Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ` ՄՈՍԿՎԱՅԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՒՄ



ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի հրամանատարությամբ ապրիլի 25-ին մեկնեց Մոսկվա` նախապատրաստվելու և մասնակցելու 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված` ցուցադրվող նոր զինտեխնիկայի և անձնակազմի թվաքանակի առումով աննախադեպ զորահանդեսին:

Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակով հանդիսավոր կանցնեն մեր 72 զինծառայողները, որոնցից 64-ը՝ շարասյան կազմում, իսկ առջևից կքայլեն սպաներն ու դրոշակակիրները` տանելով ՀՀ պետական և լեգենդար Թամանյան դիվիզիայի դրոշները: Հայ զինվորները կներկայանան հայկական զինված ուժերի դաշտային համազգեստով՝ տոնական տարբերանշաններով համալրված:

Զորահանդեսին մասնակցող մեր զինծառայողների կազմը որոշելու համար կատարվել է խիստ ընտրություն: Շարային գերազանց պատրաստություն և 1,75 մետրից ոչ պակաս հասակ ունեցող տղաներն ընտրվել են տարբեր զորամասերից: Նրանց հետ ամենօրյա հագեցած պարապմունքներ են անցկացվել: Մեկնելուց առաջ զինված ուժերի ղեկավարությունը անձնակազմի շարային ստուգատես է անցկացրել, տրվել են վերջնական ցուցումներ: Այս օրերին պարապմունքները շարունակվում են Մոսկվայում: Նախապատրաստական գործընթացը վերահսկվում է մեր սպաների կողմից: Նրանցից մի քանիսն արդեն մասնակցել են զորահանդեսների, այդ թվում` Մոսկվայում, և պատկառելի փորձ ունեն:

Մեր զինծառայողների համար ստեղծվել են ծառայողական և կենցաղային բոլոր անհրաժեշտ պայմանները: Նրանք տքնաջան պարապում են՝ գերազանց ներկայանալու համար: Տղաները մարտական են տրամադրված, գիտակցում են, որ մայիսի 9-ին ներկայացնելու են մեր պետությունը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ապրող յուրաքանչյուր հայի: Իրենց մասնակցությամբ ամբողջ աշխարհին հիշեցնելու են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում մեր ունեցած դերի, մեր պապերի անօրինակ սխրանքի մասին:

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/04/2015