Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻՈՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՓԱԽՈՒՍՏԸ
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻՈՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՓԱԽՈՒՍՏԸ

Մարտի 17-ի առավոտյան հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), պաշտպանության բանակի եւս 4 զինծառայող վիրավոր է…

Այցելեցինք Պն կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի հարձակումը հետ մղելիս վիրավորված լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին և շարքային Էդգար Մարտիրոսյանին:

ԿԵՑՑԵ՛Ն ԻՄ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

Լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը ենթարկվել է աջ վերին վերջույթի տրավմատիկ ամպուտացիայի՝ բազկի վերին երրորդային մակարդակով: Ամբողջ մարմնի վրա բազմաթիվ բեկորային վերքեր են: Հիվանդը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Լեյտենանտը 2014թ.-ին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, դասակի հրամանատար է, ութ ամիս է, ինչ ծառայում է զորքերում: Մեզ հետ զրուցելիս նա ասաց, որ ինքնազգացողությունը լավ է, սուր ցավեր չունի: Սպան հակիրճ պատմեց, թե ինչ էր տեղի ունեցել մարտի 19-ին, երբ իր զինվորների հետ իջնում էր դիրքերից:

-Մենք 11 հոգի էինք: Հակառակորդը դարանակալել էր և անակնկալ հարձակվեց: Ես գնում էի առջևից, զինվորներս հետևում էին ինձ: Լսվեց կրակոց, 3 հոգի սկսեցին միանգամից կրակել ինձ վրա: Բնականաբար, հնարավոր չէր հաշվել, բայց հակառակորդի ուժերը մի քանի անգամ գերազանցում էին մեզ: Մենք դիրքավորվեցինք ու սկսեցինք կրակել… Կեցցե՛ն իմ տղաները. ո՛չ մի խուճապ, ո՛չ մի փախուստ չեղավ: Հետո հենց կողքիս նռնակը պայթեց ու վնասեց թևս: Ես շարունակում էի կրակել: Մենք պայքարեցինք մինչև վերջ: Բոլորս: Քիչ անց հակառակորդն սկսեց փախչել: Հետո օժանդակ ուժեր եկան: Ինձ առաջին բուժօգնությունը տեղում ցուցաբերեցին: Հետո տեղափոխեցին հոսպիտալ… այնտեղ էլ վիրահատեցին: Տղաները կռվեցին խիզախաբար: Մենք փախուստի մատնեցինք հակառակորդի մինչև ատամները զինված, թվաքանակով մեզ մի քանի անգամ գերազանցող հատուկջոկատայիններին: Ես իսկապես հպարտ եմ:

ՄԵՆՔ ՀԵՏ ԵՆՔ ՄՂԵԼ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Շարքային Էդգար Մարտիրոսյանը ծառայում է շուրջ 16 ամիս: Նա ունի որովայնի թափանցիկ հրազենային վիրավորում՝ հաստ և բարակ աղիների վնասվածքով: Մեր հանդիպման ժամանակ Էդգարը գանգատվում էր որովայնի շրջանում ունեցած ցավից: Էդգարը ներկայացրեց հակառակորդի հարձակման մանրամասները:

-Նրանք շատ-շատ էին: Ես պառկեցի ու սկսեցի կրակել: Հակառակորդը թաքնվեց ու նույնպես կրակում էր: Բոլորս կրակում էինք: Հետո պայթյուն լսվեց, նռնակ գցեցին վրաս: Դե, որովայնս վնասվեց: Բայց ես շարունակեցի կրակել: Մենք այնքան կրակեցինք, մինչև ադրբեջանցիներն սկսեցին փախչել: Ես տեսա, որ նրանք փախչում են: Չեմ կարող ասել, թե որքան տևեց այդ ամենը: Հետո մերոնք օգնության հասան: Ինձ տեղափոխեցին հոսպիտալ: Գիտակցությունս մինչև վերջ տեղն էր: Ես զինվոր եմ, ես միշտ էլ իմացել եմ, որ հակառակորդն առջեւում է ու ամեն պահի կարող է հարձակվել: Ոչ մի արտառոց բան չի եղել. հակառակորդը հարձակվել է, մենք հետ ենք մղել հարձակումը: Այսքա՛նը: Ես հոգեբանորեն ամուր եմ, լավանալու եմ: Ու շարունակելու եմ կյանքս: Բոլորին հոգու ամրություն եմ մաղթում: Ամեն ինչ լավ է: Վիրավոր զինակից ընկերներիս մաղթում եմ ապաքինում:

ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼԻ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ ՍԵՎԱԿ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Երբ իմացանք մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի հարձակման և մեր վիրավորների մասին, անմիջապես կազմվեց վիրաբույժով, վնասվածքաբանով, անեսթեզեոլոգով, անոթային վիրաբույժով և այլ մասնագետներով համալրված բժշկական խումբ՝ անհրաժեշտության դեպքում տեղում վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար: Սակայն Ղարաբաղ մեկնելու անհրաժեշտություն չեղավ, որովհետև վիրավորների թիվը մեծ չէր, և տեղի ուժերը լիովին պատրաստ ու ունակ էին ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնություն: Պետք է նշեմ, որ տեղում բժիշկները գերազանց են աշխատել, ամեն ինչ արվել է ամենաբարձր մակարդակով, ամենասեղմ ժամկետներում: Միևնույն ժամանակ եղել է մշտական կապ Հայաստանի զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ղեկավարության և համապատասխան մասնագետների հետ: Վիրավորներն արդեն մեր հոսպիտալում են: Երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանցից մեկն ունի գլխի հրազենային վիրավորում, զարգացել է այտուց, վիրավորը անգիտակից է: Մյուս վիրավորը ենթարկվել է ոտքի անդամահատման, վիճակը բարդացել է արյան մեծ կորստի պատճառով: Համապատասխան քանակի արյուն է ներարկվել, սակայն առայժմ դրական տեղաշարժ չկա, արյան ճնշումը կարգավորվում է դեղորայքի միջոցով: Պետք է նշեմ, որ երկուսի վնասվածքներն էլ, ցավոք, անհամատեղելի են կյանքի հետ: Այնուամենայնիվ, բժիշկները բոլոր ուժերով պայքարում են նրանց կյանքի համար: Ունենք բոլոր անհրաժեշտ սարքավորումները, ապահովված ենք համապատասխան դեղորայքով:

ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը և շարքային Էդգար Մարտիրոսյանը Երևանի կենտրոնական հոսպիտալ են տեղափոխվել ռեանիմոբիլով: Նրանք մշտապես եղել են բժիշկների` վնասվածքաբանի, վիրաբույժի ու անզգայացնող բժշկի հսկողության տակ և ստացել են համապատասխան բուժօգնություն: Նրանց գիտակցությունը տեղն է, ինքնուրույն շնչում են, հեմոդինամիկ տվյալները կայուն են, այսինքն՝ արյան ճնշումը, պուլսը նորմայի սահմաններում են: Արյան փոխներարկման կարիք չունեն: Էդգարն արդեն սնունդ է ընդունում: Երկուսն էլ ստանում են բարձրակարգ մասնագիտացված բուժօգնություն:

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր