Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ



Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով՝ հայերի թիվը ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում:

♦♦♦

200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

♦♦♦

Խորհրդային Միության Հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը: 27 հայ զինվորական դարձել է Փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչմանը:

♦♦♦

Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է նաև 64 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա:

♦♦♦

Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի սպաների թվով հայերը 4-րդն են ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո: Նշենք նրանցից մի քանիսի անունները` ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց (կամ Սերգեյ Խուդյակով), բանակի գեներալ, հետագայում` մարշալ Հովհաննես Բաղրամյան, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակով, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Օրբելի, տանկային զորքերի գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյան, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյան և շատ այլ փառապանծ անուններ:

Պատրաստեց Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #17 (1086) 7.05.2015 – 13.05.2015, Պատմության էջերից


07/05/2015