Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԵԼ»



Արցախում եմ, Ստեփանակերտում: Այստեղ թե՛ երթուղայինում, թե՛ խանութում, թե՛ բարեկամներիս տանը զրույցները հիմնականում երկու թեմայի` սահմանին տիրող իրավիճակի եւ Մոսկվայում մարտի 27-ին տեղի ունեցած սամբոյի աշխարհի գավաթի առաջնությունում գոտեմարտերը գերազանց անցկացրած արցախցի մարզիկ Աշոտ Դանիելյանի շուրջ են: Նա դարձել է մրցաշարի հաղթող եւ նվաճել ոսկե մեդալ: Պարգևատրման արարողության ժամանակ, սակայն, տհաճ միջադեպ է տեղի ունեցել. բրոնզե մեդալի արժանացած ադրբեջանցի մարզիկը Հայաստանի օրհներգի ժամանակ կքանստել է:

Հանդիպեցի Աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր Աշոտ Դանիելյանին:

-Հարգելի Աշոտ, շնորհավորում եմ: Դուք հերթական հաղթանակը տարաք, բայց հավանաբար այն ամենահիշվողներից է լինելու նախ այն պատճառով, որ առաջին անգամ եք հանդես եկել 90 կգ քաշային կարգում…

-Անկեղծ ասած, ես միշտ մրցումների եմ մեկնում հաջողության եւ հաղթելու վստահությամբ: Սակայն այս անգամ տվյալ քաշային կարգում առաջին տեղ զբաղեցնելն անհավանական էր թվում. մրցակիցներս բավականին ուժեղ էին, իսկ ես 90 կիլոգրամ քաշային մարզիկների հետ մենամարտի փորձ չունեի: Մինչ այդ, երեք տարի ելույթ եմ ունեցել 82 կգ քաշային կարգում: Կարգս փոխեցի, քանի որ 2015 թվականի հունիսի 12-ից 28-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք Եվրոպական 1-ին մարզական խաղերում 82 կգ քաշայինների գոտեմարտ չի նախատեսվում…

-Այսինքն` «մասնակցե՞լ Բաքվում կայանալիք խաղերին, թե՞ ոչ» շարունակ քննարկվող հարցին դրական պատասխա՞ն եք տվել:

-Այո՛: Մտահոգություններ, իհարկե, կան, ծնունդով արցախցի մարզիկների պարագայում էլ` կրկնապատիկ: Բայց հոգեպես պատրաստ եմ մեկնելուն, եւ, կարծում եմ, ճիշտը մասնակցելն է: Ինչո՞ւ չգնալ, հատկապես, որ լավ մարզավիճակում եմ եւ կարող եմ մեդալով վերադառնալ… Ես ուզում եմ, որ մեր օրհներգը Բաքվում էլ հնչի…

-Օրհներգից խոսեցիք, ինչպե՞ս կմեկնաբանեք բրոնզե մեդալակիր ադրբեջանցի մարզիկի վարքը:

-Երբ հնչեց ՀՀ օրհներգը, և ծածանվեց հայոց եռագույնը, ես հպարտություն էի զգում, եւ ադրբեջանցի մարզիկի կքանստումն ի զորու չէր ինձ զայրացնել: Նրա այդ քայլն ընդամենը նողկանք առաջացրեց: Ես դա որակում եմ որպես անգրագիտություն, ցածր ինտելեկտի արտահայտություն, մարզիկին ոչ վայել պահվածքի դրսեւորում: Միջազգային ասպարեզում մարզիկը երկրի դեմքն է, հետեւաբար այդ քայլը մի ամբողջ ազգ է բնութագրում: Պետք է ասեմ նաեւ, որ պատվանդանից իջնելուց հետո Բախտիյար Աբասովը մոտեցել է ինձ, շնորհավորել եւ ասել, որ իմ հանդեպ լավ է տրամադրված, ուղղակի հեռուստացույցով դիտում են պարգեւատրման արարողությունը, եւ իր երկրում խնդիրներ կունենար, եթե կանգնած լսեր մեր օրհներգը… Ես կարծում եմ` սպորտը պետք չէ քաղաքականացնել: Այն կոչված է միավորելու մարդկանց եւ պայքարում է ռասիզմի, ազգայնամոլության դեմ: Ես, օրինակ, գոտեմարտի ժամանակ երբեք չեմ մտածում, թե ինչ ազգություն ունի մրցակիցս…

-Իսկ ինչի՞ մասին եք մտածում:

-Մարտավարության: Սամբոյում հաղթում ես ոչ միայն ուժի հաշվին, ուղեղդ էլ պիտի հստակ գործի: Ցանկացած մարզաձեւ նախ եւ առաջ իմացություն է` հնարքների, հարվածների մշակված մի ամբողջություն: Ես ցավեցնող հնարքները լավ եմ կիրառում…

-Լսել եմ, որ Ձեր առավելություններից մեկն էլ, թերեւս, վերջին պահին ուժերը կենտրոնացնելու կարողությունն է…

-(Ժպտում է)… Միշտ երազել եմ դառնալ աշխարհի չեմպիոն: Երկու անգամ երազանքս իրականացել է: Ամենադիտարժանը, ըստ իս, 2013 թվականի սամբոյի Աշխարհի առաջնության եզրափակիչի գոտեմարտն էր: Գրեթե պարտվել էի` վերջին 40 վայրկյաններին հաշիվը 4:1 էր, բայց կենտրոնացա, ուժերս հավաքեցի եւ 7:4 հաշվով հաղթեցի: Այս խաղարկության եզրափակիչ փուլում էլ պարտության մատնեցի ռուսաստանցի Վիկտոր Օսիպենկոյին: Վերջին 20 վայրկյաններին տանուլ էի տալիս, բայց հաղթական գցում արեցի եւ դարձա ոսկե մեդալակիր: Ես պարտվել չեմ սիրում:

-Ի՞նչ եք զգում հաղթանակից հետո:

-Գուցե զարմանալի թվա, բայց դատարկություն եմ զգում… Այնքան ուժ ու եռանդ եմ ներդնում, որ հաղթանակը, կարծես, օրինաչափ է դառնում: Հաղթանակի բերկրանքն ամբողջապես զգում եմ միայն տանը. հարազատներիս, ընկերներիս, կնոջս, փոքրիկներիս` Նիկայի եւ Մոնիկայի ոգեւորվածությունն ինձ էլ է փոխանցվում:

-Դուք բազմիցս նշել եք, որ Ձեր բոլոր հաջողությունների համար պարտական եք ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի վարպետ Էռնեստ Միրզոյանին…

-4-րդ դասարանի աշակերտ էի, երբ առաջին անգամ ոտք դրեցի մարզադահլիճ: Դա գիտակցված ընտրություն չէր, ուղղակի Ստեփանակերտում սամբոն մեծ տարածում ուներ, իմ բոլոր համադասարանցի տղաները հաճախում էին մարզումների, ես էլ որոշեցի հետ չմնալ: Առաջին եւ միակ մարզիչս Էռնեստ Միրզոյանն է: Նա ոչ միայն իր գործի հմուտ գիտակ է, այլեւ իսկական հոգեբան, հրաշալի մարդ, որ կարողանում է ոգեւորել, գոտեպնդել եւ պահանջել: Այո՛, բոլոր հաղթանակներիս համար նրան եմ պարտական: Էռնեստ Միրզոյանը հարյուրավոր տղաների է մարզում, նա ոչ միայն սովորական պատանիներից չեմպիոններ է կերտում, այլեւ մեր երկրի ու բանակի համար ֆիզիկապես ամուր, հոգեպես առողջ զինվորներ է դաստիարակում:

-Աշոտ, եթե չեմ սխալվում, Դուք ծառայության տարիներին նաեւ բանակային լավագույն մարզիկ եք ճանաչվել:

-2003-2005 թվականներին ծառայել եմ բանակում, բանակային լավագույն մարզիկ եմ ճանաչվել, մասնակցել եմ նաեւ Եվրոպայի առաջնությանը եւ նվաճել մեդալ: Հիշում եմ` ծառայակիցներիս ոգեւորվածությունը: Բանակային տարիները ամենահիշարժաններից են իմ կյանքում: Յուրաքանչյուր հայ նախ եւ առաջ պարտավոր է զինվոր լինել… Եվ քանի որ մեր զրույցը կարդալու են զինվորները, ուզում եմ թերթի միջոցով շնորհակալությունս հայտնել նրանց, մաղթել առողջություն, քաջասրտություն, ուժ: Ամեն հաղթանակ մեզ տրվում է քո վաստակած խաղաղության շնորհիվ, սիրելի՛ զինվոր:

Զրուցեց Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #14 (1083) 16.04.2015 – 22.04.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


16/04/2015