Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՃԱՆԱՊԱՐՀԸ` ՀԱՎԱՏԻ ՈՒ ԽՂՃԻ ՄԱՏՅԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀԸ` ՀԱՎԱՏԻ ՈՒ ԽՂՃԻ ՄԱՏՅԱՆ

«Զրույց զինվորի հետ» գրքի հերոսուհու համար երջանկություն է, երբ վարդի բուրմունքի պես ձուլվում է հայրենիքի շաղ ու շողին: Արցախ երկիրը մի դրախտավայր է, որտեղ արարվում է սերը: Զինվորն է կանգնած սահմանին. նա պահպանում է հող հայրենին: Հայրենիքի կամքը ապառաժ քար է, «քարը մետաքս է, ազնիվ ոսկի…»: Քարե վահանով հայրենիքը պաշտպանում է իր զավակին: Իսկ զավակը, որ զինվոր է, քարե նետով խոցում է թշնամուն:
«Զրույց զինվորի հետ» գիրքը Անուշ Հարությունյանի չորրորդ գիրքն է, որը ինքնահաստատման ճշմարիտ վկայություն է: Հայրենիքը բանաստեղծուհու արյունն է, որով եւ գրում է, արարում պատկերներ: Զինվորի ճանապարհը հավատի ու խղճի մատյան է, որ փոխանցվում է սերնդեսերունդ: Արցախն այն երկիրն է, որով հպարտանում են, երկիր, որ դառնում է հայացք, «ժայռացած հպարտություն»: Եվ բանաստեղծություն արարողը իրեն համարում է մասնիկը հայրենիքի, անպարտ երկրի շնչառությունն ու հավատը: «Արցախ… Իմ երջանկություն, իմ սատար սյուն, ծով խնդություն, // Քեզ չսիրել չեմ կարող»:
Գրքում ընդգրկվել են հայոց սահմանները հսկող զինվորներին նվիրված երգեր, ժամանակակից երիտասարդի կարոտն ու երազանքը, լուսավոր խոհերը մարմնավորող բանաստեղծություններ, որոնք աչքի են ընկնում թարմությամբ եւ անմիջականությամբ: Զինվորի առօրյան իմաստավորվում է ժամանակի շնչառությամբ: Պարտականության եւ սիրո զգացումները միաձուլվում են, դառնում ծովացած հավատ: Զինվորի ոգին կոփվում է, դժվարությունները հաղթահարելիս ամրանում է կամքը, հայացքը դառնում հաստատուն: Մարտադաշտում տոկացող հայի կամքը խաչքար է դառնում: Չի կորչում զոհյալի արյունը: Սխրանքի շնչով վերածնվում է երկրի դիմագիծը, դառնում հավերժության խորհրդանիշ: Զոհված ազատամարտիկների հուշաթանգարանը ոչ միայն թախծի ու ափսոսանքի զգացողություններ է արթնացնում, այլեւ հաղորդում է վաղվա զինվորին ոգու ու սխրանքի անմոռաց դասեր: Եվ հաղթանակի ամիսը/1992թ. մայիսի 9/ հայտնության ու ոգեւորության հուր է վառում «կորուստներիս ափերում պաղ»:

Գոհ ես, որ ինքդ ես քո ճամփան հարթել,
Եվ հանուն կյանքի քո կյանքն ես տվել,
Կաթիլ առ կաթիլ,
Արյունդ է կաթել այս հողի համար,
Ու ինչ-որ մի տեղ` հեռու-հեռվում,
Արյունովդ քո հողն ես ներկել,
Հրդեհ ես վառել,
Մարտերի մեջ ես նետվել,
Արյունդ է կաթել կանաչ տերեւից,
Ամենուր ծուխ էր բարձրացել ու բոց,
Գոհ ես…

Զինվորի ճանապարհը ոգու մատյան է, որից ավյուն ու ոգեւորություն են առնում երիտասարդները, դառնալով հայրենյաց պաշտպաններ: Իսկ ազատությունը չեն նվիրում.

Ազատությունը հույսով է կնքվում,
Մարտում է կնքվում,
Կնքվում է զենքով…

Անուշ Հարությունյանի «Զրույց զինվորի հետ» գիրքը ինքնահաստատման վկայություն է, ոգու ու կարոտի մատյան, ուր տող է դառնում հավատը, ուր արտացոլվել է նաեւ «ժամանակը բարդ ու ցավոտ», հուշելով` որ հավերժության ճանապարհին հայրենիքի զինվորն է վառում փրկության լույսը:

Քեզ, որ իմ արյան մեջ եմ զգում,
Եվ փորձում եմ նկարել,
ազատության արցունք,
Իմ գավաթը լցրու նռան
գինով…

Նուռը խորհրդանշում է հայրենիքի ոգու ազատությունն ու ապագայի պտղաբեր հայացքը: Խաղաղությունը նռան հատիկների մեջ երփներանգվում է, դառնում հավատի ծիածան:

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ
Բանաստեղծ, «Հայրենյաց պաշտպան» թերթի խմբագիր