Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է…



Եվ զորակոչի առանձնահատկություններից մեկը` մեծ թիվ են կազմում բազմազավակ ընտանիքների որդիները

Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանին խնդրեցինք ամփոփել ամառային զորակոչի նախնական արդյունքները:

– Հուլիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում զորակոչվել է ընդհանուր թվի 50 տոկոսը: Զինկոմիսարիատների աշխատանքը գնահատում ենք բավարար, այս պահի դրությամբ խնդիրներ, թերացումներ չեն արձանագրվել: Նշեմ, որ ֆլյուրոգրաֆիկ հետազոտության ընթացքում 12 զորակոչիկի մոտ հայտնաբերվել են խնդիրներ: Ի դեպ, տվյալ հետազոտությունը կատարվում է միայն հանրապետական հավաքակայանում: Զորակոչիկներին ուղարկել ենք կենտրոնական հոսպիտալ, նրանցից վեցը բուժվում է, իսկ վեցն էլ անհրաժեշտ օգնություն է ստացել եւ զորակոչվել զինված ուժեր: Եթե առողջական խնդիրը լուրջ է, ներկայացնում ենք կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով, ապա, ըստ հարկի, տրվում է տարկետում:
Նման դեպք առայժմ չի գրանցվել:

15 օրերի ընթացքում արտերկրից զորակոչվել է 35 զորակոչիկ, իսկ հեռավոր արտասահմանից` Բելգիա, ԱՄՆ, Հունաստան, 7 զորակոչիկ:

Այս զորակոչի առանձնահատկությունն այն է, որ մեծ թիվ են կազմում բազմազավակ, այսինքն՝ 4 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներից զորակոչվողները. օրերս բանակ ճանապարհեցինք 7 եղբայր եւ 7 քույր ունեցող մի զորակոչիկի:

ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔԻՑ՝ ԲԱՆԱԿ

ԱՐԱՄ եւ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴՈՒՄՅԱՆՆԵՐ

-Վիճակը հանեց Արթուրը: Գոհ ենք արդյունքից. թեև, մեզ համար մեկ էր, թե որտեղ կծառայենք:
-Մեր ավագ եղբայրը արդեն ծառայում է, մենք էլ միանում ենք նրան: Հիմա բանակում միայն մեր ընտանիքից երեք զինվոր կա:
-Մենք ծառայությունից չենք վախենում, պատրաստ ենք ամեն դժվարության: Արթուրը սամբոյով է զբաղվում, 2014 թ. Հայաստանի առաջնության հաղթող է, գրավել է առաջին տեղը, Եվրոպայի մրցությունում 5-րդն էր:
-Ափսոս, աղջիկներին էլ չեն զորակոչում, քույր էլ ունենք:

ԱՐՄԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
«Ես երկու եղբայր եւ մեկ քույր ունեմ: Մեր ընտանիքի առաջին զինվորն եմ: Պետք է այնքան լավ ծառայեմ, որ Արկադին ու Սիմոնն էլ ինձնից օրինակ վերցնեն ու ոգեւորված գնան բանակ: Մինչեւ հավաքակայան գալս մտածում էի՝ ո՞վ պիտի իմ փոխարեն անասուններին արածեցնի, հողամասը մշակի, ծառերը էտի… Մտահոգվում էի, որ իմ բացակայությունը խիստ նկատելի կլինի: Բայց Արկադին խոստացավ՝ «Գլուխ կհանենք, չանհանգստանաս…»: Հանգիստ խղճով եմ գնում բանակ և շատ էլ ուրախ եմ: Վստահ եմ՝ լավ եմ ծառայելու»:

ԷԴՄՈՆ ՉՈԲԱՆՅԱՆ
«Մենք 7 երեխա ենք` Նարինեն, Կարինեն, Հերմինեն, Մացակը, Արկադին, Էդուարդն ու ես: Մենք մի բռունցքի պես ենք: Գիտենք՝ ինչպես իրար օգնել, կարողանում ենք իրար լսել, վստահել, մեր ունեցածից բաժին հանել միմյանց, մեր ընտանիքում իմ ու քո չկա, գիտենք կատակել, ուրախանալ, նաեւ՝ միասին տխրել: Իմ կարծիքով՝ բանակում ինձ նմանների համար հեշտ կլինի»:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #28 (1097) 23.07.2015 – 29.07.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/07/2015