Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՄԱՀԻՑ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՎԱԽԵՑԵԼ»
«ՄԱՀԻՑ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՎԱԽԵՑԵԼ»

Հարցազրույց ՀՀ պատերազմի եվ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ գնդապետ ՊԵՏՐՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ

Ծնվել է 1923թ. Ալեքսանդրապոլ (Գյումրի) քաղաքում, արհեստավորի ընտանիքում: 1942թ. մեկնել է ռազմաճակատ: Մասնակցել է Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը: Հաղթանակը դիմավորել է Բեռլինում: 1946-51թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: 1959-72թթ. ակտիվ հետախուզական գործունեություն է ծավալել Լիբանանում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում` դիվանագիտական տարբեր աստիճաններով եւ ծածկերի տակ: Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նպաստել է «ոսկե կամրջի» ստեղծմանը եւ ամրապնդմանը: 1963թ. ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահի հրամանագրով պարգեւատրվել է ՊԱԿ բարձրագույն պարգեւով` «ՊԱԿ-ի պատվավոր աշխատակից» կրծքանշանով: 1973-77թթ. աշխատել է որպես սփյուռքահայության հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ: Եղել է Հայաստանի ՊԱԿ արտաքին հետախուզության բաժնի պետ: 1977-82թթ. աշխատել է որպես ՀԽՍՀ արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչության պետի տեղակալ: 1982-93թթ. զբաղեցրել է Հայաստանի ժուռնալիստների տան տնօրենի պաշտոնը: 1993-2003թթ. դասավանդել է ՀՀ ԱԱԾ բարձրագույն դասընթացներում` որպես ավագ դասախոս:

-Պարոն Պետրոսյան, 1949թ. Ձեզ` 23-ամյա երիտասարդին, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողին, աշխատանքի են հրավիրում Հայաստանի պետական անվտանգության նախարարություն: Ինչո՞ւ համաձայնեցիք:
-Պետական անվտանգության նախարարությունը հեղինակավոր կառույց էր, եւ նման առաջարկը պատվաբեր էր ցանկացած երիտասարդի համար: Բացի դրանից, ես սիրում էի զինվորական ծառայությունը, կարգուկանոնը, եւ այդ աշխատանքն իմ սրտով էր:
-Իսկ ինչո՞ւ նախարարությունն ընտրեց հենց Ձեզ: Ինչո՞վ էիք համապատասխանում նրանց չափանիշներին:
-Նախ` կազմակերպչական ունակություններ ունեի, որոնք դրսեւորվել են դեռ դպրոցական տարիներից: Երկրորդ` լավ էի սովորում: Երրորդ` արդեն պատերազմ էի անցել, երեք տարի կռվել, երեք անգամ վիրավորվել, պարգեւատրվել «Կարմիր աստղի» շքանշանով: Բանակից վերադարձել էի հասուն տղամարդ դարձած` կամային որակներ, ինքնավստահություն, մեծ կենսափորձ ձեռք բերած: Էլ չասած, որ ֆիզիկապես շատ լավ էի պատրաստված, դեռ պատերազմից առաջ` բարձր դասարաններում սովորելուն զուգահեռ, ֆիզկուլտուրա եմ դասավանդել: Այնպես որ՝ ամուր էի թե՛ հոգով, թե՛ մարմնով: Անվտանգության մարմիններում այդպիսի մարդիկ են պետք:
-Քանի՞ լրտես եք բացահայտել Ձեր կյանքում: Պատահե՞լ է, որ Ձեր ձեռքն ընկնի մի ամբողջ գործակալական ցանց, ասենք` հինգ հոգուց բաղկացած:
-Գիտեք, հակահետախուզության աշխատանքի արդյունավետությունը բացահայտված լրտեսների քանակով չէ, որ չափվում է: Դա ավելի շուտ կանխարգելիչ աշխատանք է. չպետք է թույլ տալ, որ հակառակորդի հետախուզությունը տեղեկատվության կարեւոր աղբյուրներ ստանա կամ հավաքագրի: Եթե այս խնդիրը հաջողվում է լուծել, ապա հակահետախուզությունը լավ է աշխատում: Բացի դրանից, լրտեսներ բացահայտվում են վերլուծական լուրջ, քրտնաջան աշխատանքի արդյունքում, ինչը կոլեկտիվ գործ է: Եւ հաճախ դժվար է լրտեսի բացահայտումը վերագրել կոնկրետ անձի: Իհարկե, երբեք բացառված չեն պատահականությունները, այլ կերպ ասած` բախտի գործոնը:
-Անվտանգության մարմիններում աշխատելիս Ձեր կյանքին վտանգ սպառնացե՞լ է, պատահե՞լ է, որ թշնամու գործակալն ուզենա Ձեզ սպանել: Ընդհանրապես, մահից երբեւէ չե՞ք վախեցել:
-Հայաստանում` ո՛չ, բայց արտասահմանյան գործուղումներիս ընթացքում եղել են իրավիճակներ, երբ կյանքիս վտանգ սպառնացել է: Սակայն մահից երբեք չեմ վախեցել: Իմ առաջին ու վերջին վախը զգացել եմ 1942թ. աշնանը, երբ կրտսեր լեյտենանտի կոչումով ավարտեցի հրետանային դպրոցն ու մեկնեցի ռազմաճակատ: Մեծ դժվարությամբ հաջողվեց գտնել գործող բանակի այն դաշտային շտաբը, որտեղ պետք է շարունակեի ծառայությունս որպես դասակի հրամանատար: Երբ վերջապես մի զինվորի ուղեկցությամբ անտառով գնում էի զորամիավորման շտաբի պետին ներկայանալու, ճանապարհին սկսեց աշխատել թշնամու հրետանին: Լսելով արկի սուլոցի մոտեցող ձայնը` ես անմիջապես պառկեցի գետնին: Ինձ ուղեկցող զինվորն ասաց. «Պարոն կրտսեր լեյտենանտ, այս արկը հեռու է գնում»: Մեկ շաբաթ հետո ես ինքս էի արդեն արկի ձայնից որոշում` որտեղ է պայթելու, եւ երբ է անհրաժեշտ թաքստոց մտնել:
– Միայն թե չասեք, որ Ձեր տեսած առաջին մահն էլ Ձեզ վրա չի ազդել:
-Անկասկած, կազդեր, եթե ժամանակ ունենայի դրա վրա կենտրոնանալու: 1943թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին էր, երբ Խորհրդային Միության զինված ուժերը անցել էին լայնածավալ հարձակման: Մեր 3-րդ ուկրաինական բանակը Դնեպր գետն արագորեն անցնելու հրաման էր ստացել: Դնեպրի մյուս ափին թշնամին անցել էր ուժեղ պաշտպանության եւ հուժկու կրակի տակ էր պահում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեին մոտենալ գետին: Եթե մարդկանց համար էր չափազանց դժվար գետն անցնելը, ապա ինչպե՞ս էինք մյուս ափ տեղափոխելու հրետանային մարտկոցները, ձիերը, ռազմամթերքը: Որոշվեց գետանցումն իրականացնել գիշերը: Մեկ օրում լաստեր պատրաստեցինք, որպեսզի հրանոթներն ու ռազմամթերքը դնենք դրանց վրա, իսկ ձիերին կապենք լաստերից: Արշալույսին գետանցումն սկսվեց… Գերմանացիները կատաղի կրակում էին, իսկ խորհրդային ամբողջ զորքը լողալով գետն էր անցնում: Սոսկալի մսաղաց էր: Իմ դասակի զինվորներից չորս-հինգ հոգի աչքիս առաջ զոհվեցին: Բայց մենք մտածում էինք միայն վայրկյան առաջ ափ հասնելու եւ ընթացքից հարձակվելու մասին: Մարդկային կյանքն այդ պահին ոչինչ էր, մեր գլխում միայն մի միտք էր` «Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի, առա՜ջ եւ միայն առա՜ջ»…
-Իսկ հետո՞:
-Հետո արդեն շատ անգամներ առիթ ունեցա մահվան աչքերին դեմառդեմ նայելու: Մեր հակատանկային կործանիչ դիվիզիոնը հաճախ ճակատամարտի մեջ էր մտնում առաջինը` հետեւակից էլ առաջ, որպեսզի ոչնչացներ թշնամու տանկերը:
-Անկասկած, ինքնատիրապետելու մեծ կարողություն է պետք` հռնդյունով դեպի քեզ շարժվող երկաթե հսկայի առջեւից փախչելու փոխարեն սառնասրտորեն նշան բռնելու եւ ձգանը սեղմելու համար:
-Միգուցե: Բայց ամենակարեւորը երեւի այն էր, որ մենք գիտեինք, որ դա մահու եւ կենաց պատերազմ է, եւ մենք հաղթելու ենք: Հասկանո՞ւմ եք, մեր հավատը շատ մեծ էր, մենք չէինք էլ մտածում, որ կարող է պարտվենք, որովհետեւ պարտությունը հավասարազոր էր ոչնչացման, չգոյության: Մենք հաղթեցինք, որովհետեւ մեր հոգիներում հաղթանակը վաղուց արդեն մերն էր:
-Եւ միգուցե նաեւ այն պատճառով, որ դուք հավատում էիք սոցիալիստական հասարակության իդեալին, որն ամբողջ հոգով ուզում էիք իրականություն դարձնել:
-Այո՛, ես կոմունիստ էի: Ես հիմա էլ եմ համոզված, որ ծառայել ու նվիրվել եմ վեհ գաղափարների իրականացմանը ու չեմ ափսոսում դրա համար:
-Ուրեմն՝ Ձեզ համար պետք է որ առանձնահատուկ ցավոտ լիներ ԽՍՀՄ-ի փլուզումը: Դուք մտածե՞լ եք, թե ինչո՞ւ դա հնարավոր եղավ:
-Ինձ համար միանշանակ է, որ Խորհրդային Միությունը քանդվեց «վերեւից»:
-Եւ կայսրությունը ափսոսալով հանդերձ, երբ Ձեզ` 70-ամյա վետերանին, 1993թ. հրավիրեցին դասախոսելու Հայաստանի նորաստեղծ հանրապետության ԱԱԾ բարձրագույն դասընթացներում, Դուք անմիջապես համաձայնեցիք:
-Իսկ ինչո՞ւ եք զարմանում: Այո, ես չեմ թաքցնում, նյութական շարժառիթ էլ կար, ծանր տարիներ էին: Բայց, հավատացեք, գլխավոր շարժառիթը Հայաստանին ծառայելու ցանկությունն էր: Դրանք ծանր տարիներ էին ոչ միայն մեր երկրի, այլեւ ազգային անվտանգության ծառայության համար: Կենտրոնի հետ կապը խզվել էր, եւ Հայաստանը պետք է ինքնուրույն պատրաստեր սեփական կադրերը: Մի մոռացեք, խոսքը պետության անվտանգության ոլորտի մասին է: Հազվադեպ է պատահում, որ պետությունը զգա 70-ամյա ծերունու կարիքը, եւ ես չէի կարող կորցնել իմ ժողովրդին ծառայելու այդ բացառիկ հնարավորությունը:
-Իսկ Ձեր ներկայիս պաշտոնը ժողովրդին ծառայելու հնարավորություն ընձեռո՞ւմ է:
-Տարիքիս համեմատ` այո՛: Վետերանների կոմիտեի գլխավոր խնդիրը երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ զբաղվելն է, ինչը նույնպես ծառայություն է հայրենիքին, եթե կատարվում է բարեխղճորեն ու սիրով:
-Իսկ մեր վետերանը, սոցիալական խնդիրների բեռը ուսած, երիտասարդներին դաստիարակելու սիրտ ու կարողություն ունի՞:
-Սիրտ ունի, բայց կարողության հարցում վստահ չեմ: Այսօր Հայաստանում մնացել է Հայրենական պատերազմի 3000 վետերան, որոնցից ամենաերիտասարդը 85 տարեկան է: Նրանց արտոնությունները կրճատվել-հասցվել են նվազագույնի, բայց նույնիսկ այդ նվազագույն իրավունքները պաշտպանելու համար նրանք հաճախ ստիպված են լինում ամեն քայլափոխի պայքարել: Ինչո՞ւ պետք է ես զանգահարեմ քաղաքապետարանի համապատասխան վարչության պետին եւ նրան բողոքելուց հետո միայն 86 համարի երթուղու ավտոբուսի վարորդը վերադարձնի վետերանից ապօրինաբար խլած երթեւեկության մշտական տոմսը: Ինչո՞ւ պետք է ես դիմեմ պետավտոտեսչության պետին, որպեսզի նրա միջնորդությունից հետո միայն 90 տարեկան անշարժունակ վետերանի անմիջական ներկայությունը չպահանջելով ապահովագրեն վերջինիս «Զապորոժեց» ավտոմեքենան: Ինչո՞ւ պետք է բողոքեմ փոստային ծառայության պետին, որպեսզի գանձապահը դադարի վետերանի կենսաթոշակի 500 դրամն ապօրինաբար գանձելուց: Ինչո՞ւ պետք է հնարավորություն չունենամ հեռավոր շրջանից եկած վետերանին կոմիտեի կողմից 5 հազար դրամ օգնություն տալու: Ինչո՞ւ պետք է Հայաստանի բանկերի կառավարիչներին ու խոշոր ձեռնարկությունների ղեկավարներին հերթով նամակ գրեմ օգնության խնդրանքով ու ոչ մեկից պատասխան չստանամ: Եւ ո՞ւմ համար եմ խնդրում` մարդկանց, ովքեր իրենց կյանքն ու առողջությունն են տվել այսօրվա սերնդի համար: 4-5 տարի հետո գոնե նմուշի համար Հայրենական պատերազմի մի վետերան չի մնա, որ հրավիրեն Հաղթանակի օրվա հետ կապված միջոցառմանը: Վետերաններին այսօր է պետք օգնել, վաղը ուշ կլինի: Եթե ՀՀ նախագահի եւ ինչ-որ չափով էլ պաշտպանության նախարարության աջակցությունը չլիներ, ապա ես չգիտեմ, թե մեր կոմիտեն ինչպես էր գոյություն պահպանելու եւ գործունեություն ծավալելու:
Բայց նույնիսկ այս պայմաններում վետերանը հավատարիմ է իր առաքելությանը, մի կասկածեք: Այս կյանքում մեր բոլոր իղձերի իրականացումը կապված է երիտասարդության հետ, ու մենք պարտավոր ենք նրանց փոխանցել այսօր մեր ունեցած միակ բանը` փորձը, գիտելիքն ու պատգամը` սիրեք ձեր հայրենիքը, սիրեք գործով: Մնացյալն անցողիկ է:

Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
փոխգնդապետ