Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԸ ՌԴ ԲԱՆԱԿՈՒՄ



Ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ Մայիսի 9-ի` Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված զորահանդեսը Վլադիվոստոկում ընդունել է հայազգի ծովակալ Սերգեյ Ավագյանցը: Ես՝ որպես հայ ու քաղաքացի, մեծ հպարտություն ապրեցի, բայց, համոթ ինձ, առաջին անգամ էի լսում այդ բարձրաստիճան զինվորականի անունը: Ո՞վ է Սերգեյ Ավագյանցը, ի՞նչ զինվորական ուղի է անցել… Մենք շատ անվանի ծովակալներ ենք ունեցել. փաստորեն, ինչպես ասում են, ավանդույթները չեն խախտվում. փոքրիկ, անծով Հայաստանի զավակներն այսօր էլ սանձում են ծովեր և օվկիանոսներ, դառնում են համաշխարհային ջրերի տիրակալներ…
Վաղինակ Մարտիրոսյան
Ուսուցիչ, զինվորի հայր

Սերգեյ Հովսեփի Ավագյանցը ծնվել է 1957 թ.-ի ապրիլի 6-ին, Երևանում, ԽՍՀՄ ռազմածովային ուժերի սպայի ընտանիքում: Ավարտել է Պ.Ս. Նախիմովի անվան սևծովյան բարձրագույն ռազմածովային վարժարանը, այնուհետև սովորել է ծովակալ Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայում, որից հետո ուսումը շարունակել է ՌԴ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում:

Ծառայությունն անցել է Հյուսիսային նավատորմում` «Ադմիրալ Յումաշև» նավի վրա: 2007 թ.-ի մայիսից զբաղեցրել է Սևծովյան նավատորմի Նովոռոսիյսկի ռազմածովային կայանի հրամանատարի պաշտոնը, բայց կարճ ժամանակ անց վերագործուղվում է Խաղաղօվկիանոսյան նավատորմ:

Ռուսաստանի նախագահի՝ 2010 թ.-ի օգոստոսի 25-ի հրամանով Ավագյանցը նշանակվում է Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի պետի պաշտոնում:

Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնն զբաղեցնում է 2012 թ.-ի մայիսի 3-ից: 2014 թվականին նրան շնորհվում է ծովակալի կոչում:

Ծառայության ընթացքում պարգևատրվել է մի շարք շքանշաններով, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, «Ռազմական ծառայության համար», «Ծովային ծառայության համար», «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշաններով և այլն:

Բ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #18 (1087) 14.05.2015 – 20.05.2015, Ճակատագրեր


14/05/2015