Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2. ԼԻԴԵՐՈՒԹՅՈՒՆԸ`ՄԱՍՆԱԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՈՐԱԿ



Սկիզբը՝ նախորդ համարում

Հնարավոր չէ միայն հրամայելով հասնել հրամանի կատարմանը: Այստեղ կարող են առաջ գալ բազմազան խնդիրներ` հրամանը պարզապես կարող է անհասկանալի լինել զինվորին, և չի բացառված, որ ենթական կարող է միտումնավոր հրաժարվել հրամանի կատարումից:

Սպայի մասնագիտամանկավարժական իրազեկության բարձր մակարդակի մասին է վկայում նախ շարքայինների և ապա մյուս ենթակաների հետ նրա փոխհարաբերությունների արդյունավետ ընտրությունը:

Այս առումով ներկայումս առավել հեռանկարային և արդյունավետ է համոզման մեթոդի կիրառումը: Համոզիչ ազդեցության մոդելի հեղինակ Ա. Յու. Պանասյուկի խոսքերով. «Համոզող ազդեցությունը զինվորների վրա մյուս մեթոդներից տարբերվում է գիտակցականության, քննադատականության, սոցիալական անկախության և բարոյական չափանիշներով»: Համոզիչ ազդեցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ վերջինս գործուն է ղեկավարման այնպիսի իրադրության դեպքում, ինչպիսին է հրամանի կատարման անհրաժեշտությունը հրամանատարի և ենթակայի հայացքների, դիրքորոշումների, սկզբունքների հակադրության պայմաններում: Այս դեպքում պարտադիր չէ, որ ենթական հրաժարվի իր նախնական հայացքներից, այլ, որ նա ընդունի, ըմբռնի հրամանատարի հաղորդած տեղեկությունը, հրամանը, որը և իրականանում է երեք փուլով.

1. Ենթակայի կողմից հրամանում (հրահանգում և այլն) պարունակվող տեղեկության լիարժեք ընկալում: Այսինքն` սեփական սկզբունքների առկայությամբ, տվյալ տեղեկության արժեքավորության ձևավորումը ենթակայի գիտակցության մեջ:

2. Հրամանում (հրահանգում և այլն) պարունակվող տեղեկության ըմբռնում` իմաստի և նշանակության գիտակցում, որը ենթակայի գիտակցության մեջ ձեռք է բերում համոզմունքի արժեք:

3. Հրամանում (հրահանգում և այլն) պարունակվող տեղեկության ընդունում (արտաքին արժեքների ներքինացում), որը ենթադրում է ենթակայի կողմից դրա ընդունումը սեփական անձնային արժեքների համակարգ:

Այս ալգորիթմի իրականացման գործում, իհարկե, առաջնային նշանակություն է ձեռք բերում հրամանատարի` ենթակային որոշակի դրական դիրքորոշում փոխանցելու վարպետությունը:

Ակնհայտ է, որ համոզիչ ազդեցությունը կամ համոզման մեթոդը կարող է և պետք է դառնա զորքերում դաստիարակության իրականացման առաջատար ձևերից մեկը, որը նաև իր յուրահատուկ դերը կխաղա զինվորական կոլեկտիվում լիդերի` հրամանատարի հեղինակության ձևավորման և ամրապնդման համար:

Ա.Նալչաջյանի «Հոգեբանության հիմունքներ» գրքում ներկայացվում են լիդերին բնորոշ հատկությունների հետևյալ երեք խմբերը, որոնք վերը նշված մոտեցումների ընդհանրացումն են ներկայացնում.

ա) հատկություններ, որոնք էական են խմբային նպատակներին հասնելու համար` տարբեր իրադրություններում արագ և ճիշտ կողմնորոշվելու ընդունակություն, հարմարվողականություն, գիտելիքներ, զարգացած խոսք, բանականության բարձր մակարդակ,

բ) միջանձնային հմտություններ` համագործակցելու ընդունակություն, ուրիշի վիճակի մեջ մտնելու (համապրում-էմպատիա) կարողություն, հեղինակություն, համարձակություն, կամքի ուժ, պատասխանատվություն ստանձնելու ունակություն և այլն,

գ) լիդեր դառնալու ներքին մոտիվացիա` նախաձեռնողականություն, համառություն, հետևողականություն և այլն:

Սովորաբար մարդկանց մի նպատակի շուրջ համախմբելու համար կատարվում է դերաբաշխում, ինչի արդյունքում ի հայտ են գալիս մեկ կամ մի քանի անձ, ի դեմս որոնց մարդկանց խումբը տեսնում է ղեկավարման և որոշումներ ընդունելու իրավասություն ունեցողին:

Զինվորական ստորաբաժանումներում, որոնց սահմանադրորեն հաստատված նպատակն է հայրենիքի պաշտպանությունը, սպան ստորաբաժանման պաշտոնական լիդերն է: Նշանակում է` ի պաշտոնե նա է հանդիսանում իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանման ղեկավարը, քանի որ միանձնյա ղեկավարումը հրամանատարի սահմանադրորեն հաստատված իրավունքն ու պարտականությունն է:

Սակայն լինում են դեպքեր, երբ միայն պաշտոնական դիրքը բավարար չէ խմբի կողմից որպես լիդեր ընկալվելու համար: Որպես կանոն, այսպիսի հրամանատարը հետագայում բախվում է հակազդեցության բոլոր հնարավոր ձևերին` անբարեխիղճ ծառայություն, ձևական ենթարկվածություն, մինչև անգամ ակնհայտ անհնազանդություն:

Այս համատեքստում կարևորվում է ղեկավարի մի այլ կարևոր որակ ևս` հեղինակությունը, որը ենթակաների հետ հարաբերություններում կենտրոնական դեր է խաղում: Զինվորական անձնակազմներում լիդերը պաշտոնական անձ է, և վերջինս ինքը պետք է ստեղծի իր հեղինակությունը իրեն վստահված ենթակաների շրջանում:

Շարունակելի

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #28 (1097) 23.07.2015 – 29.07.2015, Սոցիալ-իրավական


23/07/2015