Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀՈՇՈՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿԱՄ «ՀՈԳԻՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ»



Հայոց ցեղասպանության մասին նկարահանված թերևս առաջին ֆիլմը «Հոգիների աճուրդն» է, որն առաջին անգամ էկրան է բարձրացել 1919թ. փետրվարի 16-ին, Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում:

Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես Արշալույս Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա: Արշալույս (հետագայում` Ավրորա) Մարդիգանյանը ցեղասպանություն վերապրած-ականատես բազմաթիվ հայ աղջիկներից մեկն է, որը ծնվել է 1901թ. հունվարի 12-ին, Արևմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթի Չմշկածագ գյուղում: Արշալույսը Մարդիգանյանների բազմանդամ ընտանիքի երրորդ զավակն էր: Նրա հայրը վաճառական էր, զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ուներ տանը կից ու քաղաքից դուրս գտնվող մեծ բերքատու այգիներ ու ցորենի արտեր: Հայրը զբաղվում էր նաև մետաքսագործությամբ` գունավոր մետաքս Ամերիկա արտահանելու նպատակով:

Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր: Երեխաներից ավագը Վահանն էր, որը դեռևս 1905թ. տեղափոխվել էր ԱՄՆ` Լորենս: Ավագ քույրը` Լուսինեն, որ 17 տարեկան էր, նշանված էր: Արշալույսը 14 տարեկան էր և հաճախում էր Չմշկածագի Մեսրոպյան վարժարան: Դպրոցն ավարտելուց հետո Արշալույսը պատրաստվում էր հաճախել ջութակի դասերի:

Պահպանվել են Մարդիգանյանների ընտանիքի երկու հազվագյուտ լուսանկարները, որոնք ներկայացնում են բազմանդամ ընտանիքի անդամներին, այդ թվում մանկահասակ Արշալույսին: Հրաշքով պահպանված լուսանկարները ուղարկվել էին ԱՄՆ-ում բնակվող բարեկամներին մինչև ցեղասպանությունը:

Արշալույսը, փրկվելով զանգվածային կոտորածներից և անցնելով ցեղասպանության բոլոր սարսափների միջով, տեղափոխվում է Թիֆլիս, ապա Պետրոգրադ, այնուհետև Նորվեգիա և վերջապես հասնում ԱՄՆ` Նյու Յորք: Այստեղ 15-ամյա աղջիկն սկսում է գրի առնել իր կյանքի պատմությունը, որը գրավում է ԱՄՆ-ի հասարակության ուշադրությունը: Ավելի ուշ լույս է տեսնում Արշալույս Մարդիգանյանի հուշագրությունների վրա հիմնված «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը, որը մեծ արձագանք է առաջացնում ամերիկացիների շրջանում, և այս պատմության հիման վրա էլ Հոլիվուդում ֆիլմ նկարահանելու գաղափար է առաջանում:

«Հոշոտված Հայաստան» ֆիլմում (հայտնի է նաև «Հոգիների աճուրդ» անունով) գլխավոր հերոսուհու դերակատարը և սցենարի հեղինակը հենց ինքն էր` Արշալույսը: Նրան վիճակված էր ինքնաբերաբար դառնալու նաև հայ առաջին կինոդերասանուհին: «Աչքիս առջև է մայրիկիս անշնչացած մարմինը` նետված անապատ այն բանի համար, որ ինձ ավանդել էր չուրանալ Հիսուս Քրիստոսին` մեր փրկչին: Ես տեսել եմ տանջամահ եղող հորս, որն իր աղջկան նույնպես պատգամել էր չուրանալ քրիստոնեական փառավոր հավատքը: Ես տեսել եմ հազարավոր գեղանի մայրերի սիրասուն դուստրերի, որ նահատակվեցին թուրքի մտրակի ծանր հարվածներից, սովից ու ծարավից կամ էլ քշվեցին գերության, որովհետև չուրացան իրենց հավատը: Աստված ողորմած եղավ իմ հանդեպ և խնայեց կյանքս` հնարավորություն տալով ազգիս փրկված բեկորների պատգամը փոխանցելու համայն աշխարհին»,- «Հոշոտված Հայաստան» գրքի առաջաբանում գրում է Արշալույս Մարդիգանյանը:

Ավելի քան ութսուն տարի կինոյի պատմաբանները փնտրել են «Հոգիների աճուրդ» ֆիլմի ինը ժապավենները, սակայն որևէ հետք չեն գտել: Կա վարկած, որ նիտրատի հիմքով պատրաստված այդ ժապավենները ջրասույզ են եղել Բաթումի նավահանգիստ շարժվող խորտակված նավի հետ, կամ որ դրանք գողացվել ու ոչնչացվել են հենց Բաթումիում: Ժապավենի ամբողջական տարբերակը` 85 րոպե տևողությամբ, ցավոք, չի պահպանվել, և միայն 1994 թվականին արգենտինահայ Էդ. Գոզանլյանի ջանքերով հայտնաբերվել է ժապավենից մի հատված, որի մի օրինակը պահպանվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հրատարակել է Արշալույս Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը հայերեն թարգմանությամբ: Իսկ ավելի վաղ` 2014թ. սեպտեմբերին, տեղի է ունեցել «Ավրորա Մարդիգանյան» նամականիշի թողարկումը: Նամականիշի վրա պատկերված է ԱՄՆ-ում 1918թ. նկարահանված և 1919թ. առաջին անգամ ցուցադրված «Հոշոտված Հայաստան» գեղարվեստական ֆիլմի պաստառը, ինչպես նաև ցեղասպանությունից փրկված փախստականների նկարները:

Պատրաստեց Հասմիկ ՄԱԴՈՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #12 (1081) 2.04.2015 – 8.04.2015, Ճակատագրեր


02/04/2015