Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻ՞ԹԵ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒ ԱՍԿՅԱՐ ԱՐԺԵ
ՄԻ՞ԹԵ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒ ԱՍԿՅԱՐ ԱՐԺԵ

Ստացվեց այնպես, որ Ստեփանակերտում լինելուս մեկ շաբաթվա ընթացքում կատարվեցին իրադարձություններ, որոնք կարող են արմատապես փոխել արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: Ես նկատի ունեմ ոչ թե ԱՄՆ ու Եվրոպայի բարձրաստիճան անձանց այցելությունները տարածաշրջան, այլ լկտի պահվածքը ադրբեջանցի ասկյարների, որոնք դիպուկահար կրակով սպանեցին ԼՂՀ պաշտպանության բանակի երեք մարտիկների:
Մեկուկես տարի առաջ ես զորացրվեցի ԼՂՀ ՊԲ շարքերից: Թվում էր, թե 18 տարվա ծառայությունը, այդ թվում 4 պատերազմական տարիները եւ երկու անգամ վիրավորվելը ինձ թույլ էին տալիս անել դա: Ժամանակն է, մտածում էի այն օրերին, փոքր-ինչ հանգստանալու: Այժմ ես համոզվեցի, որ իմ որոշումը սխալ էր: Պատերազմը չի ավարտվել, այն պարզապես, միգուցե, ժամանակավորապես այլ ձեւ է ստացել: Եւ ես` հայս, մարտական փորձ ունեցող սպաս, ոչ մի իրավունք չունեմ այդ պատերազմից խուսափելու: Ես դեռ ծեր չեմ, թշնամու դեմ մարտական գործողություններ վարելու բավական փորձ ունեմ: Ո՞վ, եթե ոչ ես: Թուրքը դարձյալ ատամներն է սրում հայրենիքիս դեմ, Ադրբեջանն ակտիվորեն զինվում է, դիպուկահարներին բերում առաջին գիծ, կրակում մեր տղերքի, իմ ընկերների վրա: Եւ նրանց այդ գործողությունները պետք է կասեցվեն: Կատաղած շներին սատկացնում են:
Ես քայլում էի Ստեփանակերտի եւ Մարտունիի փողոցներով, հանդիպում ծանոթներիս, մարտական ընկերներիս, նախկին զինվորներիս եւ… ամաչում: Ամաչում էի, երբ ինձ դիմում էին կոչումով կամ «հրամանատար» բառով: Ես ամաչում էի այն տղերքից` ծանոթ եւ անծանոթ, որոնք ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորի կամ սպայի համազգեստով հպարտ քայլում էին Արցախում: Միգուցե ես չափից ավելի կասկածամիտ եմ, բայց ինձ թվում էր, որ նրանցից յուրաքանչյուրը կշտամբում է ինձ. «Այդ ի՞նչ անհեթեթ շապիկ ես հագել, Արմեն: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ ես հագիցդ հանել աշխարհի ամենատղամարդկային հագուստը` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համազգեստը»:
Ամալյա մայրիկը, որը պատերազմում կորցրել է իր երկու որդիներին` իմ ընկերներ Աշոտին ու Արմենին, ինձ չէր կշտամբում, այլ միայն բարձրաձայն մտածում էր. «Եթե զինադադարի ընթացքում կատարված այս սպանություններին ի պատասխան մերոնք մի քանի տասնյակ թուրքի չոչնչացնեն, ես կհամարեմ, որ իմ որդիների վրեժը մնացել է չլուծված: Արցախի կողմն արձակված յուրաքանչյուր գնդակ իմ որդիների սրտին է ուղղված»: Նա բարձրաձայն խորհում էր, եւ նրա յուրաքանչյուր բառն արձագանքում էր իմ սրտում: Մայրիկի երեք թոռները ծառայում են ԼՂՀ ՊԲ-ում, նրանցից մեկն արդեն հրետանավոր մայոր է, իսկ ես, ասես թոշակառու, նրա հետ նստած ուրցով թեյ եմ խմում: Ներիր ինձ, Ամալյա մայրիկ, ներիր մեկ տարուց ավելի մեր Հայրենիքի սահմանից բացակայելուս համար: Ես դատարկապորտ չեմ եղել, պետքական եւ կարեւոր աշխատանք եմ արել, բայց այժմ, մայրիկ, ես վերադարձել եմ: Վերադարձել եմ, որպեսզի վրեժ լուծեմ մեր տղերքի զոհվելու համար, որոնցից յուրաքանչյուրին դու համարում ես քո որդին: Բայց մայրիկը նաեւ լավ նորություն ունի: «Թոռնուհիս` Հեղինեն, այս տարի ավարտում է բժշկական ուսումնարանը: Նա արդեն դիմում է գրել, ծառայելու է Բանակում: Աստված տա, որ աշխատանք քիչ ունենա, իսկ բոլոր վիրավոր զինվորները, որոնց կդիպչի Աշոտիս դստեր ձեռքը, կազդուրվեն»: Ես լուռ համբուրում եմ Ամալյա մայրիկի սուրբ ձեռքը… Վախենում եմ բառ արտաբերելուց, որպեսզի չհեկեկամ: Նրա, մեր մայրերի ու քույրերի համար զգացածս հպարտությունը, ասես վեհապանծ Մռավը, լցնում է հոգիս: Մի՛ վախեցիր, Ամալյա մայրիկ, խոստանում եմ քեզ, երդվում քո որդիների` իմ եղբայրների լույս հիշատակով. մենք կկատարենք քո ցանկությունը եւ արդեն մոտ օրերս իրենց տները կուղարկվեն ոչնչացված ագրեսորների ու մարդասպանների դիակները: Ներիր, մայրիկ, բայց նույնիսկ քեզ չեմ կարող ասել ավելին: Ես գիտեմ, որ դու միշտ հավատացել ես ինձ, հավատա նաեւ այս անգամ:
Ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ Մարտունիում մարդիկ ինձ տալիս էին նույն հարցը` «Ե՞րբ»: Ինչ էլ խոսեին, ինչ էլ ասեին, ամենուրեք այդ բառն էր հնչում նրանց շուրթերից` «ե՞րբ»: Թվում էր՝ ես` համահայկական մայրաքաղաքից եկածս, պետք է իմանամ այդ հարցի պատասխանը: Բայց պատերազմի` արդեն տարիքն առած հաշմանդամը վրդովված ասում էր ինձ. «Թերթում կարդացի, որ մերոնք որոշել են զոհված երեք հայ մարտիկների փոխարեն ոչնչացնել թշնամու վեց ասկյար: Նրանք, ինչ է, գժվե՞լ են: Այդ ի՞նչ խղճահարություն է թշնամու նկատմամբ: Ոչ թե վեց, այլ վաթսունվեց, վեց հարյուր, վեց միլիոն թուրք պետք է ոչնչացնել ու թաղել մեզ մոտ: Հենց մեզ մոտ: Նրանց մայրերը չպետք է հնարավորություն ունենան ողբալու իրենց վիժվածքներին: Այդ ցեղը պետք է արմատից ոչնչացնել»:
Իրավիճակը հիշեցնում է Տողի ազատագրման գործողությանը նախորդող օրերը: Այն ժամանակ բնակիչները մեզնից ուղղակի պահանջում էին կռվել: Նրանք չէին համբերում, որ Կոմանդոսը մշակի գործողությունը, իսկ հետախուզությունը հավաքի անհրաժեշտ տեղեկությունները: «Մեզ զենք տվեք եւ մի կողմ քաշվեք: Մենք ինքներս մեր հաշիվները կմաքրենք այդ կեղտի հետ»: Հաշիվը մաքրեցինք մենք: Գեղեցիկ, շնորհքով, առանց մեր կողմից նույնիսկ մեկ կորստի: Արդյունքում՝ կամավորականների շարքերն ընդգրկվեց ճիշտ այնքան մարդ, ինչքան զենք վերցրինք որպես ռազմավար:
Այսօր Արցախում կա այնքան զենք, ինչքան պետք է: Եւ ագրեսորի դեմ կռվելու, նրա ռեխը փակելու` մարդկանց ցանկությունն այսօր ավելի քիչ չէ, քան 1991թ. աշնանը, եթե ոչ` ավելին: Գնդապետ Ս., N զորամասի հրամանատար. «Ո՞վ ասաց, որ արցախյան հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Ես, օրինակ, կարծում եմ, որ լուծումը պետք է լինի հենց ռազմական: Ագրեսորը պետք է ոչնչացվի: Հրաման կլինի, եւ մենք կապացուցենք, որ ռազմական ճանապարհը ամենակարճն է` Ադրբեջանը նավթահորում թաղելու համար»:
– Բայց չէ՞ որ Ադրբեջանը լավ զինված է,- փորձում եմ «խոսեցնել» հին ընկերոջս: Գնդապետը միայն արհամարհական քմծիծաղ տվեց:
– Մենք գիտենք նրանց սպառազինության մեջ ընդգրկված համարյա յուրաքանչյուր փողի մասին: Մարտական գործողությունները սկսվելուց արդեն կես ժամ անց իմ զորամասի առաջ եղած ամբողջ տարածքը, ընդհուպ մինչեւ Աղջաբեդի, այրված անապատի վերածված կլինի:
Լարվածությունն իսկապես մեծ է: Մարտունիից Ստեփանակերտ տաքսու մեջ ուղեկիցս տարիքով գյուղացի է Ննգիից` Մուշեղը: «Որդիս, ես թուրքին լավ եմ ճանաչում: Նրան սսկվել կարելի է ստիպել միայն ուժով: Եվ նա կհամբուրի ոչ միայն քո ձեռքը, այլեւ… Նույնիսկ շնորհակալ կլինի, որ թույլ ես տվել անել դա: Մեր յուրաքանչյուր զինվորի սպանության համար պետք է հարյուրապատիկ վրեժ լուծել: Հայկական արտի յուրաքանչյուր քառակուսի մետրի հրդեհումը պետք է աղետի վերածվի ապօրինածին պետության համար: Իմ տղան ուզում էր Ռուսաստան գնալ աշխատելու, ես արգելեցի: Աշխարհի ամենալավ աշխատավարձը Հայ Զինվորի աշխատավարձն է»:
Արցախում գարուն է: Աննկարագրելի գեղեցկություն: Անտառների զմրուխտ կանաչ եւ պատռված ամպերով ծածկված լեռներ: Բայց դա ոչ ոք չի նկատում: Մարդիկ վրեժ են փափագում: Վրեժ, որին շատ քիչ է մնացել սպասելու:

Հ.Գ. Իմ թանկագին բարեկամներ, զինակիցներ ու համախոհներ: Ես մնում եմ Արցախում: Ես այստեղ ավելի եմ պետք: Հուսով եմ, որ ըմբռնումով կվերաբերվեք ու կողջունեք իմ քայլը: Եւ կարող եք շնորհավորել ինձ: Արդեն վաղը` մայիսի 2-ին, ես դարձյալ կհագնեմ հայ տղամարդու համար ամենաարժանավոր համազգեստը` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի սպայի համազգեստը:

ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ԼՂՀ Պաշտպանության բանակի կապիտան
www.voskanapat.info