Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՄԵՆ ԶՈՀԻ ՀՈՂԸ ԴՆԵԼՈՎ՝ ՄԵՐ ԱՐՄԱՏԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է…»



Գարուն է: Ամարասի ձորակը լցվել է խոտ ու ծաղկի անուշահոտությամբ: Վանքը լայնարձակ դաշտերին խաղաղություն է սփռել: Անցել են քսան երկար ու ձիգ տարիներ: Ամարասի վանքը՝ սրտում ամբարած հազար վերք ու փամփուշտ, դիտողին հուշում է՝ այստեղով երբևէ պատերազմի ուրվականն է անցել: Այստեղ՝ Ամարասի ձորակում, Սոս գյուղի Հակոբյանների ընտանիքում, մի գարնան առավոտ ծնվեց Հայկը: Ո՞ւմ մտքով կանցներ, որ մի օր ձնծաղկի ալպիական անուշահոտը կփոխվեր դառը վառոդահոտի, որ Ամարասի կոչնակը մարտի պիտի կանչեր սոսեցի երիտասարդներին, ու հետո պիտի գարուններ գային առանց սիրելի որդու, առանց հարազատ մարտական ընկերոջ, առանց սիրած տղայի, առանց եղբոր…

Մաճկալաշենից Սոս գյուղ ճանապարհն անցնում է Ամարասի դաշտերով: Եվս մի քանի ոլորան, և հայտնվում ենք, ինչպես տեղացիներն են ասում, գյուղամիջում: Իսկ գյուղամեջը, ինչպես Սոսի նման շատ գյուղերում, դպրոցի բակին հարակից տարածքն է: Հարցուփորձ ենք անում Հայկից: Գյուղում նրան բոլորն են ճանաչում, բոլորն են ակնածանքով ու առանձնակի գորովանքով հիշում նրան: Ավելին՝ Սոսի միջնակարգ դպրոցը կրում է հենց Հայկի անունը: Մտերիմները պատմում են, որ Հայկը օժտված էր արտակարգ ընդունակություններով` դպրոցն ավարտել է ոսկե մեդալով, հոյակապ շախմատ էր խաղում, սպորտով զբաղվում… Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի իրավաբանական ինստիտուտի քրեական հետախուզության բաժինը:

Գյուղում արդեն իսկ նկատում էին՝ տեղի ադրբեջանցիների հետ անհաշտության մթնոլորտ է խմորվում: Մայրը հոգու խորքում մտածում էր՝ լավ է, որ Հայկը Երևանում է: Այնինչ, հենց Երևանում Հայկը կամավորագրվելով երկրապահների ջոկատին՝ հայտնվեց Գետաշենում, Մարտունաշենում, Շահումյանում: Այնուհետեւ վերադարձավ հայրենի գյուղ ու միացավ ընկերների ստեղծած ինքնապաշտպանական ջոկատին: 1993թ.-ի մարտ ամսին Մարտակերտի Պուշկենյալ գյուղն ազատագրելու ռազմական գործողություններում Հայկը վիրավորվում է եւ տեղափոխվում հիվանդանոց: Մի քանի օր մայրը հիվանդանոցում խնամում էր որդուն: Մինչ տիկին Ռազմելան բեռնատար մեքենայով տուն կվերադառնար, լուր է ստանում, որ Հայկը, վիրակապը գլխին, հասել է Ներքին Դիվանլար` Ղաջար գյուղի ազատագրմանը մասնակցելու: 1994 թվականի հունվարի 13-ին, Սիփան-12 մարտական դիրքում, Հայկը վիրավորվում է արկի պայթյունից` բեկորը մխրճվում է նրա սրտի փորոքը: Չորս ամիս Երեւանում բուժվելուց հետո, նորից կիսատ թողնելով բուժումը, Հայկը վերադառնում է Արցախ:

Ականի բեկորից ավելի նրա սիրտը ցավեցնում էր ամեն մի զինակցի կորուստը՝ «Ամեն զոհի հողը դնելով՝ մեր արմատը խորանում է…»:

1994թ.-ին Հայկ Հակոբյանը պարգեւատրվում է ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: 1994թ.-ին Հայկին նշանակում են 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար` արդեն կապիտանի ուսադիրներով: 1996թ.-ի մարտին նա նորից վիրավորվում է, այս անգամ` ազդրից: 1997թ.-ի մայիսին նրան նշանակում են Մարտունու շրջանի 2-րդ պաշտպանական գնդի ռազմական գծով հրամանատարի տեղակալ: Նոյեմբերին պարգեւատրվում է «Բաղրամյան-100» հուշամեդալով: 1998 թվականի հոկտեմբերի 11-ին, մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, ականի պայթյունից կտրվում է երիտասարդ հրամանատարի կյանքի թելը: Նա ընդամենը 26 տարեկան էր:

Հայկ հրամանատարի մասին պատմություններն ու հուշերը դեռ երկար ուղեկցում էին ինձ, մինչև կհասնեինք Դրմբոն, այնտեղից էլ՝ Սարսանգի ափով Վանք գյուղ… Մեկ էլ՝ թավ անտառի ճանապարհի շրջադարձին երկու շտապօգնության «ՈՒԱԶ» մեքենա նկատեցինք: Մի քիչ հեռվում՝ «06» մակնիշի ավտոմեքենայի մոտ անհանգիստ աջ ու ձախ անող երիտասարդները: Զգում եմ՝ ինչ-որ թաքուն ուրախություն կա այս տեսարանում: Պարզվեց՝ երեխա էր ծնվում, մինչև հիվանդանոց փոքրիկը չէր համբերել: Հետո Գանձասարի վանքում մի մոմ վառեցի, որ փոքրիկը առողջ մեծանա ու արժանանա Հայկի կիսատ թողածը փառքով շարունակելու պատվին:

Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #11 (1080) 26.03.2015 – 01.04.2015, Ճակատագրեր, Պատմության էջերից


26/03/2015