Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Ո՞ՒՄ ԴԱՐԴՆ ԵՆ ԼԱՑՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ...
Ո՞ՒՄ ԴԱՐԴՆ ԵՆ ԼԱՑՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ…

Այն, որ Թալիշական շարժումը դարձել է տարածաշրջանային նշանակության գործոն, արդեն ոչ մի տարակույս չկա:
Այո՛, այդպես է:

Այլ կերպ չէր էլ կարող լինել: Համարյա երկու միլիոնանոց մի ժողովուրդ իր հարազատ տարածքների, իր պապենական հողերի վրա ապրում է իրավազուրկի կարգավիճակով: Այդ երկիրը Թալիշստանն է, որը Ադրբեջան անվանվող սարքովի ու հորինովի պետությունում Հարավային գոտի է անվանվում:

Թալիշ լինելն այդ կեղծ հանրապետությունում վտանգավոր է, և ընդհանրապես, Աստված ոչ անի, եթե հանկարծ մեկն այնտեղ խոսի իր ազգային պատկանելության մասին, ազգ ու տակով կկորչի կամ առնվազն հետապնդումների կենթարկվի…

Ահա այսպես, թալիշ ժողովուրդն այսօր տարածաշրջանային քաղաքական ամենից ուժեղ փաստարկներից է, ինչը փորձում են շահարկել բոլորը, ով չի ծուլանում: Այս խնդրին հատկապես թունդ են կպել ամերիկացիները. նրանք էլ են ուզում Ադրբեջանի ենթադրելի քաղաքական զարգացումներում սեփական դերակատարումն ունենալ: Չեն ուզում ուրիշներից հետ մնալ… Ուրիշներից, ասել է թե՝ հայերից, ռուսներից, իրանցիներից: Նրանց թվում է, որ Թալիշական շարժումը պետք է, որ այդ երեք պետություններից մեկի կողմից հրահրված լինի և, իհարկե, ամենից շատ Ռուսաստանին են կասկածում:

Նրանց մտքով չի էլ անցնում, որ Թալիշական շարժումը կարող է անկախ երևույթ լինել` թալիշ ժողովրդի իղձերի արտահայտիչը: Նրանք չեն կարող հասկանալ, որ թալիշները մահու չափ հոգնել և զզվել են ադրբեջանա-թուրքական լծի տակ ապրելուց, որ նրանք ամեն ինչի կգնան, միայն թե ազատվեն թուրք-թաթարական ատելի տիրապետությունից:

Ամերիկացիներն այս ամենը հասկանալ չեն կարող: Թալիշական շարժումը նրանք ընկալում են որպես արհեստածին մի երևույթ: Եվ պատահական չէ, որ ամերիկացի հեղինակները այդպես հաճախ են անդրադառնում թալիշներին, նրանց հեռուստատեսությանը, նրանց պայքարին: Այդ հեղինակների անունները, որոնք պատկառելի հոնորար են ստանում Ադրբեջանից, հայտնի են՝ Պոլ Գոբլ («Հայ զինվորն» անդրադարձել է նրա հոդվածին), Բրեդլի Ժարդինե, Ռայնե Մաքքարել… Հայտնի են նաև նրանց խզբզանքների գլխավոր լեյտմոտիվները՝ թալիշների թիվը Ադրբեջանում 80,000-ից մինչև 110,000 է, աննշան մի թիվ, որ չի կարող քաղաքական զարգացումներում որոշիչ լինել, եւ որ թալիշների ազգային կամարտահայտությունն ամենեւին էլ ինքնածին չէ, այլ բացառապես դրսից ներմուծված և դրսից էլ խրախուսվող…

Եվ ահա օրերս վերը հիշատակված ամերիկացի հեղինակներից վերջին երկուսը հանդես են եկել նոր՝ «Ինչպես ինչ-որ էթնիկ խումբ հայտնվեց աշխարհաքաղաքական խարդավանքների կենտրոնում» հոդվածով: Ինչի՞ մասին է այդ հրապարակումը: Նույն թեմաների մասին, ինչ նախորդները. նույն դատարկ ճամարտակությունները, նույն անմիտ եզրահանգումները: Ոչ մի նոր բան:

Մենք փորձեցինք գոնե էական, խելքը գլխին ինչ-որ բան գտնել այդ հոդվածում՝ պատասխանելու, մանրամասն վերլուծելու համար, բայց, ցավոք, չգտանք: Միակ նորությունն այս անգամ թերևս այն էր, որ հրապարակման մեջ իսպառ բացակայում էր ԹԱՀ-ի («Թալիշստանի ազգային հեռուստատեսություն») անվան հիշատակումը: Փաստ, որ անմիջապես մերկացնում է պատվիրատուներին. հայտնի է, որ Ադրբեջանում արգելված է ԹԱՀ-ի հիշատակումը:

Իսկ այս ամենը որոշակի ու հստակ մի բան է նշանակում՝ Թալիշական շարժումը տարածաշրջանային զարգացումների ակնհայտ փաստ է, որը ոգեշնչվում և բորբոքվում է Թալիշստանի ազգային հեռուստատեսության ազդականչերով:

Պատրաստեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ