Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻՐՃՈՒՄ



ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Իրիկնամուտի արևն առնում էր գագաթների արծաթը և հազարապատիկ անդրադարձնելով ցանում էր ձորի մեջ: Այդ կրքոտ ու խենթ անդրադարձից ցավում էին Հրանտի աչքերը: Ցավում ու արցունքոտվում էին, բայց նա բանի տեղ չէր դնում: Ի՞նչ աներ, ձյունն էլ, արևն էլ Աստծո տվածն էին: Հրանտի կարծիքով՝ Աստված աշխարհն ստեղծել է ապրելու համար, իսկ առանց ձմռան այս իրիկնամուտի աշխարհում հաստատ ինչ-որ բան պակաս պիտի լիներ:

Նա իր հոգու մեջ վաղուց էր հաշտվել աշխարհի անհարմարությունների հետ և հիմա էլ գիտեր, որ աչքերի ցավի պատճառն ավելի շատ անքնությունն է, քան ձմռան արևն ու ձյունը:

Նրանք դիրք էին բռնել ձորի նեղ կոկորդում` կիրճի մեջ: Դիրքը նրան դուր չէր եկել հենց սկզբից: Ինչ-որ չարագուշակ բան կար կիրճի մեջ, որ շատ էր անհանգստացնում նրա հոգին: Բայց ինչ էլ որ լիներ, հրամանը հրաման էր, և այն խախտել չէր կարելի:

Մի ժամ առաջ տեղ էր հասել շտաբից ուղարկված ջահել, թախծոտ աչքերով հրամանատարը, երկար նայել քարտեզին, հոգոց հանել ու հրամայել էր դիրք գրավել այս կիրճում: Ինքը փորձել էր ապացուցել, որ կիրճը վտանգավոր է և կարող է փորձանք դառնալ գլխներին, բայց նա թույլ չէր տվել առարկել: Հարցը դրել էր հստակ:

-Այդպե՛ս է պետք,- կտրել էր նա, և ինքն ստիպված լռել էր:

Իրենք չորս կամավորներ էին, չորս ընկերներ: Պատահաբար նրանց էր միացել մի ջահել զինվոր: Նա ետ էր մնացել նահանջող զորամասից կամ, ինչպես ինքն էր պնդում, չէր ցանկացել նահանջել:

Երբ ջահել լեյտենանտը եկավ ու հայտնեց, թե եկել է այս դիրքի պաշտպանությունը կազմակերպելու, մի քիչ վիրավորվեցին: Թե ուղարկել էին, ինչո՞ւ էր մենակ, առանց զինվորի: Շտաբում իրենց մասին ոչ ոք չգիտեր, ուրեմն ինչո՞ւ էին հրամանատար ուղարկել առանց զինվորի: Բայց դրա ժամանակը չէր: Վիճել-ապացուցելու ժամանակը հետո կգար: Իրենք լռել էին, մանավանդ, երբ լեյտենանտը հայտնել էր, թե իրենք խցան պիտի դառնան ձորի կոկորդում: Ամուր փակող խցան:

Հիմա թմբի տակ զույգ-զույգ պառկած էին տղերքը` Փրչոտ Հարութն ու Արմենը` ձախում, լեյտենանտն ու Գագոն` կենտրոնում, և ջահել զինվորն ու ինքը` աջ թևում:

Դանդաղ իջնում էր իրիկունը, և սարերի գագաթները արծաթից փոխվում էին հալած ոսկու: Հետո կամաց-կամաց Մռավի լեռնաշղթայի գագաթները գունաթափվեցին, խունացան ու ընկղմվեցին ձմռան գիշերվա մեջ:

Շուրջը չարագուշակ ոչինչ չկար: Մեկ-մեկ այս կամ այն կողմից լսվում էր հետախուզող մի կրակոց, որ չոր արձագանքում էր կիրճի ժայռեղեն կոկորդում: Պառկել էին թմբի տակ, հապճեպ փորած խրամատի մեջ և աշխատում էին բանի տեղ չդնել ցուրտը, կիրճում կուտակվող թշնամուն ու նրա կրակոցների արձագանքը` ժայռերի մեջ:

Նրանցից յուրաքանչյուրը գիտեր, որ թշնամուն պահելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերախմբավորվել իրենց ուժերը: Որքա՞ն կտևեր այդ, ոչ ոք չգիտեր, ի՞նչ կպահանջվեր դրա համար, ոչ ոքի հայտնի չէր: Իրենց անելիքն այս ջահել տղան հենց սկզբից գիտեր: Գիտեր, բայց չէր ուզում ասել, մտածելով, որ իրենք` արդեն հասուն տղամարդիկ, կվախենան ու չեն համաձայնի դիրքը պահել: Հետո լավ էր` շուտ գլխի ընկավ, որ գրքի սովորածը կյանքի ու մահվան այս սահմանագծում պետք չէ, ու փափկեց: Ասաց` պետք է, ասաց` կուզեք՝ թող ձեզնից մեկը հրամանատար լինի, ես` զինվոր, ասաց` եթե թշնամին իմանա, որ էս ձորի միջով գնացող ճամփի խաչմերուկում ընդամենը վեց հոգի ենք, մի շնչով մինչև Վարդենիս ու Մարտակերտ կհասնի: Նրա ներշնչված դեմքը հիշելով՝ Հրանտը ժպտաց բեղերի մեջ:

-Չէ՛,- այն ժամանակ նրան առարկել էին իրենք,- մենք հայրենիքի զինվոր ենք գրվել, մենք հրամայելու համար չենք եկել էստեղ, մեզ հրամայողը մեր հողը, մեր մայրերն ու կանայք են, մեր էրեխեքը: Դու քարտեզն ավելի լավ գիտես, համ էլ շտաբից քեզ են ասել, թե ինչ պետք է անել:

-Լավ,- գլխով էր արել լեյտենանտն ու բաժանել էր դիրքերը: Հետո ախպերավարի նայել էր ամեն մեկին ու ավելացրել,- պիտի դիմանանք:

…Հիմա Հրանտի կողքին բարակ կիսամուշտակի մեջ փաթաթված պառկել էր Խաչոն: Նրա երեսի երկարած աղվամազը դեռ չէր սևացել, ու դեմքը նմանվում էր նոսր եղեգնուտի: Նա անընդհատ դողդողում էր ու փորձում էր զսպել իրեն:

-Մրսո՞ւմ ես,- մի ժամ առաջ հարցրել էր Հրանտը:

-Չէ՛,- ատամներն իրար զարկելով՝ գլուխը բացասաբար շարժել էր տղան, և տղերքը ծիծաղել էին մերժելու նրա ձևի վրա:

-Ա՛յ քեզ տղամարդ,- քրքջացել էր Գագոն, գայլի ատամները բացած,- թուրքը որ քեզ հանդիպի, սարսափահար կփախչի…

-Արդեն հանդիպել է,- դողը մի կերպ զսպելով՝ վիրավորված նետել էր տղան:

-Իսկականի՞ց,- չարաճճի ժպիտը հազիվ զսպելով՝ հարցրել էր Գագոն:

-Հա,- չոր կտրել էր տղան ու լռել:

Նա նեղացած հրաժարվել էր Հրանտի առաջարկած տաք բաճկոնից:

-Չեմ ուզում: Չեմ մրսում,-ասել ու ամփոփվել էր ինքն իր մեջ:

Թե ուզենար, հոսպիտալից չէր վերադառնա զինվորական ծառայության: Տեղեկանք կներկայացներ վիրավորված լինելու մասին, կպատճառաբաներ, թե առողջական վիճակը վատ է: Բայց սրտի մի թաքուն անկյունում, իրենից գաղտնի մխում էր կարոտը: Չէր մոռանում համայնապատկերը ձորի: Լեռան գագաթից նայել էր մի անգամ, և աչքերի մեջ դաջվել էին կապույտ, ասես առաձգական հեռվում, ձորի մեջ փռված գյուղերն իրենց մշուշի մեջ աննշմար ու աներևույթ դարձող ծխով: Արցախյան բնապատկերի այդ պատառիկը հիվանդանոցում եղած բոլոր ամիսներին հանգիստ չէր տալիս իրեն: Գլուխը դնում էր բարձին, ու աչքերի առաջ բացվում էր այդ մի պատառ Արցախը: Իսկ երբ լսեց, որ թշնամին հարձակվել է Օմարի լեռնանցքի վրա, հանգիստը կորցրեց: Հիմա ճակատագիրն իրեն՝ ջահել լեյտենանտին ու իր հոր տարիքի, բազում մարտեր տեսած այս մարդկանց հանդիպեցրել է այս թմբի հետևում: Առջևում թշնամին է` մեծաքանակ և ուժեղ, բայց նա չգիտի իրենց թիվը: Հրամանատարը տղերքին դասավորեց ցրված` թմբի ողջ երկայնքով, այնպես, որ հակառակորդը կրակոցի ձայներից դատելով ենթադրի, թե իրենք շատ են: Մանավանդ, որ կիրճը բազմապատկում էր ու ահագնացնում յուրաքանչյուր ձայն:

Բոլորը գիտեին, որ լուսաբացին մարտը կսկսվի: Այն ժամանակ գուցե նաև օգնությունը հասնի, բայց մինչ այդ հարկավոր էր դիմանալ:

Քաղցած էին դեռ երեկվանից: Թշնամու առաջն առնելու, դիրքը պահելու հոգսով տարված, չէին հասցրել ուտելիքի մասին մտածել: Քաղցած էին, դրա համար էլ ավելի շատ էին մրսում:

-Ա՜ռ,- տղայի մեջքը բռունցքով հրեց Հրանտը,- վերցրո՜ւ, մեկը քեզ, մեկն` ինձ: Խաչիկը շրջվեց, նայեց իրեն մեկնած բլիթին:

-Չեմ ուզում,- շուրթերն ուռեցրեց, մտածելով, թե դարձյալ ձեռք է առնում:

-Շատ նեղացկոտն ես երևում, հա՛,- հաշտվողաբար աչքով արեց Հրանտը,- կատակում ենք, էլի:

-Չեմ նեղանում,- իրեն հավաքեց տղան,- քաղցած չեմ:

-Դե լավ, հա՛, քաղցած չես:

Նրանք լուռ կռթկռթացնում էին թխվածքաբլիթն ու նայում էին շառագունող արևելքին: Ձորի միջից երևում էր երկնքի մի փոքրիկ պատառ, որ ցրտից ավելի կապույտ ու կծված էր թվում: Իրենց դիրքից մորուքը դուրս ցցեց Հարութն ու թնդացրեց.

-Հրա՛նտ, հոգեպահուստ ծխախոտ է՞լ չունես:

-Լիներ` կտայի,- առանց նրան դառնալու, թշնամու դիրքը տնտղելով՝ պատասխանեց Հրանտը:

-Ժլատ,- քրքջաց Հարութը,- թուրքից կվերցնեմ, դու քեզ վատ կզգաս:

Խաչիկն ակնապիշ նայում էր խրամատի եզրին, թևերը պարզած պարող թուրքին:

-Նայի՜ր,- Հրանտի փեշը քաշեց նա,- դեռ լույսը չբացված՝ հասցրել է թևը ծակել,- ատամների արանքից նետեց նա ու քաշեց ձգանը: Թուրքի վեր տնկած ձեռքերն ուզեցին կախվել օդից, բայց նրա մարմինը, որ երկինք համբարձվելու համար շատ մեղավոր ու ծանր էր, գլորվեց փոսի մեջ:

-Ինչի՞ խփեցիր, կնայեինք, էլի՛,- ծույլ հանդիմանեց Հրանտը,- բա առավոտ շուտ մարդու ուրախությունը մահո՞վ կկտրեն:

Խաչիկը չհասկացավ՝ լու՞րջ է ասում Հրանտը, թե՞ դարձյալ կատակում է:

-Մենք թատրո՞ն ենք եկել, որ թուրքի պարը նայենք,- կարծրացավ նա,- ես չսպանեի, ինքը կսպաներ: Համ էլ աքլորներին չեմ սիրում:

Մարտն անսպասելի չէր: Գիտեին, որ լույսը բացվելուն պես թշնամին հարձակվելու է: Խաչիկի կրակոցը նրան հանեց համբերությունից:

-Պատրա՛ստ,- թմբի հետևում տարածվեց լեյտենանտի արհեստական կոշտացրած ձայնը:

-Սկսվե՛ց,- մռլտաց Հրանտն ու ոտքերն իրարից մի քիչ հեռացնելով՝ հենվեց ձախ արմունկին:- Անտեղի չկրակես, փամփուշտը քիչ է: Սպասիր, մինչև թշնամին գա, նստի նշանոցին ու նոր քաշիր ձգանը,- Խաչիկին խորհուրդ տվեց նա:

-Եղավ,- գլխով արեց տղան:

Ձորի մեջ տարածված վնգոցն սկզբում ինքնաթիռի ձայն համարեցին:

-Հիմի էլ ինքնաթիռի հե՞տ կռվենք,- չգիտես դժգոհեց, թե՞ քրթմնջոցով իրեն նոր անակնկալի պատրաստեց Գագոն ու շրջվելով մեջքի վրա՝ ինքնաձիգը վերև ուղղեց: Բայց առավոտվա սառած երկինքը դատարկ էր: Ջահել լեյտենանտը խեթեց.

-Ինքնաթիռն էս ձորը չի մտնի: Տանկ է: Ձայնը զրնգում է կիրճում:

-Պա-հո՛,- ինքն իրեն գտավ Գագոն,- լուն ուղտի տեղ դրեցինք:

Թշնամին գալիս էր առանց զգուշանալու, իր հաղթանակին վստահ, տանկի վրա թառած: Նրանցից մեկը նույնիսկ վերև էր պարզել ձեռքերն ու թափահարում էր: Մոտեցող տանկին նայելով՝ տղաներից յուրաքանչյուրը թմբի հետևում սարսափի ու ինքնահաղթահարման հավիտենություն էր ապրում:

-Տո՜ւր,- հրամանատարի մեկնած նռնակները վերցրեց Գագոն: Նա սպասում էր, թե տանկը երբ կիջնի իրենց դիրքից քիչ հեռու եղած փոսը: Այդ պահին նրա աշտարակը կերևար ինչպես ափի մեջ, և հեշտ կլիներ նռնակն աշտարակի վրա գցելը: Բայց նյարդերը լարված էին, չկարողացավ սպասել ու ավելի շուտ շպրտեց նռնակը.

-Առե՛ք:

Նռնակը պայթեց մեքենայից աջ, ջարդուփշուր արեց թրթուրն, ու տանկը կանգնեց տեղում: Սկսեց կրակ ժայթքել, իսկ հրանոթն սկսեց նշան բռնել իր առաջ հայտնված արգելքին:

-Շտապեցի,- Գագոն լեյտենանտին նայեց մեղավոր:

-Սպասիր, նռնակները քիչ են,- նրան կասեցրեց լեյտենանտն ու իր ձեռքի նռնակը նետեց խաղալու պես, կողքից, այնքան անսպասելի, որ նույնիսկ Գագոն գլխի չընկավ, թե ինչ տեղի ունեցավ: Տանկը ցնցվեց ու բռնկվեց միանգամից: Ու մինչ թշնամին նոր գրոհի էր պատրաստվում, Փրչոտը երգում էր բարձրաձայն.

-Հե՛յ-հե՛յ, Գագոն տանկ խփե՛ց…

Հրանտը հազիվ էր հասկացել նրա երգի բառերի իմաստը, երբ Գագոն երգով ճշտեց.

-Ոչ թե Գագոն, այլ Սուրիկը խփե՛ց:

-Հաշիվը մե՛կ է,- խաղի մեջ մտնելով՝ նրանց հանգով գոռաց լեյտենանտը և ձմռան առավոտն ասես հալվեց, տաքացավ:

-Գալիս են,- աջակողմյան դիրքից նրանց սթափեցրեց Արմենը:

-Գալիս են տանկը տանեն,- քմծիծաղեց Հրանտը:

Թշնամին դաս էր քաղել նախորդ անհաջողությունից, այս անգամ գալիս էր զգույշ, գողեգող: Շատ էին: Տղերքից ամեն մեկը կրակում էր ինքն իր մեջ ամփոփված ու լուռ:

Հրանտն ամեն կրակահերթի հետ այնպես էր տնքում, ասես ուժից վեր ծանրություն էր բարձրացնում: Գագոն ինքնաձիգին համոզում էր այնպես, ինչպես նարդի խաղալուց զառին էր համոզում.

-Ա՜յ, լավ ա, խփի՛, քո ցավը տանեմ,- կիսաձայն քրթմնջում էր նա:

Խաչիկը կրակում էր լայն բացված աչքերով, ասես` զարմացած: Չգիտես ինչու, գլխից հանել, թմբի վրա էր դրել գլխարկը, և ձմռան առավոտվա քամին խառնում էր նրա շեկ-սմբուլ մազերը: Փրչոտ Հարութն անընդհատ երգում էր ու մտքում զարմանում, թե այդքան սեղմելուց հետո ինչպես չեն փշրվում Արմենի ատամները: Իսկ ջահել լեյտենանտն արդեն հրամանատար չէր: Հրամայելու բան չկար: Տղերքից ամեն մեկը գիտեր իր անելիքը և կռվում էր իր բաժին կռիվը:Իսկ թշնամին թմբի տակ էր:

-Նռնակ չունենք,- ավելի շատ հաստատեց, քան հարցրեց Հրանտը և աչքով արեց Խաչիկին,- հիմա տես:

Նա գլուխը դուրս հանեց թմբի հետևից ու ամբողջ կոկորդով ռուսերեն գոռաց.

-Պառկի՛ր, նռնակ եմ նետում:

Հետո շպրտեց ձեռքի բռնցքաչափ քարը: Թշնամին կպավ գետնին, իսկ նա կանգնեց հասակով մեկ ու քաշեց ինքնաձիգի ձգանը: Այդ ամենը րոպեից էլ պակաս տևեց:

-Լա՛վ էր,- հրճվեց Խաչիկը:

-Լավ էր, բայց միշտ չէ, որ հուսալի է: Մի անգամ կհաջողվի, երկու…

-Տղե՛րք Հարութը վիրավորվեց,- ձայն տվեց Արմենը:

-Վերքը ծա՞նր է:

-Հա, վիրակապում եմ:

-Դիմացեք, տղե՛րք ջան,- խնդրելով քաջալերեց հրամանատարը:

-Գործիդ գնա,- դժգոհ մռլտաց Հրանտը,- դո՞ւ պիտի ասես, որ դիմանանք: Ես տեղիցս շարժվողը չեմ:

Մարտը երկարում էր: Խաչիկն արդեն երկու անգամ դուրս էր եկել իր դիրքից, զոհված թուրքերի զենքերը բերել, բայց գնդակներն էլի քչություն էին անում:

-Տեսնես՝ ինչո՞ւ ուշացան, ախր դիմանալուն էլ չափ կա,- ատամները սեղմած մրթմրթում էր Սուրիկն ու կրակում: Գուցե թե չի՞ հաջողվել ծրագիրը, գուցե չե՞ն կարողացել ծուղակը գցել թշնամուն: Մտքերը ոստոստում էին նրա գլխում, և նա կրակում էր դրանց հանգույն` կարճ կրակահերթերով, փամփուշտը խնայելով:

Հանկարծ նրա ականջն զգաց, որ Արմենենց դիրքը լռել է: Նայեց այն կողմ: Արմենը մինչև գոտկատեղը դուրս էր եկել ու նայում էր խրամատից, իր վրա կենտրոնացնելով թշնամու կրակը: Ուշ հասկացավ, որ նա ցանկացել է դուրս գալ, զենքի գնալ, բայց զարկվել է ու մնացել է այդպես: Թուրքը կրակում, բայց չի հասկանում, որ նա վաղուց մեռած է:

Արդեն կեսօր էր, իսկ թշնամին չէր դադարեցնում գրոհները: Ձորի ձախակողմյան ժայռերի հետևից բամփյուն էր լսվում, իսկ Հրանտի ականջն այն իմաստավորելու ժամանակ չուներ: Նա վազում էր դիրքից դիրք, կարճ կրակահերթեր տալիս, որ թուրքը գլխի չընկներ տղերքի զոհվելը և կարծեր, թե իրեն դիմադրող ուժերը շատ են: Այդ արտորանքի մեջ աչքի պոչով տեսավ, թե Գագոն ինչպես երկու ձեռքով գրկեց հրամանատարին ու պառկեցրեց խրամատի հատակին: «Սուրոն էլ զարկվավ»,- իր համար նշեց մտքի մեջ: Հետո զարմացավ, որ իր վրա սկզբում այդքան վատ տպավորություն թողած տղան կես օրվա մեջ դարձավ Սուրո: Հետո նրա ականջը փնտրեց ու չգտավ Գագոյի հայհոյախառն գոռգոռոցները, որ ձորի մեջ արձագանքում էին տասնապատիկ անգամ ուժեղացած:

-Ես ու դու մնացինք, Խաչո:

-Ոչինչ, դու կենտրոնը պահիր,- նրան սիրտ տվեց տղան: Հետո մի պահ կանգ առավ՝ ականջը կիրճի ձախ կողմից լսվող ձայներին:

-Մերոնք են:

Թշնամին թիկունքից ճնշում էր զգացել և ավելի էր ուժեղացրել գրոհը:

-Հա՛, դրանց տեսեք,- թուրքի մոլեգին արշավը տեսնելով՝ քմծիծաղեց Հրանտը,- հիմարները գլուխները կորցրել են, վազելով այս կողմն են գալիս:

-Ա՛խ,- տնքաց Խաչոն:

Կրակելը շարունակելով՝ Հրանտը նայեց նրան:

-Դինացի՛ր, Խաչո ջան, դիմացի՛ր, տղա՛ ջան: Մի րոպեից վերքդ կկապեմ: Էն էրկուսի հաշիվը մաքրեմ…

Օգտվելով դադարից՝ նա մոտեցավ տղային, բացեց կուրծքը: Գնդակը մի փոքրիկ, կարմիր հետք էր թողել կրծքի վրա: Տեսավ ուսի սպին ու աչքերին չհավատաց: Մատներով շոշափեց ու գլուխը կախեց. «Մեղավոր եմ էրեխի առաջ: Կռվել է ու վիրավորվել: Իսկ ես ձեռք էի առնում: Հոգուս մեղք արեցի»:

Մոտ կես րոպեի չափ չոքած մնաց տղայի կողքին, հետո փակեց նրա զարմացած աչքերն ու վեր կացավ: Կիրճը լուռ էր, սովորական, խաղաղ ու մի քիչ էլ` գեղեցիկ:

Տեսնում էր, որ դիմացից ինքնաձիգները վեր պարզած, ժպտալով վազում են ընկերները: Նրանք ինչ-որ բան էին գոռում, բայց նա ոչինչ չէր լսում: Կարծես ամեն ինչ տեղի էր ունենում երազում կամ համր կինոյում… Նայում էր շուրջն ու հավատը չէր գալիս, թե տղերքը զոհվել են: Նրան թվում էր, թե նրանք քնել են: Քնել են դիրքում ու չեն ցանկանում վեր կենալ: Եվ հազիվ էր զսպում իրեն, որ չգոռար.

-Վե՛ր կացեք, ո՞ւր եք քնել, ես ձեր տիրոջ…

Խորագիր՝ #10 (1079) 19.03.2015 – 25.03.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


19/03/2015