Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽՆՅԱՑ ՈԳՈՎ



Փոխգնդապետ Ռուբեն Սահակյանի և մայոր Արտյոմ Քարամյանի հետ բարձրանում ենք մարտական հենակետեր: Լեռնանցքը, որտեղով անցնում ենք, ժամանակին եղել է Զանգեզուրը Նախիջևանին կապող գլխավոր ճանապարհներից մեկը: Այն նաև հիշեցնում է սիրելի գրող Ակսել Բակունցին, որն անցել է այս ճանապարհով և ունի հրաշալի գրառումներ: Եվ խոսակցությունն էլ սկսվում է Ակսել Բակունցից ու գնում պատմության խորքեր եւ վերադառնում 20-րդ դար… Մայոր Ա.Քարամյանը, որը եղբոր՝ գնդապետ Ալբերտ Քարամյանի հետ մասնակցել է ազատագրական պայքարին, գիտի իր երկրի, իր ծննդավայրի պատմությունը: Ցույց է տալիս Վարդան Զորավարի քարայրը և ասում, որ Սյունյաց մեծերից լսել է, որ Ավարայրի պատերազմից հետո Զորավարի աճյունը Սիսական աշխարհի իր զինակիցները բերել և ամփոփել են այս քարայրում, և ամեն տարի փետրվարի 27-ին, երբ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Վարդանանց և 1036 վկաների օրը, Վարդան Զորավարի քարայրում ամբողջ Զանգեզուր աշխարհի բնակիչները հավաքվում տոնում են այդ օրը: Հետո ճանապարհը հասնում է Շաղաթ գյուղ, և խոսակցությունը փոխվում է Հայոց Անդոկ իշխանի և նրա դուստր, հետագայում՝ հայոց թագուհի Փառանձեմի մասին, որի ծննդավայրն է այս բնակավայրը: Այս խոսակցությունները սկիզբ առան, որովհետև ապրիլ ամիսն էր, և մեկ օր անց՝ ապրիլի 24-ը, իսկ փոխգնդապետ Ռ.Սահակյանը, որը սպառազինության վարչության բաժնի ավագ սպա է և անցել է պատերազմական ճանապարհով, ասում է.

-Իմ ղարսեցի նախնիների արյան, հոգու կանչով ես դուրս եկա ազատագրական պայքարի, և ընկերներիցս շատերն էին այդ կանչով դուրս եկել: Հետո ավելացնում է.

-Ապրիլի 24-ը իմ ծննդյան օրն է, և ես հպարտ եմ, որ ծնվել եմ այդ օրը, որովհետև իմ մանկության օրերին տեսել-զգացել եմ ծնողներիս, պապիս աչքերի լույսը: Ուրիշ է այդ լույսը, թախիծն ու տխրությունը՝ բնօրրանը կորցրած մարդու համար: Պատկերացրեք՝ ապրիլի 24-ն էր ու…իրենց զավակի ծննդյան օրը: Իսկ հիմա այդ օրը որդուս հետ բարձրանում ենք Ծիծեռնակաբերդ և հաջորդ օրը՝ ապրիլի 25-ին եմ նշում ծննդյանս օրը, որովհետև ապրիլի 25-ը նաև որդուս ծննդյան օրն է…

…Մարտական հենակետ բարձրացող ճանապարհը ծանոթ է վարորդին, և չնայած նրա վարորդական հմտությանը, դեռ հենակետ չհասած՝ մեքենան դեմ է առնում հսկա ձյան պատնեշին: Այս տարածքում այսպես է. ուժեղ քամիներ են, ու չնայած գարնանային եղանակին, անձրեւը, ձյունամրրիկը հաճախ են ստեղծում բնական արգելքներ, և լինում է, որ հերթափոխի օրերին որոշակի ճանապարհ բարձրանում են ոտքով:

Մարտական հենակետում մեզ դիմավորում է կապիտան Գառնիկ Ալիխանյանը: Նա է հենակետի պատասխանատուն: Կապիտանի զեկույցից հետո շրջում ենք հենակետում, մտնում կացարան, որտեղ փոխգնդապետ Ռ.Սահակյանը, զորամասի ծառայության պետ, մայոր Ա.Քարամյանի հետ ստուգում են հենակետում սպառազինության վիճակը, զինամթերքի պահպանման կարգը, մաքրությունը, համալրվածությունը:

Այս հենակետում հերթապահություն են իրականացնում պայմանագրային զինծառայողները, որոնք հիմնականում այս տարածքի բնակավայրերից են: Առուշան Գրիգորյանը, Նարեկ Ղազարյանը Վաղատին գյուղից են, Կամո Սարուխանյանը՝ Շաղաթից, Երվանդ Մկրտչյանը՝ Անգեղակոթից, Գուրգեն Բաբայանը՝ Սիսիան քաղաքից:

-Մեր բնաշխարհն է, մեզ ծանոթ ու հարազատ,-ասում են տղաները,- անցան այն ժամանակները, երբ մեր բնակավայրերին պիտի նայեինք կարոտով ու ափսոսանքով:

-Հենց մեր դիմաց պատմական Գողթն գավառն է, որի մասին այնքան ենք լսել ու կարդացել, որ հարկ եղած դեպքում ոչ մի արգելք մեզ չի խանգարի առաջ շարժվելու,-ասում է կրտսեր սերժանտ Ն.Մարտիրոսյանը:

Հետո տղաները խոսում են իրենց ծննդավայրերից եւ պատմում, որ մինչ ազատագրական պայքարը այդ գյուղերում տեր ու տիրական էին ադրբեջանցիները, որոնք արագ բազմանում ու տեղավորվում էին դատարկ տներում:

-Մեր ազատամարտիկների, մեր բանակի ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ մեր շեները ազատվեցին օտարի շունչ ու հոտից,- ասում է Կամոն:

-Ապրիլի 24-ը մեր նահատակների հիշատակի օրն է, մենք այդ օրը պարտավոր ենք եւս մեկ անգամ մեզ հաշիվ տալ՝ ինչո՞ւ այդպես եղավ, ո՞րն էր մեր բացթողումը, մեր մեղքը: Եվ թվում է՝ 20-րդ դարավերջին գտանք այդ հարցերի պատասխանը: Այսինքն՝ այդ հարցերի պատասխանները տվեցին մեր ազատամարտիկները, մեր բանակի զինվորները, – ընկերոջ խոսքն է շարունակում Գուրգենը: Այնուհետեւ խոսակցությունը ծավալվում է հայոց բանակի շուրջ, եւ գումարտակի հրամանատար, մայոր Ա.Գալստյանն ասում է.

-Անձնակազմի ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ մարտական պատրաստվածությունը բարձր է: Պատրաստ ենք կատարելու մեր առջև դրված առաջադրանքը:

Երիտասարդ հրամանատարը դպրոցն ավարտելուց հետո սովորել է Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում: 2 տարվա ժամկետային ծառայությունից հետո որպես սպա անցել է ծառայության զորամասում: Ունի մի շարք պատվոգրեր, խրախուսանքներ, բայց կարևորում է վերջերս ստացած «Մարտական հերթապահության» մեդալը:

-Շուտով կլրանա երկրորդ տասնամյակը, ինչ ես կանգնած եմ հայրենի սահմաններին: Այս մեդալը շատ է պարտավորեցնող: Այն նաև իմ հորեղբորինն է, որը եղել է ազատամարտիկ, այն իմ համադասարանցի Արթուր Իսկանդարյանինն է, որը զոհվեց հայրենի սահմանները պաշտպանելիս:

Եվ հրամանատարը խրամատով անցնելիս գոհունակությամբ գովասանքի խոսքեր է ասում դիտորդներ Գևորգ Ասլանյանի, Վահե Արզումանյանի, Սպարտակ Հարությունյանի, զինծառայողներ Արկադի Պետրոսյանի, Երվանդ Մակարյանի, Կարեն Իսկանդարյանի հասցեին:

-Հայրենի սահմաններին կանգնած այս լույսերը հաղթանակած բանակի լույսեր են, որոնք միախառնվելով հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի անմար կրակին՝ մեզ պարտադրում են հիշել եւ պահանջել:

Գ.ՇԱՂԱՓՅԱՆ

Խորագիր՝ #18 (1087) 14.05.2015 – 20.05.2015, Ազգային բանակ


14/05/2015