Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԾԱՆՐԱԿՇԻՌ ՎԱՍՏԱԿ
ԾԱՆՐԱԿՇԻՌ ՎԱՍՏԱԿ

Գեներալ-մայոր, քաղաքագիտության դոկտոր ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ դարձավ 70 տարեկան

1992 թվականի սկզբներին՝ հայոց բանակի կազմավորման առաջին իսկ օրերին, հետևում թողնելով կուսակցական, պետական աշխատանքի հարուստ փորձը, Հայկ Քոթանջյանը, առանց դույզն-ինչ վարանելու, զինվորագրվեց հայրենի բանակին։ Նորաստեղծ զինված ուժերին, զենք-զինամթերքից, կռվողներից բացի, գաղափարական հենք էր անհրաժեշտ։ Մեզ պարտադրված պատերազմից հաղթանակով դուրս գալու, գալիք մարտահրավերներին դիմակայելու գաղափարական նախադրյալներ ստեղծելու համար Քոթանջյանը ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության պաշտպանական-անվտանգային քաղաքականության ձևավորման դժվարին գործը: Գրեց «Հայաստանի Հանրապետության ռազմական քաղաքականության հիմունքներ, ազգային անվտանգության ռազմաքաղաքական տեսանկյուն» կոթողային աշխատանքը, հիմնադրեց «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը, ստեղծեց և մինչ օրս ղեկավարում է Դ. Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: Վերջինիս արտոնվեց նաև ազգային անվտանգության քաղաքականության ոլորտում գիտական աստիճաններ շնորհելու իրավունքով ունենալ ասպիրանտուրա և մասնագիտացված գիտական խորհուրդ։

Հայկ Քոթանջյանի տեսական-մեթոդաբանական և գիտական-կազմակերպչական գործունեության կարևորագույն աշխատանքներից է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի պատմության մեջ առաջին Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական գործընթացի ղեկավարումն ու հաջող իրագործումը։

Քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԴ ռազմագիտական ակադեմիայի իսկական անդամ, հակաահաբեկչության գծով փորձագետ (ԱՄՆ), ռազմական քաղաքականության և անվտանգության հարցերով ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի հիմնադիր-ատենապետ, ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի հիմնադիր… Ահա գեներալ Հայկ Քոթանջյանի աշխատանքային ձեռքբերումների ոչ լրիվ ցանկը:

Մաղթենք սիրելի գիտնական-գեներալին ամուր առողջություն, նորանոր ստեղծագործական հաջողություններ՝ ի փառս մեր հայրենիքի: