Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՏՔ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԼԻՆԵՆՔ



Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին հարավային զորամասերից մեկում էի, որտեղ զրույցները սպաների, զինվորների, պայմանագրայինների, երկրապահ կամավորականների հետ բազմաթիվ հարցեր էին շոշափում, սակայն տալիս էին մեկ պատասխան` մեր ուժը մեր միասնության մեջ է: Եվ վերնագիրն էլ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Վ. Քոչարյանի հետ մեր զրույցի վերջին նախադասությունն էր.

-Պետք է միասնական լինենք եւ միասնակամ,- ասաց հարգարժան գնդապետը:

Համաձայն մարտական պատրաստության պլանի` զորամիավորման բոլոր սպառազինությունների պետերը, հրամանատար, գեներալ-մայոր Ա. Մակարյանի գլխավորությամբ, մոտոհրաձգային զորամասում իրականացնում էին մարտական պատրաստության, զորամասի առօրյա գործունեության, զինվորական կարգապահության վերահսկման հարցեր ինչպես զորամասում, այնպես էլ մարտական բոլոր հենակետերում: Դա զորամասերին օգնության ցուցաբերման անհրաժեշտ միջոցառում է: Մարտական հենակետերից երեկոյան վերադառնալուց հետո տեղի ունեցավ ամփոփում, որից հետո շտաբի պետ, գնդապետ Վ. Քոչարյանն ասաց.

-Մեր նպատակն է նոր ուսումնական փուլից սկսած` ուսումնասիրել, ծանոթանալ մարտական պատրաստության, մարտական հերթապահության ծառայության գործընթացներին, պահանջներին` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի հրամանների: Հաշվի առնելով լարվածությունը, Հայաստանում տեղի ունեցող լուրջ միջոցառումները՝ նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, ևս մեկ անգամ կարևորում ենք զգոնության անհրաժեշտությունը, որովհետև մենք քաջ գիտակցում ենք, թե ինչ արձագանք է տալիս մեր հակառակորդը մեր ողբերգությանը: Եվ հայոց բանակի ամեն մի զինծառայող քաջատեղյակ է թշնամու մտադրություններին: Ելնելով այդ ամենից՝ հարկ ենք համարում ևս մեկ անգամ ստուգել մեր ուժերը. ինչպես են մարտական հերթապահություն իրականացնում, պատրաստվում մարտական գործընթացներին:

Մեր ստուգումներից հետո կարող եմ ասել, որ զորամասում մարտական պատրաստության ծրագիրը յուրացվել է, մարտական հերթապահության հարցերը համապատասխանում են և՛ պաշտպանության նախարարի, և՛ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններին: Ուզում եմ հատկապես նշել զորամասի նոր հրամանատարի` գնդապետ Ս. Գրիգորյանի բանիմացությունը, սկզբունքայնությունը: Լուրջ առաջընթաց կա, և վստահորեն կարող եմ ասել, որ ուսումնական տարվա ավարտին զորամասն իր առջև դրված բոլոր խնդիրները կկատարի: Նաև պետք է հիշենք, որ գունդն ունի լավագույն ավանդույթները: Այս գնդի ազատամարտիկները եղել են հայոց նորաստեղծ բանակի կորիզը, և նրանց հիմք դրած լավագույն ավանդույթներն այսօր շարունակում է զարգացնել սպայական անձնակազմը:

Զորամասում, ճիշտ է, դեռ կան անելիքներ մարտական պատրաստվածության, հերթապահության առումով, և դա պետք է իրականացնել անընդմեջ, որպեսզի մեր երկրի պաշտպանվածությունը այս պայմաններում լինի առավելագույնը: Այսօր զորամասը մարտական հերթապահություն է իրականացնում բնակլիմայական բարդ պայմաններում: Եվ չնայած այդ պայմաններին, զինծառայողները երբեք չեն ընկճվում: Նրանք գիտակցում են, թե ինչպիսի իրադարձությունների նախօրեին ենք, ինչպիսի մարտահրավերներ կան, և ի հեճուկս մեր թշնամու` նրանք պատրաստ են կասեցնելու ամեն մի ոտնձգություն և հարկ եղած դեպքում անցնել հակահարձակման:

Մեր զինվորը պատմությունից գիտի, որ նախկինում հայ մարդը իրավունք չուներ զենք կրելու և զրկված էր սեփական բանակը ունենալու հնարավորությունից: Եվ դա էր պատճառը, որ եղավ ապրիլի 24… Իսկ այսօր ունենք անկախ պետություն, հաղթանակած բանակ: Եվ պետք է տեր կանգնենք մեր երկրին, մեր իրավունքին: Թշնամին պետք է հասկանա, որ ամեն մի ազգ պետք է ապրի ազատ և իր հայրենիքում: Մենք իրավունք չունենք աղերսելու, լալկան լինելու: Մեր գոյության գրավականը մեր ուժեղ ու հզոր լինելն է, մեր պայքարն ու մեր զենքն է: Հետեւաբար մեր ուժը մեր ամուր ոգու մեջ է, որն էլ այսօր գիտակցում են մեր սպաներն ու շարքային զինվորները: Իսկ մեր ամրությունը՝ միասնական ու միասնակամ լինելն է:

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Ազգային բանակ


30/04/2015