Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐ, ԵՐԵՔՆ ԷԼ՝ ՍՊԱ
ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐ, ԵՐԵՔՆ ԷԼ՝ ՍՊԱ

Լեյտենանտ Հայկազ Դանիելյանի դեպքում էլ ընտանիքում ձևավորված ավանդույթը չխախտվեց, և նա եղբայրների օրինակով ընտրեց զինվորականի դժվարին ուղին: Ընդունվեց ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետ` ընտրելով կապավորի պատասխանատու մասնագիտությունը: Երիտասարդ լեյտենանտն այս ընտրության հանգամանքն ընդգծված հպարտությամբ է նշում, քանզի նրա իսկ խոսքով՝ եթե ավիացիայի ինստիտուտ ընդունվելը դժվար է, սովորելը՝ կրկնակի դժվար, իսկ իր Լևոն եղբոր նման լավ մասնագետ դառնալը` անչափ պատվաբեր:

-Ավագ եղբորս` Լևոնին շուտով հերթական զինվորական մայորի կոչումը կշնորհվի: Նա ավիացիայի ռազմական ինստիտուտի առաջին շրջանավարտներից է: Ավարտելուց հետո ծառայության է անցել որպես կապի սպա, ծառայել տարբեր զորամասերում: Այսօր էլ, որպես վաշտի հրամանատար, ծառայում է կապի զորամասերից մեկում: Միջնեկ եղբայրս` Գևորգը, որը մասնագիտութամբ սակրավոր է, նույնպես գերազանց ու լավ գնահատականներով 2009 թվականին ավարտեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և ծառայության նշանակվեց սակրավորային զորամասերից մեկում,- պատմում է Հայկազը, հետն էլ ավելացնում, որ իրենց ընտրության «գլխավոր մեղավորը» օջախի հրամանատարն է` հայրը, որ ռազմագիտություն է դասավանդում մայրաքաղաքի թիվ 167 հիմնական դպրոցում: Երբ հավաքվում ենք ընտանեկան հարկի տակ, նստում հացի, հայրս առաջին բաժակը բարձրացնում է մեր բանակի, երկրորդը` խաղաղության, իսկ երրորդը` իր զինվորական որդիների համար ու հպարտ-հպարտ ասում. « Երեք արծիվ ունեմ, երեքն էլ՝ սպա»:

***

Ռազմական բուհն ավարտելուց հետո Հայկազ Դանիելյանը վիճակահանությամբ ծառայության է անցնում հյուսիսարևելյան սահմանամերձ զորամասերից մեկում՝ նշանակվելով զենիթահրետանային դասակի հրամանատար:

Սիրելով եմ ընտրել մասնագիտությունս, հատկապես մասնագիտական առարկաները շատ լավ եմ սովորել: Եվ ինչքան խորանում եմ մասնագիտությանս մեջ, այնքան ավելի եմ ուզում նվիրվել:

-Ծառայությունդ ինչպես է անցնում,- հետաքրքրվում եմ:

-Առաջին ամիսներին որոշակի դժվարություններ ծագեցին նոր տեղում, նոր միջավայրի պայմաններին հարմարվելու առումով…Առհասարակ, ծառայության մեջ դժվարություններ միշտ էլ եղել են ու կլինեն: Ես չեմ էլ պատկերացնում զինվորական ծառայությունն առանց դժվարության: Եվ առհասարակ կյանքում ոչինչ հեշտ չի տրվում, բայց ամեն դժվարություն էլ հաղթահարելի է, եթե գիտակցված եւ նվիրումով ես մոտենում գործին, փորձում հասկանալ մարդկանց, լսել նրանց կարծիքը… Իմ պարագայում ամեն ինչ իր տեղն է ընկել:

***

Կուրսանտական նստարանից՝ միանգամից զորքեր: Եվ այսօր երիտասարդ լեյտենանտի ենթակայության տակ քսաներկու զինվոր կա: Բոլորն էլ հայրենասիրության բարձր գիտակցությամբ օժտված տղաներ են: Ծառայում են հաշտ ու համերաշխ՝ հրաշալի գիտակցելով իրենց ստորաբաժանման ողջ պատասխանատվության կարևորությունը: Գիշեր ու զօր հետևել, որ հակառակորդի թռչող սարքերը չխախտեն սահմանի՝ իրենց վստահված հատվածի օդային տարածքը: Խախտման դեպքում, ինչը բարեբախտաբար մինչ օրս չի եղել, հերթապահության տեղում անմիջապես ազդանշաններ են ստանում, տեղեկանում նշանակետի գտնվելու վայրի մասին և անմիջապես զեկուցում հրամանատարությանը, նոր միայն համապատասխան հրահանգ ստանալուց հետո կայացվում է հետագա քայլերի որոշում: Ստորաբաժանումը 24 ժամ մարտական հերթապահություն է իրականացնում ինչպես զորամասի մշտական տեղակայման վայրում, այնպես էլ առաջնագծում: Եվ լեյտենանտ Հայկազ Դանիելյանը քաջ գիտի, թե երբ, օրվա որ ժամին իր զինվորներից ով ինչպես անցկացրեց ծառայությունը…

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ