Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՊԱՀԵՑԻՆՔ ԵՐԿԻՐԸ



Ես ջանում էի արդարացում գտնել՝ փորփրելով պատմության դասագրքերը, որովհետեւ պարտության բեռը ծանր էր ու ամոթալի։ Որովհետեւ անհնար էր ուղեղից քերել, անհնար էր ազատվել իրար հաջորդող հարցերի տարափից։ «Ինչո՞ւ չկարողացանք պաշտպանել ինքներս մեզ»։ «Ինչո՞ւ չկարողացանք փրկել թուրքի յաթաղանից մեր մանուկներին ու կանանց, ծերերին ու անզեն մարդկանց»։ «Ինչո՞ւ մորթվեցինք մատաղացու գառան պես՝ մեկ միլիոն ու կես։ Երկու միլիոն»։ «Ինչո՞ւ չպահեցինք երկիրը։ Ինչո՞ւ մեր հողերը տվեցինք թուրքին։ Մեր պապերի գերեզմանները, մեր օջախները, մեր սրբավայրերը»։ Ես չգիտեմ՝ 15 թվականին մենք գոնե բարոյական հաղթանակ ունեցա՞նք (պատմաբանները կիմանան)։ Բարոյական հաղթանակ ունեցա՞նք, երբ հայրենիքը աննվաճ պահելու փոխարեն, հայրենի հողը ոռոգեցինք մեր արյամբ, երբ Դեր Զորի անապատը դարձրինք անթաղ ու անշիրիմ մեռելների խորհրդանիշ-մահարձան։ Երբ 20-րդ դարի ամենամեծ ողբերգության զոհը դարձանք։ Արդարացո՞ւմ… իհարկե կա։ «Էրգրում տղամարդ չէր մնացել, ձագս, բանակ էին տարել, բոլոր տղամարդկանց տարել էին կռիվ, տանը մնացել էին կնիկ-մարդերը, հալիվորներն ու պստիկները։ Զենքերն առել-տարել էին, անզեն էին թողել մեզ։ Զենքերը այրմարդերի հետ պատերազմ էին գնացել՝ էրգիրը անպաշտպան ձգել գազանի երախը»։ Սա Դանիել պապն էր ասում։ Եղեռնը, գաղթը ու կոտորածը սեփական աչքերով տեսած, ամերիկյան որբատանը մեծացած ու տարիներ անց Հայաստան ներգաղթած սասունցի հայը։ «Թուրքիան նախապես մանրակրկիտ ծրագրել էր հայերի ցեղասպանությունը։ Տղամարդիկ զորակոչվեցին բանակ, վերացվեց հայ հոգեւոր ու քաղաքական վերնախավը։ Այնուհետեւ գրգռեցին մահմեդական բնակչությանը, որի վայրագություններին աջակցում էր թուրքական բանակը»,- սա արդեն պատմաբանի արդարացումն է։ Հետո նա պիտի շարունակի. «Պետք է նշել, որ այս պայմաններում մեր ժողովուրդը, ի տարբերություն հրեաների, կարողացել է ինքնապաշտպանություն իրականացնել։ Արեւմտյան Հայաստանում մեր հայրենակիցները կռվել են իրենց հողերի համար, անհավասար, օրհասական պայքար են մղել ու նահատակվել են հերոսաբար՝ հիշենք Վանի, Շապին-Գարահիսարի, Զեյթունի, Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերը…»։ Մի փոքրիկ, մատնաչափ սպեղանի մեր ահռելի վերքի վրա։ «Ձա՛գս, քո Անդոկ պապը խոնարհ աղջկա գերեզմանի մոտ 40 թուրք է մատաղ արել»։ Մի փոքրիկ-փոքրիկ սփոփանք՝ մեր միլիոնուկես զոհերի չսպիացող ցավի համար… Ու որքան էլ գթասիրտ լինես, որքան էլ խնայես նախնիներիդ, որքան էլ հարգես նրանց հիշատակը, Արարատին նայելիս չես կարող չասել՝ ինձ արդարացում պետք չէ, ինձ հայրենիք է պետք՝ իմ արեւմտյան հողերը։ Ու դրանից հետո ավելի լավ կհասկանաս ազատագրված Արցախի արժեքը։ Ուսյալ պատմաբանների խելոք մտքերի կարիքը չես ունենա, հոգու զգացողությամբ, սիրո նժարով կկշռես քո ազատագրված հայրենիքը։ Հայացքդ Արարատից դեպի Արցախ շրջելիս սեփական հողիդ ամեն մի թիզը նորովի կարժեւորվի, ու հաղթանակի խորհուրդը նորովի կիմաստավորվի քո սրտում։
…Մենք պահեցինք երկիրը։ Իմ եղբայրը, քո հայրը, մյուսի տղան, չորրորդի ամուսինը՝ մենք։ Պարտվելու դեպքում արդարացումների պակաս չէինք ունենալու։ Երկրաշարժը ավերել էր երկիրը։ Մարդիկ հարազատներ էին կորցրել, վշտահար էին ու կոտրված։ Հազարավոր մարդիկ մնացել էին անտուն ու անօթեւան։ Երկիրը տնտեսական ճգնաժամի ճիրանների մեջ էր, խանութները դատարկ էին, գործարանները չէին աշխատում, ուտելիք չկար, հագնելիք չկար, հոսանք չկար, տաքություն չկար։ Թուրքը՝ մեր ոխակալ պապենական թշնամին, ինչու պիտի չփորձեր (Արեւմտյան Հայաստանի համը բերանում) տորթի մի նոր պատառ պոկել դրկից հայերից, ինչո՞ւ պիտի բաց թողներ այդքան պատեհ պահը։ Ձեռագիրը նույնն էր։ Հենց սկզբից՝ ուժեղ հարված, հոգեբանական շեշտակի գրոհ՝ մեր աչքը վախեցնելու, 20-րդ դարասկզբի գիշատիչ, ահարկու թուրքի կերպարը հիշեցնելու, մեր արյան մեջ ննջող սարսափը արթնացնելու համար։ Ու ոթեց սումգայիթյան ոճիրը։ Անզեն, խաղաղ մարդկանց մորթելու համար մի առանձնակի քաջություն պետք չէ, մանավանդ՝ եթե նրանք թվաքանակով հազարապատիկ քիչ են։ Այդ դեպքում՝ բավական է միայն թուրք լինել, ու սեփական բնազդին ականջալուր՝ հարձակվել ոհմակով ու հոշոտել։ Այդպես էլ եղավ։ Ամեն ինչ հաշվարկված էր մանրակրկիտ։ Հայաստանը լցվեց Ադրբեջանից բռնագաղթվածների խմբերով, որոնք սարսափահար պատմում էին թուրքերի անօրինակ վայրագությունների մասին։
Բայց այս անգամ ցավը վախ չդարձավ, վիշտը սարսափ չծնեց, կորուստը չընկճեց մեզ, ծնկի չբերեց, այլ կոչեց արդար վրեժի, դարձավ քաջություն, ուժ, ինքնանվիրում ու հերոսացում։
«Ես համոզված էի, որ հաղթելու ենք»՝ այսպես են ասում բոլոր նրանք, ովքեր կամավոր մեկնել են ռազմաճակատ՝ պաշտպանելու Արցախի հողերը։ «Ինչո՞ւ,- հարցնում եմ,- ինչո՞ւ էիք համոզված, ի՞նչ երաշխիքներ կային հաղթելու համար»։ Պատասխան չկա։ Որովհետեւ ոչ մի երաշխիք էլ չկար՝ թերեւս հողը պահելու մեծ ցանկությունից, Արցախի ազատագրության համար կյանքը զոհաբերելու պատրաստակամությունից եւ վրեժի, ցավի, սիրո ու տղամարդկային խոցված արժանապատվության միահյուսումից ծնված անկասելի ուժից բացի։
Մենք պահեցինք երկիրը, որովհետեւ ազգովի երկրապահ դարձանք։ Չդարձանք, հենց այդպիսին էլ կայինք՝ երկրապահ։ Երկիր պահելու պատվախնդրությունն ու մեծ բարոյական ուժը մեր սրտի մեջ էին, մեր արյան, մեր գենի մեջ։ Արցախի համար միայն արցախցին չկռվեց։ Արցախը դարձավ արտաշատցու, լոռեցու, երեւանցու, վանաձորցու, սեւանցու երկիրը։ «Եթե 15 թվականին մենք բոլորս՝ ազգովի միանայինք պաշտպանելու Սասունը, Մուշը, Արդահանը, Բայազետը, Վանը… Եթե ազգովի ոտքի կանգնեինք…»՝ պատմաբանին եմ հարցնում։ Պատմագիտության դոկտորը ներողամիտ ժպտում է. «Հեշտ է հետին թվով մեղադրական կարդալ»։ Հետո ավելացնում է՝ եղածը եղած է։ «Եղա՞ծը»։ Վերջերս իմ զարմիկը գնաց Սասուն, գտավ իր պապի տունը։ Քրդերը բարի էին գտնվել, ներս էին թողել զարմիկիս, թողել էին, որ մտնի իր պապի կառուցած տունը, պտտվի իր պապի սարքած օթախներում, շոշափի պատերը։
Մոնթեն ասում էր. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»։ Ոչ առաջին ազգն ենք, ոչ էլ վերջինը կլինենք։ Պատմության թատերաբեմից կուլիսներ նետված կամ ընդհանրապես պատմություն ու հիշողություն դարձած քանի ազգեր են իրենց դառը ճակատագրի դասերը թողել նրանց, ովքեր դեռ չեն կորցրել ապրելու, գոյատեւելու ու հզորանալու վերջին հնարավորությունները։ Մենք դասեր քաղեցինք սեփական պատմությունից։ Մենք դասեր քաղեցինք մեր անհատնում կորուստներից, մեր մեծ պարտությունից։ Մեր խորհրդատուն մեր ցավն էր, մեր կարոտը, մեր չհատուցած պարտքերը։ Մենք պահեցինք երկիրը։ Արցախը չդարձավ մի նոր «էրգիր» մեր պարտությունների տխուր, անբովանդակ սրբարանում։ Արցախը հաղթանակի խորհրդանիշ դարձավ։ Ուսյալ ռազմագետները կփորձեն հասկանալ։ Ու չեն հասկանա։ Դրվագ առ դրվագ կվերծանեն մեր հերոսական ճակատամարտի ամեն մի վայրկյանը ու չեն հասկանա, թե ինչպես կարելի է ապրել, երբ ապրելու հավանականությունը չկա, ինչպես կարելի է հաղթել, երբ հաղթելու ոչ մի երաշխիք չունես։ Ու արդարացում կփնտրեն։ Այս անգամ թուրքերը։ Քավության նոխազներ կգտնեն իրենց մեջ ու իրենցից դուրս։ Ու կհասկանան, որ Արցախյան պարտությունը իրենց համար սոսկ կորցրած տարածք չէր։ Շատ ավելին էր, քան «օկուպացված 20 տոկոսը» որովհետեւ, ըստ էության, «օկուպացվեց» ահարկու ու մշտահաղթ թուրքի սին ու փուչ առասպելը։ Թուրքը հասկացավ իր հաղթանակի ֆենոմենը՝ անզեն, անպաշտպան մարդկանց դեմ, ոհմակով ու վայրագաբար։ Թուրքը հասկացավ, որ ինքը ժառանգական, ցեղային վախկոտություն ունի ուժից, որ ինքը ավարառու է, ոչ թե ռազմիկ, թալանչի է, ոչ թե պատերազմող, հոշոտող է, ոչ թե կռվող։ Ո՞վ հակառակը կհամոզի նրան, ինչպե՞ս։ Ո՞վ կբացատրի թուրքական բարձրացող սերնդին, թե ինչո՞ւ պարտվեցին իրենց հայրերը, երբ թվաքանակով, զինտեխնիկայով, տնտեսական վիճակով եւ մեկնարկային բոլոր հնարավորություններով բազմապատիկ առավելություն ունեին հայերից։ Որտեղի՞ց կգտնեն սեփական բանակի ոգին զինելու ակունք, ի՞նչ գումարով կգնեն փառքի ու հերոսության առասպելներ։
Մենք չէինք կարող 20-րդ դարը փակել պարտության ամոթալի խարանով, ու թուրքերը 20-րդ դարավերջին հատուցեցին իրենց պարտքի մի մասը։ Ոչ սեփական կամքով, այլ՝ պարտադրաբար։ Եկել է հատուցման ժամանակը, ու որքան երկար կտեւի այն, դժվար է ասել։ Թուրքերի դեռ քանի սերունդ կհատուցի իր պատմության սեւ էջերի համար։ Դարձյալ դժվար է կանխատեսել։ Բայց պատմության անիվը շրջվել է անդառնալիորեն։ Մենք գիտենք, թե որտեղից է սկիզբ առնում մեր երկրի սահմանը եւ որտեղ է ավարտվում։ Տարիներ առաջ Արցախի սահմանին հայ զինվորը չէր կանգնած, տարիներ առաջ արցախցի փոքրիկը ադրբեջաներեն էր սերտում մայրենիի փոխարեն՝ իր տանը, իր հողի վրա, իր դպրոցում։ Այսօր օտարի հետքերը հալածվել են Արցախից։ Արցախը բուժել է պատերազմի վերքերը, ապրում է խաղաղ օրերի ռիթմով, սեփական բանակով պահում է սեփական երկրի սահմանները։ Ականջդ կանչի Սասուն՝ կասեր Դանիել պապը. «Երբ մի օր Սասունը ազատեք, ընձի չմոռնաս։ Գերեզմանիս խաբար կբերես։ Հետո մի բուռ հող Մեծ թթենու տակից ու մի փամփուշտ՝ Սասնո զինվորի զենքի մըջից, կհանես-կբերես ու կդնես գերեզմանիս»։
…Երկրապահի օրն էր։ Միջոցառման էինք հրավիրված։ Ի՞նչ տոն է՝ հարցրեց Դանիել պապը։ Երկրապահի օրն է՝ պատասխանեցի։ Երկրապահը ո՞րն է՝ հարցրեց Դանիել պապը։ «Երկրապահը նա է, ով իր երկիրը պահել է, պաշտպանել է, իր հողը թշնամուն չի տվել։ Կռվել է իր հողի համար, կյանք ու արյուն է տվել, բայց չի թողել, որ թշնամին տիրանա իր հողին, խլի իր տունը, անարգի իր սրբությունները»։ Դանիելը պապը խեղճացավ, ասես սմքեց աչքիս առաջ։ «Ես չեմ գա էդ տոնին։ Էդ իմ օրը չէ, ես երկրապահ չեմ։ Ես իմ էրգիր տվի թուրքին։ Իմ հեր, իմ պապ էրգիրը տվին թուրքին»։
Դանիել պապը մահացավ հունվարի 29-ին, բանակի տոնից մեկ օր անց։ Հունվարի 28-ին հեռուստացույցով դիտեց բանակի մասին պատմող բոլոր հաղորդումները։ Երեկոյան թոռը զանգեց զորամասից։
«Շնորհավոր քո տոն,- ասաց Դանիել պապը թոռանը,- շնորհավոր քո հաղթանակ։ Մեր աչքին՝ լույս։ Քո բանակ երկրապահ է։ Դուն երկրապահ ես։ Ու Սասուն քո երկիրդ է»։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #17 (882) 4.05.2011 – 11.05.2011, Բանակ և հասարակություն


12/05/2011