Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐՈՍԻՆ ՓՆՏՐԵՔ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ
ՀԵՐՈՍԻՆ ՓՆՏՐԵՔ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ

Մեր նորօրյա հերոս Ազատ Ասոյանը թշնամու անցյալ տարվա օգոստոսյան սահմանային ներթափանցումների ժամանակ մենակ մնալով թշնամի զինված զինվորների առաջ չի՛ ընկրկել, չի՛ նահանջել, չի՛ երերացել, մերկ ձեռքերով մերձամարտի է նետվել` կռվելով մինչեւ արյան վերջին կաթիլը…

-Ես ներքուստ միշտ մտավախություն եմ ունեցել, միշտ մտքովս անցել է, որ Ազատս մի օր եւ անպայման դեմ դիմաց հանդիպելու ու կանգնելու է թշնամու առաջ…,- որդուն կվերհիշի մայրը` տիկին Մանուշակ Բալյանը:- Այս միտքը ես երբեք չեմ կարողացել ինձնից վանել… Ազատիս ու թշնամու հանդիպումը հազար անգամ տեսած կինոյի նման անցել է աչքիս առաջով… Ինչո՞ւ` կհարցնեք… Որովհետեւ Ազատս վախ, սարսափ չուներ, նա վախեցողներից չէր, դիրքը, ճակատը լքողներից չէր… Ուժեղ տղա էր, բայց խոսքը միայն ֆիզիկական ուժի մասին չէ… Հիշում եմ, երբ նոր էր զորակոչվում բանակ, ընկերները ծիծաղելով ասում էին՝ «Ազա՛տ, թուրքը քեզ տեսնի՝ վախից կփախչի»: Ծիծաղում էինք, ուրախանում… Ես ու ամուսինս նրա դաստիարակության հարցում խիստ ենք եղել, թեեւ ինքը բարի ու համեստ երեխա էր: Այն ժամանակ չգիտեինք, որ այդպես էլ լինելու է… Մայրական իմ զգացողությունն ինձ չխաբեց…

Կանգնած եմ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում բացված Ազատ Ասոյանի անվան լսարանի մոտ: Այստեղ է սովորել հերոսը: Ակամայից հիշում եմ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի խոսքերը, որ նա ասաց լսարանի բացման օրը. «Երիտասարդները մտնելով այս լսարանը` հաղորդակցվելու են Ազատ Ասոյանի հզոր ոգու հետ եւ լսարանից դուրս են գալու նրա ոգու մի մասնիկը իրենց հետ տանելով»:

Խփում է դասամիջոցի զանգը: Ուսանողներն աղմուկով դուրս են հորդում լսարանից: Ուզում եմ իմ հասակակիցներից յուրաքանչյուրի գլխին տեսնել հերոսի լուսապսակը… Սակայն անմիջապես էլ հիշում եմ, որ հերոսները սովորական մարդիկ են եւ չունեն առանձին նշաններ… Հերոսը խոր թաքնված է այս ուսանողներից յուրաքանչյուրի ներսում եւ արեւերես կելնի միայն այն ժամանակ, երբ պահը գա…

Անի Զաքարյան
ԵՊՀ , ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս