Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՅԱՆ ԿԱՆՉ. ԳԵՆԵՏԻԿ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհի շատ ողջախոհ մարդիկ այլևս կասկածի տակ չեն դնում Հայկական լեռնաշխարհում հայերիս տեղաբնիկ լինելու հանգամանքը, հատկապես Թ. Գամղրելիձեի ու Վ.Վս. Իվանովի տեսության լույս տեսնելուց հետո, որը հիմնավորապես հերքում էր նախորդ բոլոր տեսությունները, ըստ որոնց՝ հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը Եվրոպան է (ըստ ոմանց` Գերմանիան, ոմանց կարծիքով էլ` Սև ծովի հյուսիսային ափերը կամ Բալկանները և այլուր…): Այս երկու մեծություններն անառարկելիորեն ապացուցեցին, որ հնդեվրոպական ժողովուրդների (արիացիների) նախահայրենիքը Հայկական բարձրավանդակն է, որտեղից նրանք սփռվել են աշխարհով մեկ, ինչպես աստվածաշնչյան Նոյն իր սերունդներով…

Ի դեպ, իմ պարտքն եմ համարում հիշեցնելու, որ այս նշանավոր երկու գիտնականներից դեռևս 30 տարի առաջ նման կարծիք էր հայտնել հայ պատմաբան, հրապարակախոս, լրագրող տիար Արշակ Սաֆրաuտյանը իր՝ 1955թ. մայիսի 2-ին գրած «Հայաստանը որպես հին հնդեվրոպական լեզվաընտանիքի և արիական ցեղի օրրան» անգլերեն հոդվածում, ինչպես նաեւ հաջորդիվ՝ 1955թ. մայիսի 6-ի հեղինակած «Հայաստանը որպես հին արիական ցեղի և հնդեվրոպական բարբառի օրրան» նորից անգլերեն հոդվածում…

Զարմանալիորեն, միաժամանակ և ցավալիորեն պետք է ասել, որ, ահա, այսպիսի գանձերը մինչև այժմ մնում են արխիվում` անտիպ ու գիտական աշխարհի համար անհաղորդ…

Վերը նշված ականավոր գիտնականներից դեռևս 100 տարի առաջ գերմանացի նշանավոր գիտնական հնէաբան Ֆ.Ֆ. Լուշանը իր «ծՈՐՏՊօ, ՐՈրօ, ÿջօՍՌ» գրքում գրում է, որ հայերի լեզուն բոլորից շատ մոտ է քրդերենին ու պարսկերենին և համարվում է «արիական» լեզվի իրական նախատիպը: Նա կարծում է, որ հայերենը, հավանաբար, մոտ և նույնիսկ նույնն է խեթերենի հետ (էջ 140): Ֆ. Լուշանը, վկայակոչելով իր մեկ այլ նշանավոր ժամանակակցի՝ հնագույն պատմության գիտակ Էդուարդ Մեյերի կարծիքը` շումերներին ևս կապում է խեթերի հետ:

Նա Միջագետքի, Պաղեստինի, Անատոլիայի բնակիչների ծագումը կապում է «Եվրոպոիդ» ռասայի «արմենոիդ» տիպի հետ: Ըստ նրա՝ մինչև արաբների (սեմիտների) Միջագետքում, Պաղեստինում, Սիրիայում հայտնվելը, այնտեղ ապրում էին «արմենոիդները », կարճ՝ Հայկական լեռնաշխարհից եկած մարդիկ: Նա կարծում է, որ հրեաները ոչ թե սեմիտներ են, այլ հայերի մերձավոր ցեղակիցները: Եվ «արմենոիդներից» է առաջացել ժամանակակից հրեաների մեծ մասը (էջ 64): Նույն կարծիքին է նաև Փոքր Ասիայի էթնիկ բնակչության մասին… Նա տեղի թուրք և հույն էթնիկ անվանումները գրում է չակերտների մեջ, որով եւ փաստորեն տեղի բնակչության մարդաբանությունը հանգեցնում է «արմենոիդներից» սերված լինելուն, ինչը եւ հաստատվում է գենետիկորեն…

Ըստ ամերիկացի գիտնական դոկտոր Դենիել Կաստերի ՝ այս գենի միջին-արևելյան կրողները ամենայն հավանականությամբ ապրել են մոտ 40000 տարի առաջ, երբ Առաջավոր Ասիայի ժողովուրդները դեռեւս ապրում էին միասին, մինչև որ հրեաները, հայերը և արաբները դարձան ինքնուրույն…

Այս հետազոտության պատմական նշանակալիությունն այն է, որ գտնվել են գենետիկական կապեր այն ազգերի միջև, որոնք հարյուրամյակներ շարունակ ապրել են իրարից առանձին, օրինակ՝ հյուսիսաֆրիկյան հրեաները, Իրաքի հրեաները, հայերը, որոնց մարդաբանական տեսակը, շնորհիվ նրանց արյան մեջ հայտնաբերված գենի, նույնական է և կրում է կենսաբանական այն բոլոր փոփոխությունները, որոնք գենետիկորեն ընդհանուր են տվյալ ժողովուրդների համար:

1997թ. Երուսաղեմում պարբերական հիվանդությանը նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ թուրք գիտնականները անպտուղ փորձել են ապացուցել, որ թուրքերը ևս հնագույն ժողովուրդների թվին են պատկանում, քանի որ 9 միլիոն թուրք տառապում է պարբերական հիվանդությամբ…

Այլ հարց է, որ ժամանակակից թուրքերի նախնիների մեծամասնությունը թրքացած հայեր են…

Գենետիկորեն հայկական (արմենոիդ) մարդաբանական տիպին պատկանող բնակչությունը Թուրքիայում խիստ մեծաթիվ է եւ հաշվվում է տասնյակ միլիոններով: Հարություն վրդ. Պզտիկյանն իր «Օսմանեան Թուրքիոյ հարստահարութիւնները հայ հպատակներուն վրայ…» գրքում գրում է, որ մահմեդական դարձած հայությունը Կենտրոնական Անատոլիայի բնակչության 80% – ն է կազմում: Վերոհիշյալ տասնյակ միլիոնավոր թուրքացած հայերին պետք է գումարել նաև Թուրքիայի բնակչության 10% – ը կազմող 7 միլիոնից ավելի չերքեզներին, որոնք մահմեդական են և խոսում են հիմնականում թուրքերեն, բայց թուրքացած չեն դեռևս, ինչպես գրել ենք «Հայ զինվոր» թերթում (թ. 50 (1068) 25 – 26 դեկտ. 2014թ.) և իրենց ծագումնաբանությամբ հայկական՝ արմենոիդ ցեղախմբին են պատկանում…

Արտյուշ ՍԱՆՈՍՅԱՆ
Պատմական գիտությունների
թեկնածու