Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋԱՎԱ՞ԽՔ, ԹԵ՞ ՋԱՎԱԽԵԹ



Մամուլի եւ հեռուստատեսության միջոցներով հաճախ է խոսվում Ջավախքի եւ ջավախքցիների մասին: Ցավոք, պետք է նշեմ, որ այդ ընթացքում երբեմն այնպիսի դաժան սխալներ են սպրդում, որ փշաքաղվում ես: Ի դեպ, այդ սխալները թույլ են տալիս ոչ միայն «շարքային» լրագրողները: Նախ, ոմանք Ջավախքի տարածքը չեն պատկերացնում, նրա տեղը, պատմությունը լիարժեք չգիտեն: Օրինակ՝ ոմանք որպես Ջավախքի տարածք են համարում նաեւ Սամցխեն (Ախալցիխեն եւ նրա շրջակայքը), նույնիսկ` արդի Վրաստանի ամբողջ Սամցխե-Ջավախեթի նահանգը, պատմական Թռեղքը (այժմ` Ծալկա) եւ այլն… Հաճախ պատմական Վրաստանի մայրաքաղաք Մցխեթան շփոթում են «Մեսխեթ» երկրամասի հետ: Բայց ամենասարսափելին այն է, որ հաճախ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կամ բդեշխության 7-րդ գավառը` Ջավախքը, գրվում եւ արտասանվում է Ջավախ ձեւով, իսկ ջավախքցիներին դարձնում են «ջավախցիներ» կամ «ջավախեցիներ»:

Որպեսզի պարզ լինի ճշմարտությունը, առաջարկում եմ բացել Ս. Տ. Երեմյանի «Հայաստանը ըստ «Աշխարհացույց»-ի (փորձ VII դարի հայկական քարտեզի վերակազմության ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա), Երեւան, 1963թ. գիրքը:

Ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ի` տասնչորսերորդ երկրամասի` Գուգարք աշխարհի գավառներն ինն էին, որոնցից յոթերորդը Ջավախքն (կամ` Ջավախք վերին) էր: Այն գտնվում էր նահանգի կենտրոնում: Ջավախքի մասին մեզ հասած հնագույն գրավոր տեղեկությունը Արարատյան (Վանի) թագավորության ք. ծ. ա. 8-րդ դարի Արգիշտի Ա թագավորի «Խորխորյան տարեգրությունն» է, որտեղ Արգիշտիի վերամիավորած տարածքների թվում հիշատակվում է նաեւ Ջավախքը «Զաբախա» ձեւով:

«Ջավախք» տեղանվան տարբեր ստուգաբանություններ կան, որոնցից է նաեւ Շոպենի ստուգաբանությունը, ըստ որի` այն ծագում է վրացերեն «ջավ» (գարի) բառից (տես` Լ. Լալայան, երկեր, I հատ., էջ 35):

Ըստ իս, «Ջավախք» տեղանունն ունի էթնիկական ծագում: Տերմինը կազմված է «ջավ» եւ «ախք» բաղադրիչներից. «ջավ+աղխ+ք»` ջավ ցեղի երկիր: Այս բարդության երկրորդ բաղադրիչը հայերեն «աղխ» (ցեղ) բառն է: Ըստ ՆՀԲ-ի` «աղխ» բառն ունի նաեւ «ազգ» նշանակությունը, իսկ Հր. Աճառյանի «Արմատական բառարանում» «աղխ» բառի 5-րդ նշանակությունն է` «ցեղ», «զարմ», «ժողովուրդ»: «Աղխ» բառի «ղ» հնչյունը, գտնվելով թույլ դիրքում, ձուլվել է «խ»-ին, եւ բառը հնչում է «ախ» ձեւով: Բառավերջի «ք» մասնիկը գրաբարում հոգնակիակերտ մասնիկ լինելուց բացի, նաեւ ցույց է տալիս տեղ, վայր, երկիր, ինչպես, օրինակ` Հայք (հայերի երկիր, Հայաստան), Վիրք (վրացիների երկիր, Վրաստան) եւ այլն: Երբ 387թ. հետո պարսիկները Ջավախքը միացրին Վրաստան մարզպանությանը, վրացիները փորձեցին «Ջավախք» տեղանունը վրացացնել: Բառի հայերեն «ք» մասնիկը, որը, ինչպես ասվեց, տեղ է նշանակում, փոխել վրացերեն նույնպես տեղ, վայր, երկիր ցույց տվող «էթ» վերջածանցով, «Ջավախքը» հնչեցնելով «ջավախեթի» ձեւով, իսկ Ջավախքի ազգաբնակչությունը կոչում են «ջավախուրնի», որը մեր վրացամետների կողմից թարգմանվում է «ջավախցիներ»: Սա արվում էր որպես «ոսկե միջին», որպեսզի, հատկապես Խորհրդային տարիներին Վրաստանի տարածքում գավառի անունը հայերեն «Ջավախք» չհնչեր…:

Ա.ՍԱՆՈՍՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու

Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Հոգևոր-մշակութային, Պատմության էջերից


21/05/2015