Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԴԻԿ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՀԱՑԻ, ԱՅԼ ՍԻՐՈ ՊԱԿԱՍԻՑ



Ես մտնում եմ վաստակավոր նկարիչ Լեւոն Մանասերյանի աշխատասենյակը եւ մոռանում եմ` ինչի համար եմ եկել. ամենուր գույներ են, գույներ, գույներ… դեմ դիմաց` պատին, մեր գյուղի լերկ բլուրներն են` խանձված, արեւագույն: Ես հոտոտում եմ օդը, ու այրվող խաշամի բույրը դիպչում է ռունգերիս: 90-ամյա նկարիչը ժպտում է: Հանկարծ արթնանում է մի պատկեր (պատին, թե գլխիս մեջ է նկարվում)` մայրս փոցխով հավաքում է դարչնագույն խաշամն ու այրում: Ծուխը… արեւը` այգու վրա… մորս ծաղկավոր զգեստը… ծիրանենուց կախված ճոճս… այրվող խաշամի ճրթճրթոցը… Նկարչի դիմաց կիսավարտ նկար կա: Կին: Ես ծանոթ եմ Լեւոն Մանասերյանի «կանանց»` նուրբ, անիրական, թափանցիկ, սիրո պես անմարմին, անբռնելի: Այս մեկն ուրիշ է:…

-Սա ուրիշ կին է,- ասում եմ ես:

Նայում եմ 90-ամյա նկարչին, ժպտում է, աչքերում փոքրիկ կայծեր են վառվում ու հանգչում: Նայում է քննախույզ: Իսկ կինը բոբիկ է, ազդրերը կիսաբաց, մարմինը` պիրկ, փթթուն, փարթամ… դեմքին երանության ժպիտ կա: Շուրջբոլորը հասուն, ուռուցիկ մրգեր են, կնոջ պես տաք, լեցուն, վառ, առողջ:

-Ես մի քանի մեծ սեր եմ ունեցել: Կնոջ սերը տղամարդուն թևեր է տալիս, հերոսացնում է: Միշտ տղամարդուն պետք է գոնե մի կին սիրի, շատ սիրի, թե չէ տղամարդը կփոքրանա, կյանքը կզրկվի իմաստից:

-Ձեր պատերին իմ մանկության գույներն են, դրանք միշտ ապրում են իմ ներսում: Երբ ես մրսում եմ, երբ ուզում եմ վանել սառնության շունչը, արթնացնում եմ այդ գույները….

-Յոթ տարեկանում կորցրի հորս: Մենք աղքատ էինք ապրում, բայց անիրավված չէինք, որովհետև շուրջբոլորը մեզ նման մարդիկ էին, խրճիթների կողքին հինգհարկանի առանձնատներ չկային: Էջմիածնում եմ մեծացել: Իմ քույրը ամուսնացավ մեր շրջանի դատավորի եղբոր հետ: Դատավորի տանը նույն կահկարասին էր, որը կար մեր տանը: Դրա համար էլ մենք հավատում էինք, որ բոլորս միասին ավելի լավ ենք ապրելու: Երբ ես ընդունվում էի կոմերիտմիության շարքերը, լաց եղա ուրախությունից, հպարտությունից: Գիտեք, հավատն ու խանդավառությունը կարող են հրաշքներ գործել:

Գրեթե ամեն օր հիշում եմ պատերազմը: Սկզբում Քանաքեռի հրամանատարական դպրոցում սովորեցի: Ես ու մանկության ընկերս միասին էինք: Հետո, չգիտես ինչու, որոշեցին նրան ճակատ ուղարկել, իսկ ինձ` ոչ: Ես դիմեցի հրամանատարիս, խնդրեցի, որ ընկերոջս հետ լինեմ: Մեզ լցրեցին բեռնատար վագոնները ու տարան: Չհասցրի նույնիսկ մորս հրաժեշտ տալ: Ազովի ծովի մոտ՝ Պերեկոպի մատույցներում, ադրբեջանական դիվիզիան վերակազմավորվում էր: Մեզ միացրին այդ դիվիզիային:

-Հրամանատարները ադրբեջանցինե՞ր էին:

-Դասակի հրամանատարը` այո՛, իսկ վաշտի հրամանատարը` ո՛չ: Երկուսին էլ ատում էի: Զինվորները ամենից շատ կոտրվում են այն ժամանակ, երբ տեսնում են, որ հրամանատարը հավասար աչքով չի նայում իրենց, մի մասին հովանավորում է, մի մասին` անտեսում: Մեր դասակի հրամանատարը ակնհայտորեն չէր սիրում հայերին: Մենք վիճեցինք: Նա զեկուցեց վաշտի հրամանատարին, սա էլ առանց ճշտելու, թե ինչ է կատարվել իրականում, առանց ինձ լսելու, պատժեց: Ինձ ձիանոցից հանեցին, գցեցին շան բույնը, վրաս էլ ժամապահ կարգեցին: Երբեք չեմ մոռանա այդ օրը:

-Երևի պատերազմի ամենադաժան հուշն է:

-Չէ՛: Մի օր իրիկնամուտին մի քանի զինվոր եկան բլինդաժ ու սկսեցին դատարկել ավարը` փող, նամակներ, նկարներ, իրեր… Դիակապտություն էին արել: Նրանք ջոկջոկում էին, պետքական իրերը վերցնում, իսկ նամակներն ու նկարները գցում կրակը: Ես նուրբ, նկարչի հոգով տղա էի ու ցնցվեցի այդ տեսարանից. խարույկի մեջ այրվում էին զոհված զինվորների անցյալը, հույզերը, կարոտները, սերերը: Հանկարծ ընկերս կատաղությամբ գրպանից հանեց իր սիրած աղջկա նկարն ու փորձեց գցել կրակի մեջ: Ես հասցրի խլել նկարը: Ասեմ, որ ես պահպանեցի ընկերոջս սիրած աղջկա լուսանկարը: Երբ պատերազմն ավարտվեց, նկարը վերադարձրի տիրոջը:

-Դուք պատերազմից հետո շարունակեցի՞ք ձեր ընկերությունը:

-Ընկերս երկու տարի առաջ մահացավ: Մենք ամբողջ կյանքում ընկերություն արեցինք:

-Ձեր պատանեկության տարիներին հնարավո՞ր էր նկարչական կրթություն ստանալ: Այն էլ` պատերազմից հետո:

-Ես վիրավորվեցի Սևաստոպոլի մատույցներում և հոսպիտալ ընկա: Երկու անգամ տարբեր հոսպիտալներում վիրահատվելուց հետո ինձ տեղափոխեցին Հայաստան: Հոսպիտալի պետի քաղաքական գծով տեղակալը թատերական քննադատ էր եղել պատերազմից առաջ: Տեսնելով նկարներս՝ նա խորհուրդ տվեց նկարչական բարձրագույն կրթություն ստանալ: Մի գրություն տվեց ու ինձ ճամփեց նորաբաց գեղարվեստաթատերական ինստիտուտի տնօրեն Արա Սարգսյանի մոտ: Ընդունելության առաջին քննությանը պարզվեց, որ պիտի նկարենք բնորդ տղամարդու: Կողքս Գրիգոր Խանջյանն էր նստած, նա էլ էր ընդունելության քննություն հանձնում: Երբ տեսա, թե նա ինչ վարպետությամբ քաշեց առաջին գծերը, մոտեցա Արա Սարգսյանին և ասացի, որ չեմ ուզում շարունակել քննությունները: Նա բացատրեց, որ մյուսները նախնական նկարչական կրթություն ունեն և պնդեց, որ մնամ: Ես ընդունվեցի նախապատրաստական բաժանմունք:

Այս համատարած գորշությունը որտեղի՞ց է գալիս, այս անթոթափելի միջակությունը, ոգեզուրկ, անշունչ, պաղ իրականությունը… Որովհետև դերձակը լրագրությամբ է զբաղվում, խոհարարը նկարում է, վարորդը քաղաքական գործիչ է… Հիմա պատեհապաշտությունը դարձել է կենսաձև: Շուրջն այնքան կեղծիք կա, սուտ կա: Մենք գոռում ենք Եղեռնի մասին, ամեն տարի ազգովի շունչներս պահած սպասում ենք` Ամերիկայի նախագահը կարտաբերի՞ ցեղասպանություն բառը, թե՞ ոչ: Սրտատրոփ հաշվում ենք ցեղասպանությունը ճանաչած երկրների քանակը, թրքատյացությունը դարձրել ենք մեր հայրենասիրության առաջին չափորոշիչը, մինչդեռ ցեղասպանությունը մերժելու համար ու հանուն նահատակվածների հիշատակի առաջին հերթին պիտի շեն ու բարեկեցիկ, ուժեղ ու պաշտպանված երկիր կառուցեինք մեզ համար: Երկիր, որտեղ չքավորությունն ու անօրինակ ցոփությունը կողք կողքի չեն, երկիր, որը չեն լքում… Պիտի մի բան ասեմ, որ չի շոյի ձեր ունկերը, մենք ենք մեղավոր մեր բոլոր դժբախտությունների համար: Մենք ենք պարտվել, մեզ ոչ ոք չի հաղթել… Շատերի անմիաբանությունը, երեսպաշտությունը, հայրենիքի ճակատագրի հանդեպ անտարբերությունը…

-Մեդալի մյուս երեսն էլ պիտի տեսնել:

-Տեսնում եմ: Դուք որտե՞ղ եք ծնվել:

-Երևանում:

-Ինչո՞ւ չեք գնում արտերկիր, Ձեզ նման լրագրողները արտերկրում տասնապատիկ շատ են վաստակում:

-… Որովհետև այստեղ ինձ սիրում են:

-Մեկ ուրիշը կասեր` որովհետև ես սիրում եմ իմ ծննդավայրը, բայց դա կլիներ կես ճշմարտություն: Ուրեմն՝ սիրեք մարդկանց, որ նրանք չլքեն իրենց ծննդավայրը: Մարդիկ հեշտությամբ են հեռանում, կտրվում իրենց արմատից, որովհետև ծննդավայրում նրանց չեն սիրում: Մարդիկ արտագաղթում են ոչ թե հացի, այլ սիրո պակասից: Ահա մեդալի մյուս երեսը:

-Ինչո՞ւ թույլ չեք տվել, որ Ձեզ ներկայացնեն ժողովրդական նկարչի կոչման:

-Նեղացած եմ: Մարդիկ երջանիկ չեն, իմ երկրում գույները խամրած են, իմ երկրում ցավ կա, հոգս կա: Ինչի՞ս է պետք կոչումը… Գիտեք, վաղուց այսքան սրտամոտ չէի զրուցել լրագրողի հետ: Մեկ էլ 70-ականներին էր… Լրագրողի անունը մինչ օրս հիշում եմ` Մարիկա: Լրագրողը պիտի փնտրի ճշմարտությունը… Լրագրությունը, ինչպես ամեն մի արվեստ, պիտի արտացոլի ճշմարտությունը:

-Ես վերջերս եմ իմացել, որ իմ մանկության Այբբենարանը Դուք եք նկարազարդել: Դա, ըստ իս, Ձեր նկարազարդած հարյուրավոր գրքերից ամենակատարյալն է, հիմա անընդհատ ազգայինից և հայրենասիրությունից են խոսում: Հայրենասիրությունը դարձել է մոդայիկ տարազ, որ ամեն ոք քաշում է իր վրա… մեր Այբբենարանում ո՛չ հայկական տարազ կար, ո՛չ Անդրանիկին ուղղված ներբող, բայց այնքան ազգային էր իր գույներով, իր պատկերներով, ասելիքով:

-Ապրե՛ս: Ճարտարապետ Քյուրքչյանի տան բակում մի մեծ քար կար` սև, մամռակալած: Ո՛չ էրգրից էր բերված, ո՛չ էլ վրան խաչ կամ հայկական բառեր էին փորագրված: Բայց երբ բակում աշխատող բանվորները ցեխոտ շորերով նստեցին քարին, Քյուրքչյանը ոնց հուզվեց, ոնց գոռաց…. Այդ քարը փոքրիկ հայրենիք էր Քյուրքչյանի համար: Հայրենիքը քո սիրո տարածքն է: Որքան մեծ է սերդ, հայրենիքդ այնքան կմեծանա: Իսկ երկրի առաջընթացը, բարոյական ինքնամաքրումը, նույնիսկ տնտեսական զարգացումը մշակույթով ու արվեստով է պայմանավորված: Մշակույթն է հասարակության շարժիչ ուժը: Ու հայրենասիրություն արթնացնելու համար պարտադիր չէ խոսել Եղեռնից ու ներբողել Մասիսը:

-Պարոն Մանասերյան, Դուք շատ լավ գիտեք, թե ինչ է զգում զենքը ձեռքին թշնամու դեմ կանգնած զինվորը: Ի՞նչ կասեք սահման պահող հայ բանակայինին:

-Ոչ մի բան: Ես իշխանավորին կասեմ: Լավ պահեք այն հայրենիքը, որի համար զինվորի արյունն է թափվում: Ձեր որդիներին հասարակ տղերքի հետ առաջնագիծ ուղարկեք հայրենիքի մասին ճամարտակելուց առաջ, որ երկիրը երկիր դառնա, որ կորսված հավատը վերածնվի: Ու այնպես արեք, որ զինվորի գլխից մազ չպակսի:

-Այս տարին հոբելյանական է Ձեզ համար: Շուտով կդառնաք 90 տարեկան: Բարով դառնաք: Շնորհավորում եմ ի սրտե, առողջ եղեք, երջանիկ եղեք: Վստահ եմ, որ այս զրույցից հետո մենք մի քիչ ավելի շատ կսիրենք իրար, մի պահ կմտածենք հայրենիքի մասին ճամարտակելուց առաջ, ավելի շատ կկապվենք մեր ծննդավայրին… Շնորհակալ եմ զրույցի համար:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #10 (1079) 19.03.2015 – 25.03.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


19/03/2015