Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՄԻՇՏ ԺՊՏԱ...
ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՄԻՇՏ ԺՊՏԱ…

Մայրական սպասումը մի փոքր մեղմելու եւ տոնական օրը ժպիտով լցնելու համար զինվորը Ապրիլի 7-ի՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհավորանքի խոսք է հղում նրան:

Բարև մամ ջան, քեզ գրում է քո զինվոր որդին: Գիտեմ, որ թեև առօրյա հոգսերով ես տարված, բայց ամեն վայրկյան մտածում ես իմ մասին: Մտածում ես` քաղցած չե՞մ արդյոք, հո չե՞մ մրսում, հո շատ չե՞մ չարչարվում: Չէ՛, մամ ջան, ես շատ լավ եմ, քաղցած չեմ մնում ու տաք եմ հագնվում, իսկ հայրենիքին ծառայելը ոչ թե չարչարանք է, այլ հպարտություն: Հպարտություն՝ ոչ միայն իմ, այլև ձեզ համար (նկատի ունեմ քեզ ու պապային): Դժվարությունները բանակում շատ են, բայց դրանք հեշտությամբ հաղթահարվում են, երբ մտածում ես տան ու քեզ սպասողների մասին:

Թեև ծառայության մեծ մասն արդեն անցել է, բայց այսօրվա պես հիշում եմ այն օրը, երբ ինձ բանակ էիք ճանապարհում: Մի բան կա, որը երբեք չեմ մոռանա. քո արցունքով լցված աչքերը: Հիշում եմ, թե ո՜նց էի փորձում քեզ հանգստացնել, իսկ դու ջանում էիր արցունքներդ թաքցնել: Հիմա քիչ է մնացել, մամ ջան, շուտով տուն կվերադառնամ: Թվում է, թե երկու տարվա սպասումդ վերջապես մոտենում է իր ավարտին, բայց իմ վերադարձը սկիզբն է մի նոր սպասման. այս անգամ էլ փոքր տղայիդ պիտի բանակ ճանապարհես: Ու թեև շատ ես սպասում իմ վերադարձին, բայց գիտեմ, որ սրտիդ մի անկյունում թախծում ես: Մի՛ մտածիր, մամ ջան, Արսենն էլ լավ կծառայի ու տուն կգա: Հիշի՛ր, որ բանակը անփոխարինելի դպրոց է ամեն մեկի համար: Հենց բանակում է յուրաքանչյուր տղա կոփվում, կերտում իր բնավորությունը, ձեռք բերում կյանքի այնպիսի փորձ, որը հետագայում պիտի հիմք լինի իր կենսակերպի համար:

Մա՛մ ջան, կներես, ես շարունակ բանակի մասին եմ խոսում, թեև նպատակս քեզ շնորհավորելն է: Ուզում եմ, ի դեմս քեզ, շնորհավորել բոլոր մայրերին Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ և ցանկանալ քաջառողջություն, դժվարին սպասմանը դիմակայելու կարողություն և բազմաթիվ ուրախ ակնթարթներ: Թող յուրաքանչյուր մայր արժանանա իր որդու վերադարձի ուրախությանը:

Մա՛մ ջան, խնդրում եմ, միշտ ժպտա, քո ժպիտն ինձ ուժ է տալիս…

Արբակ Զաքարյան
շարքային