Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ



Աշակերտներին պետք է նախեւառաջ հոգով պատրաստել ծառայությանը, հետո միայն սովորեցնել զենք բռնել կամ կրակել: Դպրոցում նրանց պետք է սովորեցնել հայրենասիրություն և հայրենաճանաչություն, իսկ զինվոր կպատրաստենք մենք:
Զորամասի հրամանատարի
ԱՀՏԱ գծով տեղակալ
մայոր Հ. Ալեքսանյան

-Աչքդ լույս, որդի ես ունեցել…

Ու չես հասցնում աչքդ թարթել, գալիս է պատասխանատու պահը…

– Որդի՛ս, պարտք ունես հայրենիքիդ, պետք է գնաս,- շշնջում ենք փոքր-ինչ տխուր, բայց և հպարտ:

Իսկ պատրա՞ստ են արդյոք մեր որդիները ծառայության և ի՞նչ պատկերացում ունեն բանակի մասին:

Այցելեցի Սևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոց:

-Աշակերտը պետք է լավ իմանա իր պատմությունը, հակառակ դեպքում՝ նա պատկերացում չի ունենա պետության, բանակի և ծառայության մասին,- ասում է դպրոցի պատմության ուսուցչուհի Հերմինե Խաչատրյանը: -Նա պետք է գիտակցի, որ պետության հիմքը լեզուն, եկեղեցին և բանակն են: Պետք է երեխային մանկուց դաստիարակել այդ ոգով:

Ուսուցչուհի Հերմինե Խաչատրյանի որդին ծառայում է հայոց բանակում և լավ, պարտաճանաչ զինվոր է:

-Սկզբում շատ դժվար էր,- ասում է Հերմինեն,- բայց հիմա միայն հպարտության զգացում ունեմ. որդիս հայրենիքին ծառայում է մեծ նվիրվածությամբ: Ճիշտ է, որպես ծնող անհանգստանում եմ, բայց գիտակցում եմ, թե որքան կարևոր է ամեն զինվորի դերը հայրենիքի համար: Ի՞նչ է մնում մեզ անելու` կազմակերպել միջոցառումներ, դասղեկի ժամ, ծրագրով նախատեսված հանդիպումներ զինվորականների հետ… Մեր աշակերտները շփվում են նաև սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների հետ:

Ավելի ուշ տեսա, որ դպրոցը Տավուշի մարզի Չինարի գյուղի դպրոցի աշակերտների համար անվանական ծանրոցներ է պատրաստում: Զարմացած էի` որքան ցանկություն, պատրաստակամություն, սեր ու նվիրվածություն կար աշակերտների հոգիներում: Ու ինձ թվաց՝ հե՛նց այդտեղից, հենց այդպես է սկսվում հայրենասիրությունը:

Զրույցը շարունակեցի դպրոցի զինղեկ, ավագ լեյտենանտ Սասուն Մելիքյանի հետ:

-Եթե ասեմ, որ այսօր ամեն ինչ կարգին է, և խնդիրներ չունենք, ճիշտ չի լինի: Նախատեսված ծրագրով առաջ ենք շարժվում, բայց շատ «պակասներ» ունենք: Հնացել են դիտողական նյութերը, չունենք փոքր տրամաչափի օդամղիչ հրացաններ, ուսումնական նռնակներ, դասաժամին աշակերտները չեն հասցնում գոնե մեկ անգամ զենք քանդել-հավաքել, և վերջապես զինպատրաստության նախատեսված ժամաքանակը շատ քիչ է:

Իսկապես, «մկնիկի» մեկ-երկու շարժումներով ցանկացած պահանջվող տեղեկատվություն հայթայթող աշակերտի համար շատ դժվար է համակերպվել դպրոցի «հնություններին»:

-Ուրախալին այն է, որ աշակերտը սիրում է այս առարկան, ոգևորությամբ է մասնակցում դասերին, նույնիսկ ձգտում է մասնակցել լրացուցիչ պարապմունքների: Ի դեպ, ասեմ՝ առարկայի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեն աղջիկները: Նրանց հետաքրքրում է՝ ե՞րբ պիտի աղջիկների պարտադիր ծառայություն լինի,- ասում է Ս. Միքայելյանը:

Զորամասերից մեկի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, մայոր Հ. Ալեքսանյանի կարծիքով՝ ծառայության և բանակի կարևորությունը կգիտակցի միայն նա, ով ծանոթ է իր երկրի անցյալին, դժվարին ու հերոսական պատմությանը, ճանաչում է հանուն հայրենիքի կռված ու հերոսացած իր մեծերին: Սակայն նա նաև ցավով է նկատում, որ այսօր որոշ ծնողների պահվածքը և այն մի նախադասությունը, որ ասում են իրենց որդիներին բանակ ճանապարհելիս` «Գնա՛, դու ոչ մի խնդիր չունես, ամեն րոպե կողքիդ եմ», որքան է խանգարում մեզ ու դժվարացնում ոչ միայն մեր աշխատանքը, այլեւ նրանց որդիների ծառայությունը: Մեզ՝ հրամանատարներիս մնում է ամեն ինչ անել, որ զինվորը գիտակցի՝ ինքը առավել չէ մյուսներից, և իրենք բոլորը նախեւառաջ մեկ խնդիր ունեն` հայրենիքի պաշտպանությունը: Մենք ամեն րոպե լինելով նրանց կողքին՝ ընդգծում ենք պատասխանատվության և տղայական հատկանիշների թափանցիկ սահմանը:

Ինչևէ, իմ բոլոր զրուցակիցները մի ընդհանուր եզրահանգում ունեին` ապագա զինվորի ձևավորման գործում մեծ է դպրոցի և ընտանեկան դաստիարակության դերը: Նույն զորամասի հրամանատար, կապիտան Գ. Հովհաննիսյանը նույնիսկ խնդրեց, որ ես անպայման գրի առնեմ իր խնդրանք-հորդորը.

«Հարգելի՛ ծնողներ, հարկավոր է գիտակցել, որ տղա երեխային չպետք է փափուկ մեծացնել, այլ ընդհակառակը՝ պատրաստ կյանքի դժվարությունները պատվով հաղթահարելու, որպեսզի սովորի ինքնուրույն լինել: Դուք պետք է գիտակցեք, որ ծնողի կողմնակի միջամտությունները միայն կբարդացնեն ձեր որդու ծառայությունը: Համոզված եղեք՝ զինվորը անուշադրության մատնված չէ, և մենք` հրամանատարներս, ամենից շատն ենք ուզում, որ զինվորի «մատը փուշ չմտնի», որ նա հեշտ յուրացնի զինվորի իր մասնագիտությունն ու հեշտ հարմարվի բանակային կյանքին, կարգ ու կանոնին»:

Ճի՛շտ դաստիարակենք մեր որդիներին, մեր բանակի ապագա զինվորին, մեր պաշտպանին. ահա յուրաքանչյուրիս սրբազան պարտքը: Եվ եկե՛ք մեր կույր սիրով մոլախոտեր, փուշ ու տատասկ չաճեցնենք նրանց ճանապարհին:

Աննա ՄՈՎՍԻՍՅԱՆ
Զորամասի զինծառայող

Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Բանակ և հասարակություն


21/05/2015