Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՀՈՐ ՕՐԻՆԱԿՈՎ



Ինչպես ծառի նոր ճյուղը հետեւում է իր արմատին, այնպես էլ նոր սերունդը հետեւում է նախորդին: Արցախյան ազատամարտի մասնակից Վարդան Մակարյանի կամ «Շոթոյի» որդի Տիգրան Մակարյանը, հոր օրինակին հետեւելով՝ նույնպես շարունակում է նրա հայրենանվեր գործը, բայց արդեն հոգեւոր դաշտում: Թեեւ պատերազմին մասնակցած եւ սխրանքներ կատարած հոր մասին պատկերացումներն ամբողջանում են ընկերների պատմությունների միջոցով, որդին վերապրում է հոր հիշողությունները:

Տիգրանը պատմում է, որ հայրը շատ քիչ առիթների դեպքում է պատմել ազատամարտի մասին: Հիմնականում հիշել և խոսել է, երբ հանդիպել են մարտական ընկերներով, և մեկը մյուսին լրացնելով՝ վերհիշել են պատերազմի տարիները:

-Իմ մանկական հիշողությունները հորս մասին կապված են կռվի դաշտի հետ: Թե՛ իմ, թե՛ քրոջս ու եղբորս ծնվելու ժամանակ հայրս դարձյալ կռվի դաշտում է եղել: Նրա պատկերը միշտ իմ առջև է՝ մորուքով և զենքը ուսին,- պատմում է Տիգրանը, հիշելով անցած տարի մահացած հորը:

Վարդանը ծնվել է 1968 թվականին, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում. նրան ավելի շատ ճանաչել և դիմել են «Շոթո» կամ «Շոթա» մականվամբ: Շոթոն ազատամարտին ներգրավվել է շարժման սկզբից: Նախ երկրաշարժի ժամանակ եղել է աղետի գոտում, ցուցաբերել օգնություն, այնուհետև միացել է նոր սկսվող շարժմանը:

1988 թվականին Մասիսի շրջանում ձևավորվել են կամավորական ջոկատները, և Շոթոն անդամագրվել է «Զորավար Անդրանիկ» ջոկատին և շուտով դարձել ստորաբաժանման հրամանատար: Մասնակցել է Նոյեմբերյանի, Երասխավանի և Արցախում մղվող մարտական գործողություններին: Այնուհետև կազմավորված Հայկական բանակի շարքերում ծառայել է 5-րդ կամավորական ջոկատում՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Պաշտպանական համակարգում մնացել է մինչև 1998 թվականը՝ հասնելով մայորի զինվորական կոչման:

Տիգրանն ասում է, որ պատերազմի դաշտից հոր հիշողությունները ամենաշատը կապված են այնտեղ կորցրած ընկերների հետ:

– Նա միշտ ասել է՝ ընկերներս էլ չկան, կորցրել եմ ու պիտի միանամ իրենց: Հայրս պատերազմի ավարտից հետո անընդհատ վերապրել է ամեն ինչ, որովհետև շատ երիտասարդ է եղել, երբ մասնակցել է ազատամարտին: Եռանդուն գործունեությունը թողել էր իր հետքը,-պատմում է Տիգրանը,- պատերազմից հետո էլ կարծես պատերազմում լիներ, չէր կարողանում ոչինչ մոռանալ. ծառայությունը շարունակելու պատճառներից մեկն էլ այդ էր: Հիշողությունները ու դրանց հետ կապվածությունը նրան հաճախ են տարել Արցախ. հողը կանչել է: Եթե մի հողի համար արյուն ես թափում, և այդ հողը արյամբ է ցողվում, այն գերագույն արժեք է ունենում:

Տիգրանը 23 տարեկան է, սարկավագ: Նա ասում է, որ իրենք սերում են Արաբոյի տոհմից: Իրենց ազգի մեծ մասը եղել է զինվորական, մասնակցել են և՛ հայդուկային, և՛ Արցախյան շարժումներին:

– Ինչպես ծառի նոր ճյուղը հետևում է իր արմատին, այնպես էլ ես: Տարբերություն չկա՝ իրական պատերազմի դաշտ է, թե հոգևոր: Այն, ինչ իմ հորից, նախնիներից փոխանցվել է ինձ՝ հայրենասիրությունը, ազգային արժեքների գիտակցումը, ինձ օգնեցին ճիշտ ընտրելու իմ հոգևոր ծառայությունը: Տարբերություն չկա՝ Աստված, թե հայրենիք: Եթե այսօր պատրաստ չլինեմ պաշտպանելու հայրենիքս, իսկական քրիստոնյա չեմ: Ամեն հոգևորականի պարտքն է՝ իր հավատքը ցուցաբերել գործով:

Հայրենիքը կարելի է ոչ միայն սահմաններում լինելով պաշտպանել, այլև ներսից խաղաղեցնելով, -ասում է Տիգրանը:

Նրա պատկերացմամբ՝ ամեն սերունդ թողնում է իր ուրույն տեղն ու դերը, և երբ գալիս է հաջորդ սերունդը, պետք է իր նախնիների կուտակած փորձառությունը, արժեքները կարողանա է՛լ ավելի զարգացնել, հասցնել կատարյալի: Այս առումով, նա կարծում է, պետք է գերազանցենք նախորդներին, և հավատացած է, որ այսօր էլ կա այն սերունդը, որը գնահատում և պահպանում է ազգային արժեքները՝ պատրաստ շարունակելու նրանց գործը:

ԱՆԻ ԶԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
4-րդ կուրս

Խորագիր՝ #10 (1079) 19.03.2015 – 25.03.2015, Ճակատագրեր


19/03/2015