Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է ԻՐԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԵՐԸ



Իրանի ժողովուրդը տոնում է իր հաղթանակը: Ժողովուրդը շնորհակալություն է հայտնում իր բանագնացներին` պատերազմի և պատժամիջոցների ծանր ստվերը իրենց գլխից հեռացնելու համար:

Ռուսական մամուլը շվեյցարական Լոզան քաղաքում ձեռք բերված համաձայնագիրը համարում է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ նույնիսկ ամբողջ աշխարհի քաղաքական-տնտեսական «դիմագիծը» փոխող իրադարձություն:

Հայ շարքային քաղաքացին իր ֆեյսբուքյան էջում այսպես է արձագանքում Իրան-Արևմուտք համաձայնագրին. «Սառույցը հալվեց։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտվել են դրական արդյունքով, իսկ դա շատ բան է նշանակում։ Նշանակում է, որ շուտով կհանվեն Իրանի վրա դրված պատժամիջոցները, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսական թոքերը կարող են բացվել. ավելի ազատ առևտուր, ավելի անկաշկանդ տնտեսական հարաբերություններ, աշխարհի հետ կապի նոր ճանապարհներ։ Նշանակում է, որ ադրբեջանական նավթն այլևս հետաքրքիր չէ Արևմուտքին։ Նշանակում է նաև, որ Թուրքիան կորցնում է իր ազդեցությունը տարածաշրջանում։ Այսօրվանից մենք ունենում ենք նոր՝ ուրիշ, վերաձևվող տարածաշրջան»։

Եվ սակայն… Հանգուցալուծվա՞ծ է արդյոք մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային հիմնախնդիրը «5+1» երկրների միջև ձեռք բերված համաձայնությամբ, ի՞նչ փուլում է ԻԻՀ նկատմամբ պատժամիջոցների վերացման խնդիրը, ինչպիսի՞ն կլինի Իրանի ներգրավվածությունը Մերձավորարևելյան զարգացումներում, որը բնականաբար առաջ կբերի ԻՀՀ ավանդական մրցակիցների «խանդը», արդյոք Հայաստանը կկարողանա՞ որպես իրանական էներգետիկ պաշարների ամենից հավանական տարանցիկ երկիր, մեծացնել իր նկատմամբ հետաքրքրությունը ԻԻՀ համար, և հայ-իրանական փոխհարաբերությունների համատեքստում ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հնարավոր արձագանքը…

Այս հարցերի պատասխանները կարդացեք իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու ՌՈՒԴԻԿ ՅԱՐԱԼՅԱՆԻ՝ հատուկ «Հայ զինվորի» համար գրած վերլուծական հոդվածում:

Ապրիլի 2-ին Իրանի և «5+1» երկրների միջև ձեռք բերված համաձայնությունը դեռևս չի ապահովում ԻԻՀ միջուկային հիմնախնդրի վերջնական հանգուցալուծումը: Առայժմ կան որոշ բաց մնացած հարցեր, որոնք ենթադրում են սահմանված ժամանակահատվածում փուլային լուծումներ: Այդ հարցերից է նաև ԻԻՀ նկատմամբ պատժամիջոցների վերացման խնդիրը: Հետևաբար, ներկայումս դեռևս վաղ է հստակեցնել, թե պատժամիջոցների ամբողջական վերացումից հետո ինչպիսի դեր կստանձնի ԻԻՀ-ը տարածաշրջանային գործընթացներում:

Այդուհանդերձ, անհերքելի է այն փաստը, որ հեռանկարում բանակցային գործընթացի արդյունավետ ավարտի դեպքում որոշակիորեն կբարձրանա ԻԻՀ ներգրավվածության մակարդակը Մերձավորարևելյան զարգացումներում: Դրան կարող է նպաստել իրանական իշխանությունների նկատմամբ վստահության ավելացումը, որի բացակայությունը ցայժմ թույլ չի տվել ԻԻՀ տարածաշրջանային և արտատարածաշրջանային մի շարք երկրների հետ իրականացնել հեռանկարային՝ ռազմավարական նշանակության նախագծեր:

Ըստ այդմ՝ ապագայում կարող են տեղի ունենալ Մերձավորարևելյան խաղացողների վերադասավորումներ, և կարող է խախտվել ուժային հարաբերակցությունը տարածաշրջանում հօգուտ Իրանի, իրողություններ, որոնք, ինչ խոսք, չեն բխի ԻԻՀ ավանդական մրցակից երկրների, առաջին հերթին՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի (ինչպես նաև նրանց տարածաշրջանային դաշնակիցների՝ Ադրբեջանի և Պարսից ծոցի երկրների) շահերից:

Պատահական չէ, որ նախքան Լոզանում միջուկային հիմնախնդրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը Թուրքիան և Սաուդյան Արաբիան աչքի ընկան հակաիրանական որոշակի «պոռթկումներով»: Հիշենք Թուրքիայի նախագահի՝ Իրանի հասցեին արված մեղադրական հայտարարությունն առ այն, որ վերջինս տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու հավակնություններ է դրսևորում: Մյուս կողմից, Սաուդյան Արաբիայի ծավալած ռազմական գործողությունները Եմենում հենց Իրանի տարածաշրջանային շահերի դեմ են: Այդպիսով, կարծես Թուրքիան և Սաուդյան Արաբիան փորձեցին ուղերձ հղել «5+1» երկրներին, որ իրենք միջուկային հիմնախնդրի հնարավոր լուծումից հետո չեն համակերպվի ԻԻՀ նոր՝ առավել աշխույժ տարածաշրջանային դերակատարության հետ:

Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների աստիճանական վերացումը բնականաբար ենթադրում է Իրանի և Արևմուտքի միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ, համագործակցության ներուժի ավելացում: Իրանի էներգետիկ պաշարներն արտաքին շուկա դուրս մղելու խնդիրը խիստ կարևոր է ինչպես ԻԻՀ (Թեհրանը վերջապես հնարավորություն կստանա առանց արտաքին խոչընդոտների Արևմուտքի հետ գործակցության շնորհիվ դիվերսիֆիկացնել իր բնական հարստությունների արտահանման ուղիները) այնպես էլ Արևմուտքի համար (գոյություն ունի նավթի համաշխարհային գնի կայունացման խնդիր, որի լուծումը կարող է հնարավոր դառնալ, եթե Իրանը մեծացնի նավթի արտահանման ծավալները):

Վերոնշյալի ծիրում Հայաստանը, որպես իրանական էներգետիկ պաշարների համար հավանական տարանցիկ երկիր, կարող է մեծացնել իր նկատմամբ հետաքրքրությունների շրջանակը ԻԻՀ համար: Հնարավոր է՝ աշխուժանան երկկողմ որոշ նախագծերի ուղղությամբ տարվող աշխատանքները, կրճատվեն և հստակեցվեն Իրան-Հայաստան երկաթգծի և հյուսիս-հարավ ավտոմայրուղու նախագծերի իրականացման ժամկետները, նորից կարող է շրջանառության մեջ մտնել ՀՀ տարածքում՝ ԻԻՀ սահմանից ոչ հեռու, նավթավերամշակման գործարանի կառուցման նախագիծը, որն այսօր օրակարգից դուրս է:

Չեմ կարծում, որ հայ-իրանական փոխհարաբերությունների բարելավման ճանապարհին Հայաստանի համար կարող է խոչընդոտ դառնալ նրա ռազմավարական դաշնակից ՌԴ-ն, քանի որ «5+1» ձևաչափի մեջ մտնող երկրները, որի մասն է կազմում նաև Ռուսաստանը, Լոզանում համատեղ համաձայնությամբ, ըստ էության, ընդունել են բանակցությունների ավարտին հաջորդող հնարավոր զարգացումների տրամաբանությունը և ԻԻՀ նոր դերը:

Փաստորեն, Լոզանի համաձայնագրով ԻԻՀ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային դերի հստակեցման հիմքերն են դրվել, որոնք նախնական հավանության են արժանացել ինչպես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, այնպես էլ ՌԴ և ՉԺՀ կողմից:

Խորագիր՝ #14 (1083) 16.04.2015 – 22.04.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


16/04/2015