Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԱԲՈՆ



ՆԱՄԱԿ ՄԱՀՎԱՆԻՑ ԱՌԱՋ

Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենը, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:

Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:

Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:

Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:

Ես ձեզնից այնքան բան եմ սովորել, մարդի՛կ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:

Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինն իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի:

Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:

Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:

Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:

Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ, մի՛ սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար:

Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:

Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է:

♦ Ամբողջական անունը`

Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկես

♦ Գրական անունը` ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

♦ Կոլումբիացի գրող, նովելիստ, լրագրող

♦ «Մոգական ռեալիզմ» գրական ուղղության հիմնադիր

♦ 1982 թվականին արժանացել է գրականության բարձրագույն`

Նոբելյան մրցանակի. «Վեպերի եւ պատմվածքների համար,

որոնցում երեւակայությունը եւ իրականությունը միախառնվելով

արտացոլում են մի ամբողջ մայրցամաքի կյանքն ու

կոնֆլիկտները»:

♦ Առավել հայտնի ստեղծագործություններից են` «Նահապետի

աշունը», «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Չարաբաստիկ

ժամ», «Սերը ժանտախտի ժամանակ», «Վերհիշելով իմ տխուր

պոռնիկներին» եւ գրողին համաշխարհային փառք ու

ճանաչում բերած «Հարյուր տարվա մենություն» վեպը:

♦ Նրա ստեղծագործական մտածողության վրա մեծապես ազդել

են Էռնեստ Հեմինգուեյը, Վիլյամ Ֆոլքները, Ջեյմս Ջոնսը,

Վիրջինիա Վուլֆը, Ֆրանց Կաֆկան:

Պատրաստեց Գ. Ա.

Խորագիր՝ #11 (1080) 26.03.2015 – 01.04.2015, Ճակատագրեր


26/03/2015