Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՆՉ ՕՐՍ՝ ԱՆՓՈՓՈԽ



«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում` Հովտաշատ գյուղի շրջանում, կարելի է տեսնել աներեւակայելի չափսերի տարօրինակ սարքավորում, որը նման է անսովոր սպիտակ սնկի:
Այդ «սունկը»` «Скала-МПР» ռադիոտեղորոշիչ կայանն է, որն ապահովում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի օդանավերի անվտանգությունը: Եթե ավիացիայում ընդունված է օդանավի սիրտը համարել շարժիչը, ապա, սովորաբար, ռադիոտեղորոշման համակարգի աչքեր են անվանում ալեհավաքը, ինչի շնորհիվ անցյալ դարի 80-ական թվականներին հայ գիտնականների ստեղծած «Скала-МП» ռադիոտեղորոշիչ համակարգը մինչ օրս էլ համապատասխանում է գերժամանակակից պահանջներին:
♦♦♦
Ռադիոտեղորոշման բնագավառի զարգացման պատմությունը սկիզբ է առել հեռավոր 30-ականներին, երբ «ռադիոտեղորոշում» տերմինը նույնիսկ գոյություն չուներ: Այդ տարիներին խոշոր գիտական կենտրոններում աշխատող խորհրդային գիտնականներին գաղտնի հանձնարարություն էր տրվել` մշակել «օդանավերի ռադիոորսիչ» համակարգեր, որոնք օգտագործվելու էին միայն ռազմական նպատակներով, հիմնականում զենիթային հրետանու լուսարձակներով թռչող օդանավերին հայտնաբերելու համար: 1937 թ. «РУС» համակարգը, հաջողությամբ անցնելով ռազմադաշտային փորձարկումները, համալրում է ԽՍՀՄ հակաօդային պաշտպանության ուժերի սպառազինությունը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նրա մոդիֆիկացիաների` «РУС-2» եւ «РУС-2с» համակարգերի օգնությամբ բազմիցս ետ մղվեցին թշնամու ավիացիայի հարձակումները, հատկապես Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի,Նովոռոսիյսկի եւ Սեւաստոպոլի պաշտպանության ժամանակ: 1946 թ. հուլիսին Խորհրդային կառավարությունն ընդունեց հայրենական ռադիոտեղորոշման գերակա զարգացման եռամյա ծրագիրը՝ թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական նպատակներով օգտագործելու համար, որը շրջադարձային էր:
1964 թ-ին Լիանոզովսկում սկսվեց «Утес» ռադիոտեղորոշիչի արտադրությունը: Նոր ռադիոտեղորոշիչը իսկապես նման էր մի հսկա սնկի` այն կազմված էր հիմնական աշտարակից, որի գմբեթի տակ տեղակայված էր մեծ ալեհավաքը, իսկ կառույցի ստորին մասում գտնվում էին սարքավորումները: Տասը տարի անց լիանոզովցիները ստեղծում են «Скала» անվանումով նոր ռադիոտեղորոշիչ: Եվ, ինչպես նշում է տ.գ.թ Հակոբ Հարությունյանը, ալեհավաքը դեռեւս մնում էր համալիրի «Աքիլեսյան գարշապարը»: Համալիրի կատարելագործման աշխատանքները հանձնարարվում են մի խումբ հայ մասնագետների՝ գիտության ոլորտում ԽՍՀՄ Լենինի ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիր տ.գ.թ Ջոն Հարությունյանի գլխավորությամբ:
Երեք տարի շարունակ օդերեւութաբանական կայանի կառուցման լարված աշխատանքներ էին ընթանում: Կայանում, Ջոն Հարությունյանի մշակած նոր մեթոդիկայով պետք է փորձարկվեին գերբարձր հաճախականության ալեհավաքների համակարգերը, որոնց բարդ տեխնիկական բնութագիրը գործնականում նշանակում է ժամանակակից կարողությունների արդյունավետ օգտագործումը թռչող օբյեկտներ հայտնաբերելու եւ հետեւելու համար, որն այսօր հաջողությամբ կիրառվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ավիացիայում: Ի դեպ, 1974 թ. այս համակարգը օգտագործվել է «ԲՈՒԿ» զենիթահրթիռային կոմպլեքսի նախատիպի ալեհավաքների փորձարկումների ժամանակ, որից հետո խորհրդային զինվորականները միաձայն նշել էին հայ գիտնականի հաշվարկների ճշգրտությունը: 1980 թ. Ջոն Հարությունյանի առաջարկած նոր տիպի օրիգինալ համակարգի նախագիծը, որը նախատեսված էր քաղաքացիական ավիացիայի ռադիոտեղորոշման համալիրների համար, կրկին արժանանում է բարձր գնահատականի եւ համամիութենական բարձր պարգեւի:
1982-ին «Скала-МП» ուղեգծային տեղորոշիչ (ТРЛК) համալիրի օրինակը, որը նախատեսված էր միայն քաղաքացիական ավիացիայի կարիքների համար, հաջողությամբ անցնում է փորձարկումները եւ դրվում սերիական արտադրության: Ապա համակարգերի առաջին հինգ նմուշների արտադրության պայմանագրի մեջ, Ջոն Հարությունյանի առաջարկով, մի կետ է ավելացվում, ըստ որի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում «Скала-МПР» ուղեգծային ռադիոտեղորոշիչ պետք է տեղադրվեր: Ցավոք, տաղանդավոր երիտասարդ գիտնականը 1982 թ. օգոստոսին մահացավ: Սակայն, «Скала-МПР» -ի գլխավոր կոնստրուկտոր` տ.գ.դ Գեորգի Ռաբինովիչի շնորհիվ համալիրը` ТРЛК-11 անվանումով, որպես հարգանքի տուրք հայ գիտնականին` ով իր համախոհների հետ միասին կարողացավ ստեղծել յուրահատուկ ալեհավաքային համակարգ, որը երկար տարիներ չուներ իրեն հավասարը ամբողջ աշխարհում, տեղադրվեց «Զվարթնոց» օդանավակայանում:
– Օդանավակայանում տեղադրված ռադիոտեղորոշիչ համակարգերը` որոնցից մեկը «ТРЛК-11»-ն է, օնլայն կարգով մշտապես անհրաժեշտ տեղեկություն են տրամադրում մեր ծառայությանը: Վերջին մի քանի տարիների ընթացքում ռադիոտեղորոշիչը անցել է փուլային բարդ մոդերնիզացիա` հին սարքավորումները փոխարինվել են նորերով, սակայն ալեհավաքային համակարգը մինչ օրս էլ մնացել է նույնը եւ շարունակում է արդյունավետ գործել՝ վերահսկելով մինչեւ 320 կմ շառավղով թռչող օդանավերի ընթացքը,- ասում է «ՀԱՅԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Գեւորգ Սիմոնյանը:
Իհարկե, ռադիոտեղորոշումը մշտապես բարելավվում է` փոփոխվում են տեխնոլոգիաները, կիրառվում են ավելի ժամանակակից նյութեր եւ կոնստրուկցիաներ, ինչը ավելի է արժեւորում քսաներորդ դարի վերջին հայկական ինժեներիայի մտավոր ուժով ստեղծված «Скала-МПР» (ТРЛК-11) ռադիոտեղորոշիչ համակարգը, որը մինչ օրս էլ անփոփոխ է մնում:

ՍԵՅՐԱՆ ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #17 (882) 4.05.2011 – 11.05.2011, Ռազմական


12/05/2011