Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԱՆՈՑ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ



Այս օրերին, երբ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովուրդն ու իշխանությունները կենտրոնացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյա հոբելյանը, Շուշիի ազատագրման օրը, ինչպես նաև մայիսյան մյուս տոները հավուր պատշաճի նշելուն, ազգային բանակի զինծառայողները չթուլացնելով զգոնությունը, վստահորեն իրականացնում են պետական սահմանի պահպանությունը, զորավարժությունների և պարապմունքների միջոցով կատարելագործում մասնագիտական գիտելիքները, մարտավարական հմտությունները, մի խոսքով` շարունակում են բանակաշինության չդադարող գործընթացը:

Ինչպես միշտ, այս տարի էլ բավական բովանդակալից է գնդապետ Գագիկ Մովսիսյանի հրամանատարությամբ գործող զորամասի ուսումնական ծրագիրը: Մանավանդ ձմեռային փուլի երկրորդ հատվածում և ամառային փուլի ընթացքում նախատեսված են մի շարք կարևոր ու հետաքրքիր հրամանաշտաբային ու մարտավարական զորավարժություններ մոտոհրաձգային զորքերի և մյուս զորատեսակների զորամասերի հետ:

-Չեմ ուզում մանրամասնել մեր պլանային առաջադրանքները, բայց ասեմ, որ անելիքները շատ են, պետք է պատրաստ լինենք կատարելու ցանկացած հրաման,-ասում է գնդապետ Գ. Մովսիսյանը:- Կարևորն այն է որ անձնակազմը շատ լավ է հասկանում, որ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասը պետք է հարյուր տոկոսանոց մարտունակություն ունենա: Այժմ հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները, ինչպես հարկն է կատարում են իրենց առաջադրանքները, իսկ մյուսները շարունակում են պարապմունքները: Սկսվել են տեխնիկայի ձմեռայինից ամառային սեզոնի անցման աշխատանքները, և նշված ժամանակում ես կզեկուցեմ դրանց ավարտի մասին: Մենք զգալի աշխատանք ենք տանում հասարակայնության հետ կապերի զարգացման ուղղությամբ:

Գումարտակի հրամանատար, մայոր Պետրոս Հանոյանը մեզ ուղեկցում է մասնագիտական լսարան, իսկ այստեղ, բացառությամբ պարապմունքն անցկացնող դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Դավիթ Պողոսյանի, մյուսները կանայք էին: Խոստովանեմ` այդքան շատ կին զինծառայողների զորամասում տեսնելը մի քիչ անսովոր էր:

-Պարապմունքը մասնագիտական պատրաստությունից է, վերաբերում է կապի միջոցների կառուցվածքին և շահագործմանը,- պարզաբանեց դասակի հրամանատարը: -Կապավորի գործը կանայք տղամարդկանցից նույնիսկ ավելի լավ են կատարում, նրանք կարգապահ են և ձգտող…

Գումարտակի հրամանատար, մայոր Պ. Հանոյանն էլ հավելեց.

-Դասակի հրամանատարն իրավացի է` կանայք լավ կապավորներ են և բոլոր առաջադրանքները կատարում են արագ և մաքուր… Սակայն քիչ չեն նաև տղամարդիկ. ունենք և՛ պայմանագրայիններ, և՛ պարտադիր ժամկետային ծառայության զինվորներ:

♦♦♦

Ենթասպա Լիլիթ Լալայանը վաշտի համալիր սարքասրահի մեխանիկ է: Նրան դեռ մանկությունից են հետաքրքրել ազատամարտը, բանակը, զինծառայությունը. նրա հայրը՝ ազատամարտիկ Վանիկ Լալայանը, եղել է «Եղնիկներ» ջոկատի անդամ, բանակին մոտ կանգնած անձնավորություն:

-Չի բացառվում, որ մի օր էլ աղջիկս՝ Սոնան, հայտնվի բանակում,- ասում է Լիլիթը:- Իսկ զորավարժությունները, դաշտային պարապմունքները, ճամբարային հավաքներն առանձին դժվարություն չեն ներկայացնում: Բացազատում կատարելիս հավասարապես աշխատում ենք վարորդի և բանվոր ծառայողի հետ: Կարծում եմ, որ կին զինծառայողները նկատելի ներդրում ունեն մեր զինված ուժերում, և նրանց ներկայությունը զորամասերում ինչ-որ տեղ հղկում, կրթում է միջավայրը…

♦♦♦

Կրտսեր սերժանտ Տաթևիկ Մնացականյանը նույնպես վաշտի համալիր սարքասրահի մեխանիկ է: Նա Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներեն լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրան ավարտելուց հետո մեկնել է Իսպանիա, սովորել է Սերվանտեսի անվան ինստիտուտում, ստացել լեզուների ազատ տիրապետման վկայական:

-Զինծառայողը պետք է նախ իր առաջադրանքները կատարի ու միայն դրանից հետո մտածի տան հոգսերի մասին: Մենք պարբերաբար ստուգարքներ ենք հանձնում, ճշտում նորմատիվների կատարման ժամանակը: Եթե թերություններ են հայտնաբերվում, աշխատում ենք հնարավորինս արագ վերացնել: Շաբաթվա մեջ երեք անգամ էլ շարային պատրաստության պարապմունք ենք ունենում: Ես գոհ եմ և հպարտանում եմ իմ կատարած աշխատանքով:

♦♦♦

Շարքային Գայանե Վարդանյանը երկու տարի առաջ է անցել ծառայության: Նա «Հարիս» ռադիոկապի ռադիոհեռախոսավար է:

-Բանակում ամեն րոպեն հաշվարկված է: Շատ ենք պարապում: Մեզ ամրացված կապի միջոցից բացի, սովորում ենք օգտագործել կապի մյուս միջոցները նույնպես, ինչը միանգամայն ճիշտ է:

♦♦♦

Հետևեցինք նաև «Հարիս» ռադիոկապի դասակներից մեկի գործնական պարապմունքին: Խոսելով զինծառայողների առաջադիմությունից, լեյտենանտն առանձնացրեց ջոկի հրամանատար, սերժանտ Սաթիկ Կիրակոսյանին, ավագ ռադիոհեռախոսավար, շարքային Արփինե Սուքիասյանին, կրտսեր սերժանտ Մերի Ավագյանին, շարքայիններ Հեղինե Մարգարյանին, Հռիփսիմե Հովհաննիսյանին, Հեղնար Վիրաբյանին:

Արամ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #18 (1087) 14.05.2015 – 20.05.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/05/2015