Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՎԱՐ



ԻՊ-ի հնարավոր սպառնալիքի հանդիման Հայաստանի հիմնական դաշնակիցն Իրանն է: Միասնական եւ հզոր Իրանը պատվար կարող է լինել ոչ միայն ԻՊ-ի՝ դեպի արեւելք զավթողականության դեմ, այլեւ դեպի հյուսիս՝ Հայաստան եւ Հարավային Կովկաս:

«Հայ զինվոր»-ը համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող «Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության՝ դեպի հարեւան տարածաշրջաններ հնարավոր առաջխաղացման եւ դրան խոչընդոտող հնարավոր գործոնների մասին զրուցել է Կովկաս-կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտի բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու ՎԱՀԵ ԲՈՅԱՋՅԱՆԻ հետ:

-Պարոն Բոյաջյան, ահաբեկչական «Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետություն» (ԻՍԻՊ կամ ԻՊ) կազմակերպությունը վտանգի աղբյուր է դարձել ոչ միայն Մերձավոր Արեւելքի երկրների, այլեւ, թերեւս, ամբողջ աշխարհի համար: Կազմակերպությանն անդամակցում են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ եվրոպացիներ: Դուք վերջերս Ձեր գիտական ուսումնասիրությունների շրջանակներում եղել եք Իրանում, մասնավորապես՝ Պակիստանի եւ Աֆղանստանի հետ սահմանակից շրջաններում: Ներգրավվա՞ծ են արդյոք մեր հարեւան երկրի քաղաքացիներն այս կազմակերպության մեջ:

-Նախեւառաջ ուզում եմ նշել, որ Իրանի քաղաքացիները (խոսքը սուննիադավանների մասին է, քանզի շիաների ներգրավվածությունն ըստ էության անհեթեթ է հնչում- Վ.Բ.) ընդհանուր առմամբ, ԻՊ-ի շարքերում ներգրավված չեն: Թեեւ, իհարկե, բացառված չէ, որ կարող են առանձին անհատներ լինել, որոնք այս կամ այն շարժառիթներով համակրում կամ նույնիսկ համագործակցում են ԻՊ-ի հետ: Բազմիցս համոզվել եմ, որ ԻՊ-ի մասին խոսելիս երկրամասի բնակիչներն իրենց վրդովմունքն են հայտնում այդ կազմակերպության վայրագ գործողությունների վերաբերյալ: Տեղին է նշել, որ անցյալ տարի հեղինակավոր սուննի հոգեւոր առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Մոուլավի Աբդոլհամիդը՝ Սիստան եւ Բալուչիստան նահանգի մայրաքաղաք Զահեդանի Մաքքի մզկիթի ղեկավարը, ֆեթվա (կրոնական հրովարտակ) հրապարակեց, որում կտրուկ քննադատության ենթարկեց ԻՊ-ը եւ բոլոր սուննիներին հորդորեց դատապարտել այն: Կրկնեմ, շեյխ-ուլ-իսլամի ազդեցությունը ոչ միայն Բալուչիստանում, այլեւ մի շարք այլ՝ սուննիաբնակ երկրամասերում բավական մեծ է: Մյուս կողմից, պաշտոնական Թեհրանը բավական արդյունավետ վերահսկողություն ունի սուննիաբնակ տարածքներում, ինչն էլ բացառում է ԻՊ-ի շոշափուկների տարածումը:

Իհարկե, կրկնում եմ, թերեւս գտնվեն անձինք, որոնք բացահայտ չաջակցելով ԻՊ-ին, այնուամենայնիվ գոհունակությամբ ընդունեն, որ այն պայքարում է Սիրիայում ոչ սուննի իսլամադավան խմբերի դեմ:

-Իսկ ինչո՞վ է բացատրվում նման դիրքորոշումը:

-Պատճառները կարելի է գտնել այն իրավիճակի շրջանակներում, որն ստեղծվել է Իրանի հարավ-արեւմուտքում՝ 2000-ականների սկզբին Ջունդոլլահ ահաբեկչական խմբավորման ի հայտ գալուց ի վեր: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեղական ներկայացուցչությունների դեմ իր ահաբեկչական գործունեության սկզբնական շրջանում այս խմբավորումն իր առաջ բավական հստակ նպատակ էր դրել՝ պաշտպանել Իրանի սուննի-բալուչ փոքրամասնության իրավունքները: Բայց արդեն 2007թ.-ից սկսած՝ մինչեւ 2010 թվականը, երբ ձերբակալվեց այդ կազմակերպության պարագլուխը, Ջունդոլլահի հռետորաբանությունը կտրուկ փոխվեց եւ ձեռք բերեց կրոնական պայքարի ավելի հստակ գծեր: Սա կարեւոր է, եթե հաշվի առնենք, որ այս խմբավորման անդամները հիմնականում թաքնվում էին հարեւան Պակիստանի Բալուչիստան նահանգում, որը նույնպես բնակեցված է ցեղակից բալուչներով: Այսօր ԻՊ-ի գործունեությունը հաստատուն քայլերով տարածվում է Աֆղանստանի եւ Պակիստանի վրա, այդ պատճառով էլ պետք է հաշվի առնել տեղի իրողությունները՝ հատկապես այդ երկրների այն հատվածներում, որտեղ անվտանգության ապահովման առումով բավական տագնապալի նշաններ են ի հայտ գալիս: Օրինակ՝ պակիստանյան Բալուչիստանը, որտեղ չեն դադարում տեղական հատուկ ծառայությունների ամենօրյա գործողություններն ընդդեմ բալուչ ապստամբների, առաջին հայացքից կարող է որպես պարարտ հող ընկալվել ԻՊ-ի գաղափարների տարածման համար: Պակիստանյան ԶԼՄ-ներում վերջին շրջանում տարատեսակ հրապարակումներ են հանդիպում, որոնցում բալուչական, ավելի ճիշտ՝ բալուչիստանյան գործոնը ներկայացվում է որպես ԻՊ-ի տեղական բջիջների կազմավորման հիմք:

-Ինչպիսի՞ն է Պակիստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում:

-Այս պահին դա ձեռնտու է Պակիստանի իշխանություններին, որոնք պատժիչ գործողություններ են իրականացնում Բալուչիստան նահանգում: Փենջափական վերնախավի եւ բալուչների միջեւ հակամարտության զուտ աշխարհիկ-քաղաքական տեսանկյունից բացի, Պակիստանում հնարավորություն է ստեղծվում օգտագործելու կրոնական խաղաքարտը, այս դեպքում՝ ծայրահեղական երանգավորմամբ. հակաբալուչական կենտրոնը մեղադրում է բալուչական կազմակերպություններին ծայրահեղականության եւ ԻՍԻՊ-ի գաղափարները տարածելու համար:

-Ինչպե՞ս է այդ կազմակերպությունն ընկալվում պակիստանյան բալուչների միջավայրում:

-Պակիստանյան Բալուչիստանում սուննիական ուղղվածության մի քանի կրոնական խմբավորումներ (որոնցում, ի դեպ, միայն բալուչներ չեն ներգրավված), անշուշտ, բացեիբաց աջակցում են ԻՊ-ին եւ նպաստում են դրա տեղական կառույցների ձեւավորմանը: Այստեղ, սակայն, խոսքը տարածաշրջանում ԻՊ-ի լայնածավալ զավթողականության մասին չէ: Կարեւոր է նշել խնդրի որոշ առանձնահատկություններ. ԻՊ-ը՝ նրա գործունեությունն ու գաղափարները, աշխարհագրական չափման տեսանկյունից մեծապես գերազանցել են Թալիբան շարժմանը՝ նույնիսկ անկախ կառուցվածքային եւ ֆունկցիոնալ տարբերություններից: ԻՊ-ն ու Թալիբանը, իհարկե, միշտ էլ կարող են եւ գտել են համախոհներ պակիստանյան բալուչական միջավայրում, սակայն ո՛չ Թալիբան շարժումն իր ժամանակին, ո՛չ ԻՊ-ը այժմ չեն կարողացել իրենց շահերին ծառայեցնել սուննի բալուչների ներուժը: Անգամ թալիբների ակտիվության գագաթնակետին՝ այն ժամանակ, երբ թալիբների կարեւորագույն կենտրոններից մեկը գտնվում էր պակիստանյան Բալուչիստանի մայրաքաղաք Քվետայում, ոչ մի բալուչական քաղաքական կազմակերպություն՝ լինի Բալուչիստանի ազատագրության բանակը, Բալուչիստանի ազատագրության ճակատը եւ այլն, Թալիբանի հետ չէր համագործակցում: Դա բացատրվում է նրանով, որ բալուչական ազդեցիկ անջատողական կազմակերպությունների եւ քաղաքական խմբերի մեծ մասն իր բնույթով աշխարհիկ է եւ երբեւէ կրոնական կապերն իր պայքարում չի օգտագործել: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվում նաեւ ԻՊ-ի դեպքում:

-Իսկ Աֆղանստանում ԻՍԻՊ-ը աջակցություն գտնո՞ւմ է:

-Այստեղ պետք է հաշվի առնել այն իրողությունները, որոնք ձեւավորվել են այդ երկրի տարածքից կոալիցիոն զորքերի դուրսբերումից հետո, ինչը Թալիբան շարժման նշանակալի աշխուժացման պատճառ է դարձել: Հենց սրա հետ կապված՝ ԻՊ-ը սկսեց աստիճանաբար փնտրել եւ մեխանիզմներ գտնել դեպի Արեւելք տարածվելու համար: Խորասանի իմամաթի ստեղծման մասին հայտարարելով եւ պատմական «Խորասան» անվանումն օգտագործելով՝ ԻՊ-ն իր առաջ խնդիր դրեց՝ միասնական տարածքի մեջ միավորել Միջին Ասիայի արեւմտյան մասը, Իրանի արեւելքը, Աֆղանստանի եւ Պակիստանի արեւմտյան շրջանները՝ ներառյալ պակիստանյան Բալուչիստանը: Հատկանշական է, որ Ուզբեկստանի իսլամական շարժումը, որն աշխույժ գործունեություն է ծավալել Աֆղանստանի հյուսիսում, երկու ամիս առաջ հավատարմության երդում է տվել Իսլամական պետությանը՝ միաժամանակ տարանջատվելով Թալիբանից:

-Եվ եթե, ինչպես Դուք եք ասում, Միջին եւ Մերձավոր Արեւելքի ծայրահեղական տրամադրություններ ունեցող սուննիական խմբավորումները տոգորված են ԻՊ-ի գաղափարներով, ու այդ ալիքն արդեն հասնում է Կենտրոնական Ասիա, որքանո՞վ է հավանական, որ Իրանի սուննիական ծայրամասերը դրանից զերծ կմնան:

-Ինչպես փորձն է ցույց տալիս, ԻՊ-ը համեմատաբար հեշտ է տարածում իր շոշափուկները այն տեղերում, որտեղ կա՛մ անջատողական տրամադրություններ կան, կա՛մ որոնք վարակված են այս կամ այն պետության դեմ ուղղված ծայրահեղական կրոնական գաղափարներով: Լինում է նաեւ այնպես, որ երկու նշված գործոններն էլ միաժամանակ առկա են, ինչպես, օրինակ, պակիստանյան Բալուչիստանում: Իրանն այս առումով մեկուսացված է, հետեւաբար՝ պաշտպանված: Ինչպես արդեն ասացի, Իրանում թե՛ առաջին, թե՛ երկրորդ գործոնը բացակայում է: Ավելին՝ Իրանն այսօր փաստացի ԻՊ-ի՝ դեպի արեւելք տարածվելու ռազմավարական պլանները խոչընդոտող հիմնական գործոնն է: Իրանի աշխարհագրական դիրքը, ԻՊ-ի, այսպես ասած, «արեւմտյան» եւ «արեւելյան» հատվածների միջեւ հսկայական նշանակություն ունի տարածաշրջանում, քանի որ խոչընդոտում է ԻՊ-ի հսկողության տակ ամբողջական աշխարհագրական տարածքի ձեւավորմանը:

-Տպավորություն կա, թե Հայաստանում ԻՊ-ի սպառնալիքը վերացական, «ուրիշ աշխարհի» խնդիր է ընկալվում, որը մեզ չի կարող վերաբերել: Մինչդեռ ԻՊ-ն իր ավերածությունները գործում է բառացիորեն Հայաստանից մի քանի ժամվա հեռավորության վրա: Եվ եթե հաշվի առնենք, որ իրեն խալիֆաթ հռչակած ԻՊ-ը հավակնում է դառնալ Արաբական խալիֆաթի ժառանգորդը (որը նաեւ պատմական հայկական հողերն ու բուն ՀՀ տարածքն էր ընդգրկում), վտանգը բավականին իրական է: Ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի Հայաստանն այս հարցում:

-Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: ԻՊ-ի հնարավոր սպառնալիքի հանդիման Հայաստանի հիմնական դաշնակիցը Իրանն է: Միասնական եւ հզոր Իրանը պատվար կարող է հանդիսանալ ոչ միայն ԻՊ-ի՝ դեպի արեւելք առաջխաղացման դեմ, այլեւ դեպի հյուսիս՝ Հայաստան եւ Հարավային Կովկաս: Իրանի թուլացումը կամ հնարավոր մասնատումը անկանխատեսելի եւ Հայաստանի համար խիստ վտանգավոր հետեւանքներ կարող է առաջ բերել: Այնպես որ, պետք է շարունակ խորացնել Իրանի հետ դաշնակցային հարաբերությունները՝ նրան դիտարկելով որպես տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության հիմնական երաշխավորներից մեկը:

Զրուցեց Հակոբ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


18/06/2015