Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՊՀ ՌԱԶՄԱՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ՆԻՍՏ
ԱՊՀ ՌԱԶՄԱՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ՆԻՍՏ

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ղազախստանի զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունների պետերը մայիսի 19-ից 20-ը Երեւանում էին: Նրանք մասնակցեցին ԱՊՀ պետությունների ռազմատեղագրական ծառայությունների կոմիտեի նիստին, ամփոփեցին անցած տարվա համատեղ գործունեության արդյունքները եւ նախանշեցին հետագա անելիքները:

Համակարգող կոմիտեի նախագահ ընտրվեց Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Ալեքսանդր Զալիզնյուկը: Այնուհետեւ մասնակիցները ունկնդրեցին տեղաերկրաբաշխական միջոցների կատարելագործման, դրանց կիրառման եւ ԱՊՀ զինված ուժերում նավիգացիոն համակարգերի ներդրման մասին ելույթները, անդրադարձան ռազմական նշանակության միասնական գեոտեղեկատվական համակարգի մշակման աշխատանքներին:

Ինչպես նշեց գնդապետ Զալիզնյուկը, մարտական գործողությունների ժամանակ զինված ուժերի հաջողությունը մեծապես պայմանավորված է նաեւ տեղաերկրաբաշխական տեղեկատվության ապահովմամբ, ինչը նպաստում է մարտի արդյունավետությանը: Տեխնիկական և մարտական մի շարք նորամուծություններ թույլ են տալիս մանրակրկիտ ուսումնասիրել մարտական գործողությունների թատերաբեմը, մեծ ճշգրտությամբ հստակեցնել օբյեկտների կոորդինատները, ժամանակին թարմացնել տեղագրական քարտեզները` նվազեցնելով մարդկային եւ նյութական կորուստները. «Ռուսաստանի «Ալաբինո» զորավարժարանում մոտոհրաձգային ստորաբաժանման կազմում այժմ փորձարկվում է մարտավարական օղակի ղեկավարման միացյալ համակարգը, որը թույլ է տալիս ղեկավարման կետից հրամանատարի առջևի էկրանին փոխանցել հակառակորդի կոորդինատները: Ժամանակակից բանակը չի կարող գոյություն ունենալ առանց զորքի կառավարման ավտոմատիզացված համակարգի: Սա տեղեկատվությունը կարճ ժամանակահատվածում մշակելու եւ ռազմական քարտեզը րոպեական արտատպելու հնարավորություն է: Ռազմավարական օղակի ղեկավարման միացյալ համակարգը միավորում է մարտի բոլոր մասնակիցներին` մարդկանց, մեքենաները, զինամթերքը, իսկ այդ ամենը կառավարելը հնարավոր է դառնում մի կետից մի կոճակի օգնությամբ: Ստանալ համապատասխան պատկերը, կապ հաստատել շտաբի հետ, հրաման արձակել` այս ամենը վաշտի կամ գնդի հրամանատարը հնարավորություն կունենա անելու թվային ալիքների միջոցով»,-ներկայացրեց գնդապետ Զալիզնյուկը:

ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Գեւորգ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ձեռքբերումներ ունենք այս ոլորտում. «Մենք հետ չենք մնում: Փոքր ուժերով մեծ խնդիրներ ենք լուծում: Կառույցը համալրված է կադրային սպաներով, որոնք վերապատրաստվում կամ կրթություն են ստանում արտասահմանում: Ի դեպ, քննարկեցինք նաեւ կադրերի պատրաստման հարցը: Մեր զորքերը` մինչև վաշտի հրամանատար, ապահովված են տեղագրական քարտեզներով: Ներդրել ենք թվային տեխնոլոգիաներ, համալրված ենք ժամանակակից տեղագրական տեխնիկայով, արտադրում ենք թվային քարտեզներ և արդեն ներդրել ենք ԶՈՒ ավտոմատ կառավարման համակարգում, թարմացնում ենք քարտեզները՝ օգտագործելով տիեզերալուսանկարները»,- պարզաբանեց գնդապետ Մանուկյանը:

Նիստի մասնակիցները ստորագրեցին կոմիտեի որոշումները եւ համաձայնեցրին անելիքների հերթականությունն ու ժամանակացույցը:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ