Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԽՐ ԵՍ ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵՄ ԱՌԱՆՑ ԻՆՁ…



Հարցազրույց պետական-հասարակական անվանի գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆԻ հետ

-Ձեր կյանքի ու գործունեության կարևորագույն էջերը ծննդյան արմատներից ի վեր առ այսօր գրվել են Սյունյաց աշխարհում: Ի՞նչ է դա. անսահման նվիրվածություն ու հավատարմություն հայրենի եզերքին, թե Աստծո կամոք պարգևված ճակատագիր:

-Ես միշտ հպարտացել եմ, որ իմ արմատները Սյունիքից են: Պապերս հողագործներ են եղել, սակայն մասնակցել են բոլոր պատերազմներին ռուսական բանակի շարքերում: Ընդհանրապես, չեմ կարող համաձայնել նրանց հետ, ովքեր փորձում են ժխտել Ռուսաստանի դերը հայ ժողովրդի կյանքում: Մենք զորավարներ ենք տվել (ցարական և խորհրդային) զորք չունենալով, ծովակալներ ենք տվել ՝ ծով չունենալով, ակադեմիկոսներ ենք տվել՝ ակադեմիա չունենալով և այլն: Իմ մեծ հայրենակից Նիկողայոս Ադոնցը համաշխարհային ճանաչման արժանացավ՝ լինելով Պետերբուրգի, ապա Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր:

Սյունիքը սովորական աշխարհ չէ: Դա այն երկիրն է, որ մարզպանություն է ունեցել, նաև մի քանի դար՝ թագավորություն: Պատահական չէ, որ Ավարայրի հերոս Վարդան Մամիկոնյանը թաղվել է հենց Սյունիքում, պատահական չէ, որ թուրքերի դեմ ամենախոշոր ընդվզման կազմակերպիչը և հաղթողը Դավիթ-Բեկն էր, պատահական չէ, որ իր խիզախ մտահղացումները Գարեգին Նժդեհը իրականացնում էր հենց Սյունիքում:

Մի ճշմարտություն կա՝ մեծագործությունները կատարում է ժողովուրդը և որպեսզի այն լավ կատարի, պետք է լավ ապրի: Իսկ լավ ապրելու համար աշխատանք պիտի ունենա և տուն: Այդ տարիներին Սիսիանը նաև մշակութային խոշոր կենտրոն էր՝ գեղարվեստի, երաժշտական և պարարվեստի դպրոցներով, պատկերասրահով, նվագախմբերով, ժողովրդական թատրոնով և այլն: Ամեն տարի հյուրախաղերի էին գալիս Գ. Սունդուկյանի անվան թատրոնը, պարի պետական համույթը, Կոմիտասի անվան քառյակը և այլ կոլեկտիվներ:

-Ձեր կյանքի մշտական ուղեկիցն է եղել գրականագիտական – գիտահետազոտական գործունեությունը: Գրել եք մի շարք արժեքավոր աշխատություններ՝ նվիրված մեր ականավոր բանաստեղծի և Ձեր մերձավոր բարեկամի՝ Համո Սահյանի ստեղծագործությանը, որի անվանակիր գիտամշակութային կենտրոն եք հիմնադրել և որը ղեկավարում եք մինչև այսօր:

-Երբ Սիսիանի շրջանային «Որոտան» թերթի խմբագիրն էի, ինձ ամենաերջանիկ մարդն էի համարում, որովհետև իրականացել էր երազանքս՝ լրագրող դառնալը: Այդ տարիներին ծանոթացա Համո Սահյանի հետ, որի հորդորով թողեցի գրաբարի մասին պատրաստվելիք ատենախոսությունս և որոշեցի դառնալ գրականագետ: Հետագայում, երբ անցա կուսակցական աշխատանքի, ժամանակը չէր բավականացնում գրականությամբ զբաղվելու, թեև մի շարք հոդվածներ գրեցի Համո Սահյանի նոր լույս տեսած գրքերի ու այլ թեմաների մասին։ Վերջապես (1980թ.) պաշտպանեցի թեկնածուական թեզ «Բնությունը և մարդը Համո Սահյանի պոեզիայում» թեմայով: Դրանից հետո արդեն չէի կարող կտրվել գրական աշխարհից, որովհետև ինձ ավելի շատ գրականագետ էի զգում:

Երբ դարձա 50 տարեկան, և ինձ այլևս պետական, գիտական ու լրագրային աշխատանք չվստահեցին, որոշեցի զբաղվել իմ մասնագիտությամբ: Եվ խիզախեցի այդ անել միայնակ: Իսկ մասնագիտությունը Համո Սահյանի քնարերգությունով զբաղվելն էր: Նախ գտա և տպագրության պատրաստեցի նրա անտիպ բանաստեղծությունների ժողովածուն, որը Վարպետի մահվանից հետո հինգ տարի հրատարակչություններում «թափառում» էր: Այն լույս տեսավ 1998թ.՝ «Ինձ բացակա չդնեք» վերնագրով: Այդ ընթացքում կարողացա հավաքել Համո Սահյանի ավելի քան 500 լուսանկարներ: 2004թ. լույս տեսավ իմ մենագրությունը «Համո Սահյան. բանաստեղծի հավատամքը» վերնագրով: Նույն տարում ստեղծվեց «Համո Սահյան. գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

-Մեր հանրապետության անկախության շրջադարձը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում ու հայացքներում:

-Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը ոչ թե ականատես եմ եղել, այլ որպես Ազգային ժողովի պատգամավոր քվեարկել եմ դրա օգտին: Ոգևորվել եմ, որովհետև անկախ պետականություն էինք ձեռք բերում, թեև, անկեղծ լինելու համար ընդգծեմ, որ ես կողմնակից էի, որպեսզի անկախ Հայաստանը մտնի նախկին Խորհրդային Միության հանրապետությունների կոնֆեդերացիայի մեջ, եթե այդպիսին ստեղծվեր, բայց, դժբախտաբար, այդ ոգևորությունը կարճ տևեց: Ես մտածում էի, թե անկախությունը հայ մարդու մեջ պիտի զարգացներ նրա անհատականությունը, գործարարությունը, հմտությունը, մտքի թռիչքը, սակայն զարգացրեց եսասիրությունը, ծուլությունը, բանսարկությունը, անպատասխանատվությունը: Արդյունքն այն եղավ, որ Մայր Հայրենիքից արտագաղթեցին: Պիտի ավելացնեմ, որ մեծ բանաստեղծ Համո Սահյանը այդ երևույթը զգացել էր դեռ 1960- ական թվականների վերջերին՝ գրելով «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» դարակազմիկ բանաստեղծությունը:

-Արցախյան հերոսամարտի տարիներին, երբ թշնամին սպառնացել է նաև Սյունիքի անվտանգությանը, և նրա զավակները նույնպես մասնակցել են այդ պայքարին, Դուք Ձեր անխոնջ գործունեությամբ նպաստել եք մեր հաղթանակին: Այսօր էլ մեր սահմաններում անհանգիստ դրություն է: Ձեր կարծիքը այդ ամենի մասին և մաղթանքը հայրենյաց զինվորներին:

-Ամեն մարդ, հատկապես նա, ով ստեղծագործում է, պետք է ունենա մի հավելյալ իրականություն, որը պետք է պահպանի նրա ինքնությունը ժամանակի ու տարածության մեջ խարխափող այս աշխարհում: Սյունիքը ինձ համար ոչ միայն այդ հավելյալ իրականությունն է, այլ նաև ներշնչանքի աղբյուրը: Ոգեշնչող են Սյունիքի բնությունը, պատմական հուշարձանները, պատմական դեմքերը, ձեռագիր մատյանները, գրականության ու արվեստի գործիչները: Այդ բոլորը ստեղծում են զարմանահրաշ մի աշխարհ, որտեղ երջանկությունը կարող է հավերժ երկարել:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա մինչև հակամարտության սկիզբը հսկայական աշխատանք ենք կատարել՝ նեցուկ լինելու նրան: Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին ամբողջապես վերանորոգվել է Սիսիանից ուղարկված շինանյութի, սարքավորումների և նյութական միջոցների հաշվին: Այդ մասին մեկ անգամ չէ, որ ասել է վերականգնող վարպետ Վոլոդյա Բաբայանը: Արցախին օգնել ենք նաև սերմնացուով, մեխանիզմներով, աշխատուժով, դասագրքերով, գեղարվեստական ու մասնագիտական գրականությամբ: Երբ սկսվեց պատերազմը, սիսիանցիները առաջավոր դիրքերում էին, հատկապես մեծ էր Աշոտ Մինասյանի («Աշոտ Երկաթ») ավանդը: Մարտերում զոհվեց նրա կրտսեր եղբայրը, շնորհաշատ բանաստեղծ Աղվան Մինասյանը: Զոհվեցին շատերը, որոնց անունները ես զետեղեցի ականավոր սյունեցիների ժողովածուի մեջ: Ես խմբագրեցի նաև Արցախյան հերոսամարտում նահատակված 175 կապանցիների կենսագրություններն ամփոփող երկհատորյակը: Զինվորականությունը իմ կյանքի ուղեկիցն է եղել: Հայրս 27 տարի ծառայել է խորհրդային բանակում: Հայրենական պատերազմի 20 դիվիզիաների հայ հրամանատարներից կեսը նրա ընկերներն են եղել: Նրանցից յոթը սյունեցիներ էին։ Արցախյան հակամարտությանը մասնակցել է որդիս ՝ Հովիկը, որ հետագայում Սիսիանի և Երևանի կայազորային հոսպիտալի պետն էր:

Ինձ զարմացնում է սահմանամերձ տարածքներում մեր զինվորների ցուցաբերած տոկունությունը: Այդ կրակոցները նրանց ոչ թե ձանձրացնում կամ վախեցնում են, այլ բարձրացնում են նրանց մարտական ոգին: Նրանք գիտեն, որ պաշտպանում են իրենց պատմական տարածքները և Մեծ Հայքից մնացած այն մի բուռ հողը, որի անունը Հայաստան է: Իսկ թշնամին որքան էլ փորձի ցույց տալ, թե այդ տարածքները իրենցն են, զինվորը չի հավատալու, որովհետև ինչքան էլ կույր լինի, տեսնում է, որ Շուշիում երեք եկեղեցի կա, Գանձասար, Ամարաս ու Դադիվանք կա, այնտեղ ապրող հայ ժողովուրդ կա:

Այսօր ամենակարևորը զինվորների և ժողովրդի մեջ հավատի ամրապնդումն է, այն հավատի, որ ամեն ինչ վճռվելու է Հայաստանի ու Արցախի օգտին:

ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆ
ՀԳՄ անդամ

Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Հոգևոր-մշակութային


21/05/2015