Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՑ ՏԱՐԻ ԴԻՐՔԵՐՈՒՄ



Գումարտակի շտաբի պետ, մարտական ծառայության մեդալակիր, կապիտան ՌՈՒԴԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Վեց տարի է, ինչ ծառայում եմ առաջին կարգի զորամասում, վեց տարի շարունակ սահմանում եմ, վեց տարի ապրում եմ խրամատում՝ մահվան եւ կյանքի արանքում… Ուր էլ գնամ, որտեղ էլ լինեմ, միևնույն է, մտքերով անընդհատ այնտեղ եմ` դիրքերում, տղերքի հետ…

Երբ 2009 թվականին առաջին անգամ, որպես դասակի հրամանատար, դիրք բարձրացա, անբացատրելի մի հարազատություն զգացի, միանգամից ձուլվեցի դիրքային կյանքին, առօրյային… Այո՛, այստեղ կյանքն այլ արժեք ունի… Վեց տարի ծառայում եմ բանակում, բայց մինչ օրս չեմ հաղթահարել 2010թ.-ի հունիսի 18-ի ցավը: Այդ օրը մարտական դիրքում սպանվեցին մեր զինվորները… Իմ դասակը մարտական հերթապահություն էր իրականացնում տվյալ դիրքում, բայց այդ անգամ մեր հերթապահության օրը չէր… Արնաքամ եղած իմ դիրքի տեսարանը ինձ հանգիստ չի տալիս… Ու երբ ինչ-որ մեկը սեղանի շուրջ խոսում է հակառակորդի հետ լեզու գտնելու մասին, իմ ներսում ամեն բջիջ գոռում է՝ ներում չկա…

…Վեց տարվա ընթացքում ես հասկացա` դիրքը հավասարության նշան է դնում սպայի եւ զինվորի միջեւ: Դիրքում բոլորս մարտական ընկերներ ենք: Այստեղ վերեւից հրամայելը, վերեւից նայելը ամոթ է: Պարզապես, ինչպես ընտանիքում, մեկը պետք է պատասխանատվությունը վերցնի իր վրա, ուղղություն ցույց տա, որ քաոս չստեղծվի… Ծառայության ընթացքում ես բացահայտեցի մեր անպարտելիության գաղտնիքը` մենք ընկերոջ համար կյանք տվող ենք: Մենք միշտ պատրաստ ենք լուծելու մեր ընկերոջ վրեժը, եւ մեզնից ոչ մեկը պատժիչ գործողության չի մասնակցի գումարի համար… Մենք երբեք վիրավոր կամ զոհված ընկերոջը մարտադաշտում չենք թողնի, բոլորս կզոհվենք, բայց չենք թողնի… Ծառայակից ընկերս՝ փոխգնդապետ Արտակ Աղեկյանը, զոհվեց՝ փորձելով փրկել 20-ամյա զինվորի՝ Հայկ Բարոյանի կյանքը… Մեր զինծառայողները 5 հոգով բարձրանում էին դիրք` հերթափոխի: Հակառակորդի 15 հոգանոց հետախուզական խումբը դարանակալել էր բարձունքում և կրակ բացել մեքենայի ուղղությամբ: Աղեկյանը հրամայել էր զինվորներին դուրս գալ մեքենայից, շարժվել դեպի ձորը, ինքն էլ զենքով ապահովել էր նրանց անվտանգ անցումը՝ կրակը վերցնելով իր վրա: Հանկարծ նկատել էր, որ Հայկը չկա, մահացու վիրավորվել եւ մնացել է ավտոմեքենայում… Արտակը վերադարձել էր զինվորի հետեւից՝ լավ իմանալով, որ կխոցվի, քանի որ մեքենան հակառակորդից ընդամենը չորս հարյուր մետր էր հեռու…

…Ծառայությանս ամեն օրը գալիս է ապացուցելու` սահմանի խաղաղությունը չափազանց փխրուն է, զգայուն, երերուն, եւ նրա արժեքը լավագույնս գիտեն հայ սպան ու զինվորը… Մի անգամ զինվորիս ինքնազգացողությունը մարտական հերթապահության ժամանակ վատացավ: Երբ ես նրան գրկած դուրս էի բերում խրամատից, հազիվ լսելի ձայնով շշնջաց՝ բա դիրքը, որ թերեւս նշանակում էր՝ ո՞վ պիտի իմ փոխարեն հսկի խաղաղությունը… «Ե՛ս կկանգնեմ, չմտածե՛ս»,- ասացի: Սպան պետք է միշտ զինվորի կողքին լինի:

Վեց տարի է՝ սահմանին եմ, հինգ տարի էլ ամուսնացած եմ… Ծառայությունը խլում է իմ ամբողջ ժամանակը, տանը գրեթե չեմ լինում, ի դեպ, կարելի է ասել` մեր տունն էլ է դիրքում, քանի որ ընդամենը հինգ կիլոմետր է հեռու հակառակորդից, բայց կինս` Արեւիկը, երբեք չի տրտնջում, նա կյանքի իսկական ընկեր է: Առանց սրտակից մարդու սահմանին շատ դժվար կլիներ…

Մի քանի ամիս է, որ մայրաքաղաքում մասնակցում եմ դասընթացների: Քաղաքն իմ աչքին արդեն խորթացել է, օտարացել… Հարթ տեղը ասֆալտի վրա ընկնում եմ, կարծես դժվարանում եմ քայլել… Եղեւնիները նույնիսկ աչքիս արհեստական են թվում… Բա ավտոմեքենաները… Ամեն անգամ խաչակնքում, նոր եմ փողոցն անցնում… Ես նայում եմ մարդկանց, լսում նրանց զրույցները, հետեւում քաղաքի կյանքին եւ ինքս ինձ հարցնում՝ ինչո՞ւ են դիրքն ու քաղաքը, ուղիղ գծով լինելով այդքան իրար մոտ, միաժամանակ այդքա~ն տարբեր… Այնտեղ ամեն օր պատերազմ է՝ խրամատային պատերազմ, իսկ այստեղ ոչինչ չի զգացվում… Գուցե լավն էլ հենց դա է` մենք զինվոր ենք ու ապահովում ենք մեր ժողովրդի խաղաղ կյանքը… Խաղաղության պահպանումը հենց զինվորի իսկական կոչումն է…

Գրի առավ
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #11 (1080) 26.03.2015 – 01.04.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/03/2015