Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԻՆԱՍՏԱՆԸ` ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ



ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցը բավականին հագեցած էր թե՛ կայացած հանդիպումների, թե՛ ստորագրված փաստաթղթերի և թե՛ Հայաստանը Ասիայում ճանաչելի դարձնելու իմաստով:

ՀՀ նախագահի այցով հայ-չինական հարաբերությունները դրվեցին նոր ռազմավարական գործընկերության մակարդակի վրա: Նմանօրինակ հագեցած օրակարգով ու բովանդակությամբ այցը, կարելի է ասել, վերջին շրջանում մեր արտաքին քաղաքականության լուրջ ձեռքբերումներից է:

Սերժ Սարգսյանի քառօրյա պետական այցի հենց առաջին օրը երկու երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված տասից ավելի փաստաթղթեր ստորագրվեցին, որոնց բովանդակությունից ելնելով, կարելի է ասել, որ այս այցը կարող է բեկումնային լինել ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի համար:

Ստորագրված փաստաթղթերից կարելի է հատուկ առանձնացնել Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին հուշագիրը, ՀՀ ԿԲ և ՉԺՀ ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմ SWAP կարգավորումների մասին համաձայնագիրը, ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության, տեխնիկատնտեսական համագործակցության, ՉԺՀ կողմից արտոնյալ վարկի տրամադրման, մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության, գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին պայմանագրերը:

Կարևորագույն կետերից մեկն էլ ռազմական ոլորտում հետագա համագործակցության աննախադեպ ընդլայնումն է՝ զինվորական կադրերի պատրաստում, ռազմական բազմակողմանի օգնության ցուցաբերում և այլն, ինչը առավել քան կարևոր է Ադրբեջանի ահագնացող ագրեսիվ քաղաքականության, տարածաշրջանային հավասարակշռության պահպանման առումով:

Ստորագրվել է նաև «ՀՀ և ՉԺՀ միջև բարեկամական համագործակցության, հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիրը:

Հռչակագրով հայկական կողմը հաստատում է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» քաղաքականությանը՝ Թայվանը Չինաստանի անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը: Չինական կողմն էլ իր հերթին հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի համաձայն: Բացի այդ, կողմերը «չեն մասնակցում որևէ միությունների կամ դաշինքների, որոնք ուղղված են Կողմերից որևէ մեկի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ»:

Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին շատ կարևոր է հռչակագրի հետևյալ կետը, ըստ որի՝ կողմերը «մեծ նշանակություն են տալիս մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին, նշում են դրանց ժխտման անընդունելիությունը՝ հանդես գալով դրանց դատապարտման և պատմական ճշմարտության պահպանման օգտին»:

Փաստաթղթի կարևոր կետերից մեկն էլ Հայաստանում արվելիք չինական մասնավոր ներդրումների խրախուսմանն է վերաբերում, ինչը վկայում է, որ Հայաստանն այսօր դիտարկվում է որպես վստահելի տնտեսական գործընկեր և գործնական շահագրգռություն է ներկայացնում:

Ֆինանսական համագործակցության զարգացման հարցում բարենպաստ կլինեն ազգային արժույթների փոխադարձ փոխանակումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև զարգացնելու զբոսաշրջությունը՝ կարևորելով ուղիղ չվերթ բացելու հարցը:

Հատուկ ուշադրության է արժանի հռչակագրի այն կետը, համաձայն որի՝ կողմերը «համատեղ ջանքերով առաջ կտանեն Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագիծը՝ երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ բացելով»:

Նոր Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին չինական նախաձեռնություն է, որի մասին հայտարարեց ՉԺՀ նախագահը 2013թ.-ին` այն անվանելով ռազմավարական նախաձեռնություն: Այս ճանապարհը կմիավորի Արևելյան, Կենտրոնական և Արևմտյան Ասիան Եվրոպայի հետ: Այս «գոտին» իրենից կներկայացնի Արևելքից Արևմուտք ձգվող ճանապարհների փունջ՝ ներառելով Կենտրոնական Ասիան, Ռուսաստանը, Հարավային Կովկասը, Արևելյան Ասիան: Արդեն ավելի քան 60 երկիր հայտնել է նախագծին միանալու իր ցանկությունը: Ի դեպ, այս նախաձեռնության ճյուղերից են «Մետաքսի ծովային ճանապարհը» և «Թեյի ճանապարհը»:

Նոր Մետաքսի ճանապարհի մի հատվածը, անցնելով Հայաստանի տարածքով, երկրի զարգացման լուրջ հեռանկարներ կբացի: Չինական կողմի հետ քննարկվել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի, Հայաստանն ու Իրանը միացնող երկաթուղու, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագրերին չինական ընկերությունների հնարավոր մասնակցությունը:

ՀՀ նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը և Չինաստանը կլինեն մշտապես միմյանց աջակցող գործընկերներ: ՉԺՀ-ի հետ համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Հայաստանն ընտրել է եվրասիական ինտեգրացիոն ուղղությունը, և այս առումով Մետաքսի ճանապարհը լիովին համատեղելի տնտեսական գործընթաց է՝ ռազմավարական նշանակություն ներկայացնելով մեր երկրի համար: Երկրի նախագահի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր և ավելի մեծ հնարավորություններ է բացում նաև հայ-չինական տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից:

Այսպիսով՝ հայ-չինական հարաբերությունները նոր ռազմավարական գործընկերության մակարդակի վրա են դրվում, և Հայաստանը Չինաստանի համար կարևոր քաղաքակրթական գործընկեր է դառնում հարավկովկասյան տարածաշրջանում:

Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #12 (1081) 2.04.2015 – 8.04.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


02/04/2015