմունքս։

– Հայրիկին տեղափոխում են ծառայության նոր վայր, այնպես որ՝ շուտով հրաժեշտ կտանք իրար։

Շուրջս անթափանց խավար տիրեց, թվաց` արեգակը գլորվեց-ցած ընկավ երկնակամարից. ականջներս տառապագին խշշոցով լցվեցին ճիշտ այնպես, ինչպես այն օրը, երբ մեր տան չարդախում առաջին ու վերջին անգամ տեսա հորս` տանիքի չորսուից կախ ընկած ապշահար դեմքը, որի վրա մեկընդմիշտ քարացել էր հոգեվարքի սոսկանքի մեջ իրեն հայտնված բազում ձախորդությունների միակ, գլխավոր պատճառը…, երբ ես հանկարծ զարհուրով զգացի, թե ոնց աներևույթ մի ձեռք թիկունքիս հետևը շրխկացրեց մի մեծ ու ծանր դուռ, որտեղով ես այլևս ել ու մուտ չէի անելու: Ես էլ երբեք հետ չշրջվեցի` ջանալով առանց հորս հիշատակն արատավորելու ձերբազատվել նրա ահագին, հուժկու ստվերից, որ ամենուր կրնկակոխ հետևում էր ինձ, հալածում ամեն քայլափոխի, ստիպում դառնալ դեմքով դեպի ինքը` հարկադրելով ներս գալ իր իսկ ձեռքով գոցված դիվական դռներից, որի դեմ մաքառում եմ մինչ օրս…Մի տարբերությամբ միայն. Մարիան իր հետևից բաց էր թողնում բոլոր մեծ ու փոքր, ծանոթ ու անծանոթ դռները, երբ հայտնում էր` «մի քանի օրից մեկնում եմ, այնպես որ շուտով հրաժեշտ կտանք իրար»:

Եթե հորս բացակայությունն ինձ զրկում էր մտքի թռիչքից, ապա Մարիան իր հեռանալով ինձ զերծ էր պահում ամեն տեսակ կապանք-փականքից` ձգելով ինձ արձակ ու անմատչելի հեռուների առաջ: Ասես ոչ թե բարևմնա էր անում, այլ խրախուսում, դրդում էր խելահեղ ու համարձակ քայլերի. «Թե ունակ ես, հասիր ինձ, գտիր ինձ…»,- կարդում էի նրա հրայրքոտ շարժուձևի ծալքերում, որն ինձ մահու չափ խելքահան էր անում:

-Թույլ կտա՞ս անկեղծանալ քեզ հետ,- հարցրեց թախծալի, թովիչ շնչով,-ուզում եմ իմ ամենանվիրական գաղտնիքներից մեկը բացել քո առաջ, թե որ դեմ չես լինի:

Մարմնովս մեկ հաճույքի դող անցավ անիմանալի հուզմունքից: Լեզուս չորացել էր բերանիս մեջ, կպել քիմքիս: Եվ նա, նրբանկատորեն շրջանցելով իմ կարկամ վիճակը, առաջատարությունն իր ձեռքը վերցրեց` չսպասելով հավանության նշանի:

Շարունակելի

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #29 (1098) 30.07.2015 – 5.08.2015, Հոգևոր-մշակութային


30/07/2015