Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԱՌԹԻՎ
ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԱՌԹԻՎ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա պանծալի առիթով մեր շնորհավորանքն ու օրհնությունն ենք բերում հայոց բանակի ողջ զինվորյալ դասին:

Հիրավի Հայրենական մեծ պատերազմի տարիներին շատ ազգեր և պետություններ փորձեցին մեծ արյան գնով պահպանել իրենց ապրելու իրավունքը, որի արդարացի հաղթանակը փափագելի էր յուրաքանչյուրի համար: Ահա այդ հաղթանակի կերտմանը իրենց անուրանալի ներդրումն են ունեցել բազում հայորդիներ, որոնց սխրանքներն ու մարտական փառավոր ուղին անջնջելի հետք են թողել մարդկության պատմության մեջ, որը ոգեղեն աղբյուր դարձավ Շուշին ազատագրող ու Արցախյան պատերազմին մասնակից մեր հայորդիների համար:

Շուշիի ազատագրումը շրջադարձային նշանակություն ունեցավ Արցախյան գոյապայքարի ընթացքում, որի համար մենք պարտավոր ենք միայն ու միայն այն հերոսներին, ովքեր հայրենիքի կարոտը իրենց սրտերում՝ ոտքի ելան և առ Բարձրյալն հավատով մղված նետվեցին պատերազմի դաշտ՝ դադարելով սովորական մարդ լինելուց, կերպարանափոխվեցին՝ դառնալով Արցախ աշխարհի կենդանի վահանն ու պաշտպանը:

Այժմ, երբ հետադարձ հայացք ենք գցում ու մտածում, թե արդյոք երկու տասնամյակներ առաջ մեր արցախահայությունը երբևիցե կարող էր մտածել, թե մի օր կարող էր վերագտնել Արցախ աշխարհի սիրտը՝ Շուշին, քսաներորդ դարի հայ դպրության և մշակույթի օրրանը: Շուշիի ազատագրմամբ մի նոր լույս բացվեց Արցախի վրա, ազերիական նենգ հաշիվներով հայության համար վճռված մահը՝ Քրիստոսով կյանքի փոխակերպվեց, որի առհավատչյան է մեր օրեցօր շենացող և առ հավատով ծաղկող Արցախը:

Աստված Ինքն առաջնորդեց մեզ հաղթանակի:

Այդ հաղթանակը հիմք դարձավ նաև կանոնավոր բանակի ստեղծմանը, որը մեր այսօրվա անկախ պետականության հզորության հիմնական գրավականն է:

Սիրելի՛ սպաներ և զինվորներ, այս տոնական օրվա առիթով մեր աղոթքն ենք վեր առաքում առ Բարձրյալն Աստված և հիշում ենք մեր բոլոր հայորդիներին, ովքեր ապրեցին «Հոգին առավել է, քան մարմինը» գիտակցությամբ ու հավատով և իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն արդարության վերականգնման:

Նրանք՝ մեր նահատակ հայորդիները, խիզախումի և ազգասիրության իրենց սխրանքներով մշտապես օրինակ պետք է լինեն մեզ բոլորիս համար: Քանզի Հայրենական մեծ պատերազմն ու Արցախյան հերոսամարտը հայ զինվորի և զորականի՝ իր հայրենիքին նվիրված լինելու փաստացի վկայությունն են:

Թող Աստված Իր Աջի օրհնության ներքո պահի Հայաստան և Արցախ աշխարհները, Հայոց զորացյալ բանակը, Իր Սուրբ Հոգու զորությամբ առաջնորդելով նորանոր ձեռքբերումների և հաղթանակների. ԱՄԵՆ: