Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՐՎԱՃԱՌԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ



1993-ի գարնան սկզբին հայկական ուժերը երեք ուղղություններով գրոհեցին Վարդենիսի արևելքին, Լաչինի միջանցքի հյուսիսին ու Մարտակերտի արևմուտքին սպառնացող դիրքերի համակարգը, որի անունն էր Քարվաճառ: Նրա հետ էին հարաբերվում միջանցքում մղվող մարտերը, նա էր վտանգում Մարտակերտի շրջանի՝ փետրվարին սկսված ազատագրման գործողության հետագա զարգացումը, սպառնում սակավաբնակ Վարդենիսին (մինչ շարժումը շրջանի բնակչության 64%-ն ադրբեջանցիներ էին), և վերջապես, երկնքում էլ Քարվաճառն առավել քան լուրջ վտանգ էր հատկապես զավթված Շահումյանում հայդուկային պայքար ծավալած մարտիկների հետ ուղղաթիռային կապի պահպանման համար:
Մարտակերտ քաղաքը դեռ չէր ազատագրվել, Պուշկի յալի ու հեռուստաաշտարակի բարձունքներում ծանր կռիվներ էին, և թշնամին չէր սպասում, թե հայկական ուժերը կգրոհեն Քարվաճառը: Արևմտյան ուղղության գործողությունը ղեկավարում էին Գուրգեն Դալիբալթայանն ու Հրաչ Անդրեսյանը, Մարտակերտի ճակատից՝ Ավոն…., իսկ միջանցքի կողմից՝ այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Ապրիլի 2-ին գրավվեց կենտրոնական՝ Քարվաճառը Գյանջային կապող ճանապարհի խաչմերուկը, իսկ երեք օր անց հայկական ուժերը դիրքավորվում էին Օմարի լեռնանցքում:

ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Վարդենիսին սպառնացող կրակակետերի հրետանային հետախուզությունն իրականացվեց հունվարին, եւ պատրաստվեցին քսանից ավելի խոշոր կրակակետերի ու հենակետերի վերաբերյալ բոլոր տվյալները: Իսկ մարտին սկսվեց հրետանու՝ հիմնականում ԲՄ-21, Դ-20, Դ-30 եւ ինքնագնաց հրետանային կայանքների կրակադիրքերի զբաղեցումն ու նախապատրաստումը երեք՝ Զոդի, Ազիզլուի ու Զարքենդի ուղղություններով, որոնք ղեկավարում էին այսօր գնդապետներ Ալբերտ Մկրտչյանը, Վոլոդյա Մխիթարյանը եւ գեներալ-մայոր Մարտին Կարապետյանը, իսկ ողջ հրետանու գործողությունը համակարգում էր հրետանու վարչության շտաբի պետ գնդապետ Լեւոն Միքայելյանը:
Հրետանային նախապատրաստությունը տեւեց շուրջ 40 րոպե: Ապա հետեւակն առաջ գնաց, ու… նոր հանձնարարություններ այլեւս չհետեւեցին: Պարզվեց՝ թշնամին այնքան արագ էր նահանջել, որ ո՛չ կրակակետերն էին հայտնաբերվում, ո՛չ էլ դրանց խոցման անհրաժեշտություն էր առաջանում… Ալբերտ Մկրտչյանը հիշում է, որ միայն մի անգամ կարգադրեցին խփել Օմարի լեռնանցքին, երբ, օգտվելով այն հանգամանքից, որ խաղաղ բնակչության անվտանգ հեռանալու համար հարձակումը կանգնեցվել էր, թշնամին սկսել էր ծանր տեխնիկան դուրս բերել ընկնող շրջանից: Սակայն ճանապարհի վրա ռեակտիվ հրետանու մեկ լրիվ համազարկ արձակելով՝ այդ փորձը ձախողվել էր:
Հարձակումը զարգանում էր նաեւ Մարտակերտի ուղղությունից: Նախօրեին պաշտպանության բանակի շտաբը տեղափոխվեց Դրմբոն: Հրետանու մի մասն ուղարկվեց Քարվաճառի ճակատ, իսկ մյուս մասը մնաց պաշտպանելու Մարտակերտի թիկունքն ու հատկապես՝ դեպի Դրմբոն եւ Կուսապատ ձգվող ճանապարհը, որպեսզի թշնամին չկարողանար անցնել Քարվաճառը գրոհող ինքնապաշտպանության ուժերի թիկունք:
Վանք-Նարեշտար հատվածի հրետանային հետախուզությունն իրականացվել էր Սանասար Գյուրջյանի գլխավորությամբ, իսկ Մարտակերտի ուղղության հրետանային ստորաբաժանումները ղեկավարում էին Արմեն Գրիգորյանը, Արամ Առուշանյանը եւ այսօր պահեստի գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանը: Իսկ Լաչինի ուղղության հրետանու պետը Սերգեյ Հարությունյանն էր:
Գեներալ-մայոր Գեորգի Գասպարյանի վկայությամբ, Քարվաճառում թեեւ միմյանց հաջորդող լեռնաշղթաներ էին՝ առավելապես ականանետների աշխատանքի տեղանք, բայց հրետանին մեծ դեր ունեցավ: Ամենադժվարը գիծը ճեղքելն էր՝ Աղդաբանի առումը, որտեղ թշնամու ուժերի մեծ կուտակումներ կային, որոնք հրետանու հարվածներից նահանջեցին: Դրանից հետո արդեն տեսադաշտ բացվեց, հրետանին դիպուկ կրակ էր վարում, եւ Կիրովաբադ փախչող խուճապահար բանակը հսկա ռազմավար թողեց, նաեւ հրթիռահրետանային բազմաթիվ կայանքներ, հրետանային սարքեր ու սպառազինություն, ինչը թույլ տվեց հենց տեղում նորոգել ստորաբաժանումների հրթիռահրետանային տեխնիկան, եւ դեռ պաշտպանության բանակում ձեւավորել նոր ստորաբաժանումներ:
Մինչդեռ Գուրգեն Դալիբալթայանն ու հրետանու գնդապետ Ներսես Մուրադյանն Չափլինում հին խաչքարեր էին գտել, որոնք ադրբեջանցիները դրել էին ջրատարների վրա, որ ոչխարներն անցնեին. բարկությունից լաց էին եղել, ապա տեղափոխել գերեզմանոց…

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Սակրավորների վկայությամբ, Քարվաճառի ազատագրմանը թեեւ ինժեներական մեծածավալ աշխատանք նախորդեց հատկապես Մարտակերտի ուղղությունից, սակայն քիչ ականազերծում կատարվեց: Հարձակումն անակնկալ էր թշնամու համար, որ փախչելիս գրեթե ոչինչ չհասցրեց անել եւ հիմնական աշխատանքը նախօրեին էր, երբ հետախույզների հետ ճշտում էին շարժման երթուղիները:
Այսօր գնդապետ Ռաֆայել Հակոբյանը, որ ականազերծել էր ճանապարհը Զերթիի ուղղությամբ, հիշում է, որ ադրբեջանցիները դիրքերում խրտվիլակներ էին դրել ու խուճապահար փախել էին, գիտենալով, որ թիկունքը հանձնված է, իսկ Օմարի լեռնանցքով անցնող միակ ճանապարհը՝ կրակի տակ է: Այս ուղղությամբ առաջացող զորքերը շուտով ազատագրեցին նաեւ այն տարածքը, ուր անցած դեկտեմբերին, հայտնվելով դարանում, մինչեւ վերջ կռվելով զոհվել էին 17 կամավորներ: Թշնամին, հավատարիմ իր տմարդի սովորությանը, ականապատել էր ոչ միայն մարտի վայրը, այլեւ՝ զոհվածների մարմինները: Անսովոր այդ ականազերծումը Մուշեղ Նավոյանն իրականացրեց…
Իսկ Մարտակերտում ձյունը ծածկել էր ամեն ինչ, եւ Ինքնապաշտպանության ուժերի ինժեներական վաշտի ողջ տեխնիկան Մարտակերտի ու Քարվաճառի ճանապարհներն էր մաքրում: Բացի այդ, թշնամուն անակնկալի բերելու համար Աղդաբանի կողմից շրջանցիկ ճանապարհ կառուցեցին, ու ադրբեջանցիների համար հարվածն անսպասելի եղավ…
Փոխգնդապետ Ֆելիքս Բագրատյանի եւ այլ սակրավորների վկայությամբ, մեծածավալ ականազերծումը սկսվեց շրջանի ազատագրումից հետո. թշնամին հասցրել էր ականապատել զինապահեստները ու նաեւ բավական «անակնկալներ» տեղադրել:

ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Արեւմտյան ուղղությունում մարտի սկզբին առաջին անգամ գեներալ Լեոնիդ Մարտիրոսովն ու Արմեն Ազարյանը տեղազննություն իրականացրին եւ, գործողությանը մասնակից զորքերի դասավորության կարգի որոշումից մեկ ամիս չանցած, 93-ի դաժան ձմռանն արդեն բարձրադիր այդ հատվածում, կապավորների հերոսական ջանքերով ամենուր գծալարային կապ կար:
1992-1995 թվականներին կապի եւ ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, պահեստի գնդապետ Ալեքսանդր Բալբաբյանը հիշում է, որ եղած աղքատիկ հնարավորություններից կապի բավական միջոցներ հատկացվեցին այս ուղղության զորքերին, կազմակերպվեց ռադիոկայանների պետերի արագացված ուսուցում, օգտագործվեցին նաեւ շրջանային ռադիոհեռուստաաշտարակների հնարավորությունները: Բարձրլեռնային ու կտրտված տեղանքով այդ տարածքներում հնարավորինս երկար ժամանակ կապ ապահովելու համար հրամանատարաշտաբային մեքենան առավելագույնս մոտեցրել էին ճակատի գծին: Այնինչ, սրընթաց հարձակման անցնելուց հետո, երբ հայկական ուժերը երկու սար այն կողմ անցան, կապը կորավ:
Եվ երբ Մարտակերտի ճակատում պարզ դարձավ, որ ինքնապաշտպանության ուժերն անցնում են տեւական պաշտպանության, կապավորները երեք օրում գծալարային կապի համակարգ ստեղծեցին, ինչը թույլ տվեց Քարվաճառի ազատագրման նախօրեին լրիվ ապահովել կապի գաղտնիությունը: Իսահակ Մարգարյանը հիշում է, որ ցերեկները թշնամին դիպուկ կրակ էր վարում, եւ ստիպված գիշերներն էին աշխատում: Ինքնապաշտպանության ուժերի կապի պետ, վաղամեռիկ գեներալ-մայոր Արթուր Փափազյանը կապավորների իր խմբով զորքերի հետ հարձակման կենտրոնական ուղղությունում էր, որտեղ էր նաեւ մարտկոցները լիցքավորող շարժական կայանքը, քիչ ետեւում՝ Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատարաշտաբային մեքենան էր, եւս մեկը՝ Դրմբոնում՝ բանակի շտաբում, որի պետը Աշոտ Այդինյանն էր:
Իսկ շրջանի ազատագրումից հետո նոր հենակետերը գծալարային կապով ապահովելու համար հսկայական աշխատանք կատարեցին Լեւոն Դոխոյանը, Արմեն Ազարյանն ու Ֆերդինանդ Սոլոմոնյանը:

(Շարունակելի)

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ

Խորագիր՝ #17 (882) 4.05.2011 – 11.05.2011, Պատմության էջերից


12/05/2011