Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

100 ԾԱՌ` ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ



Անցած տարի այս օրերին Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում, որը Մելիքաշենի հետ մտնում է Ծիծեռնավանքի գյուղական համայնքի մեջ և ազատագրվել է 1993թ. գարնանը, նշվեց բնակավայրի հիմնադրման 20-ամյակը, որի ժամանակ էլ որոշվեց հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին տնկել 100 հատ ծառ:

Տանձուտը փռված է Աղավնո գետի ձախ ափին, հիմնադրման սկզբում բնակավայրը կոչվում էր Քաշաթաղ, և այստեղ էր գործում տարածքի դպրոցը՝ մոտ 70 աշակերտով: Գյուղն ունի պատմական անցյալ, ինչի մասին վկայում են տարածքում պահպանված ամրոցատեղիները, Մկնատամի Խաչ մատուռ-եկեղեցին (12-րդ դ.), գյուղի հարևանությամբ գտնվող միջնադարյան ժայռափոր եկեղեցին և այլ հուշարձաններ:

Ապրիլի 11-ին Տանձուտի հիմնական դպրոցում կայացավ հիշատակի միջոցառում և նորատունկ այգու բացումը: Դպրոցի դասարաններից մեկում, որտեղ սեղանին աշակերտների գրած շարադրություններն էին՝ «Չսպիացած վերք» վերնագրով, իսկ պատերին արհավիրքի մասին պատմող պաստառներն էին, հոգևոր երգերի հնչյունների տակ կայացավ մոմավառություն՝ ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի: Այնուհետև կրթօջախի ընդամենը 14 աշակերտները դահլիճում հանդես եկան օրվան համահունչ ասմունքով, երգերով: Դպրոցի տնօրեն Գագիկ Համբարձումյանը հանդես եկավ Եղեռնը դատապարտող ելույթով: Նա նշեց նաև, որ անցած տարի տնկել են 50 ծառ և այդքան էլ՝ այս տարի:

Հանդիսավոր մասից հետո ներկաները դպրոցի բակում մասնակից եղան այգու բացման արարողությանը: 100 պտղատու ծառերի հետ մեկտեղ տնկվեցին նաև եղևնիներ, որոնց կենտրոնում Մեծ եղեռնի հուշահամալիրի՝ քարով կառուցված մանրակերտն է: Յուրաքանչյուր ծառի մոտ վառվում էր մեկական մոմ:

Այգու բացման պատիվը տրվեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանին և դպրոցի տնօրենին: Անմար կրակից վառվեցին ջահեր, որոնք խորհրդանշում էին պայքար ու պահանջատիրություն:

Մթնշաղին հրաժեշտ տվեցինք Տանձուտին՝ հավատով, որ այգին կհարատեւի դարեր շարունակ, որ դպրոցական շենքը, ի վերջո, կնորոգվի, աշակերտների թիվն էլ կբազմապատկվի…

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #14 (1083) 16.04.2015 – 22.04.2015, Հոգևոր-մշակութային


16/04/2015