Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՐԵՎԵԼՔ՝ ՈՉՆՉԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆՕՐՐԱՆ



Մերձավոր Արևելքում գլուխ բարձրացրած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսօր հասցրել է դառնալ թիվ մեկ մարտահրավերը ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Իսլամիստ ծայրահեղականների մշտական բռնաճնշումների թիրախում են հայտնվել Մերձավոր Արևելքում ապրող քրիստոնյա և այլ կրոնական համայնքները: Իսկ օրերս զինյալ ահաբեկիչների հարձակման թիրախում կրկին հայտնվեցին ասորիները:

Մերձավոր Արևելքում ապրող ասորիների խնդիրներն է ներկայացնում Ասորիների միության քարտուղար, Հայաստանի վաստակավոր դերասան ՌԱԶՄԻԿ ԽՈՍՐՈԵՎԸ:

-Պարո՛ն Խոսրոև, այսօր ամբողջ աշխարհն է տագնապով հետևում Սիրիայում և Իրաքում ապրող ասորիների ճակատագրին. ի՞նչ հուսադրող տեղեկություն կարող եք հայտնել:

-Սիրիայում և Իրաքում ասորիների վիճակը ծայրահեղ ծանր է. ասորաբնակ տարածքները դեռևս գտնվում են «Իսլամական պետության» ահաբեկիչների ձեռքում: Մխիթարական է այն, որ գերեվարված, պատանդ վերցվածների գոնե մի մասին՝ կանանց ու երեխաների, բաց են թողել: Իհարկե, այս գործողությունները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են, քանի որ վերաբերում են ամբողջ քրիստոնյա աշխարհին: Այն, ինչ այսօր Մերձավոր Արևելքում կատարում են «Իսլամական պետության» ահաբեկիչները, թուրքերի՝ հարյուր տարի առաջ հայտարարած գաղափարախոսությունն է՝ Արևելքը առանց քրիստոնյաների:

-Աշխարհը ցնցել են այն կադրերը, որոնցում «Իսլամիստ» զինյալները ոչնչացնում են ասորական մշակույթի շուրջ 3000-ամյա նմուշները: Ի՞նչ արձագանքներ կան միջազգային հանրության կողմից:

-Ասորական դարավոր մշակույթի ոչնչացումը իսլամիստների ձեռքով ամենամեծ չարիքն է մարդկության դեմ: Ասորիները դարեր շարունակ հավաքում են իրենց հնամենի մշակույթի բեկորները, բայց, ցավոք սրտի, ամեն հարյուր տարին մեկ ոչնչացվում և հողին են հավասարեցվում աշխարհի հնագույն ազգերից մեկի մշակութային ժառանգությունը, որը մարդկությանը տվել է սեպագիր արձանագրություններ ու գրականություն, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող առաջին սահմանադրությունը՝ Համուրապիի օրենսգիրքը՝ կերտված ժայռերին: Ազգ, որ մեծապես նպաստել է քրիստոնեության տարածմանը ամբողջ աշխարհում:

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին, նշեմ, որ Հռոմի պապը ոչ միայն դատապարտել է այս բարբարոսությունը, այլև առաջարկել է ԱՄՆ-ի Սենատին՝ Նինվեի և Մոսուլի տարածքներում ստեղծել քրիստոնեական երկիր, որի մեջ կներառվեն ասորիները, հայերը, քրիստոնյա արաբները, ինչպես նաև եզդիները: Հիշեցնեմ, որ Միջագետքում է ծնունդ առել քաղաքակրթությունը:

Մենք բազմիցս մեր երախտագիտությունն ենք հայտնել Հայաստանի կառավարությանը այն մարդասիրական վերաբերմունքի համար, որ նա ցուցաբերում է ոչ միայն քրիստոնյա ասորիների, այլև բոլոր ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Մենք հայերի հետ քիչ արյուն ու արցունք չենք թափել գաղթի ու եղեռնի ճանապարհին: Եթե հայերը ցեղասպանության տարիներին կորցրել են մեկուկես միլիոն անմեղ մարդու, ապա քիչ չէ նաեւ քրիստոնյա ասորիների կորուստը՝ 500-700 հազար: Ցավոք, այսօր էլ շարունակվում է ասորիների ցեղասպանությունը իրենց պատմական տարածքների վրա:

-Սիրիայում ասորիների դեմ իրականացված կոտորածներին, բռնարարքներին նախորդել են Մաալուլայի՝ ոչ պակաս ցնցող դեպքերը, երբ իսլամիստ զինյալները հարձակվել էին այդ բնակավայրի վրա, գերեվարել միանձնուհիներին, ավերել եկեղեցիները և այրել սրբապատկերները: Հիշենք Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը… Ըստ Ձեզ, ի՞նչ ընդհանուր կապ կա այս ամենի միջև: Որպես մտավորական՝ ի՞նչ ճանապարհ եք տեսնում նման բարբարոսությունները կանխարգելելու համար:

-Ասորիները միակն են, որ խոսում են Հիսուս Քրիստոսի խոսակցական լեզվով՝ արամեերենով: Եթե ուզում են վերացնել որևէ ազգի, ժողովրդի, առաջին հերթին պետք է ոչնչացնեն նրա մշակույթը. մահմեդական աշխարհը սա վաղուց է հասկացել՝ ի դեմս Օսմանյան Թուրքիայի: Ի վերջո, աշխարհը պետք է հասկանա, որ մարդկությունը դեռ երկար է երկրպագելու Արևելքում ծնված աստվածներին՝ Քրիստոսին, Եհովային, Մուհամեդին:

-Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ներուժ ունեն աշխարհասփյուռ ասորիներն իրենց խնդիրները միջազգային կառույցներին հասցնելու համար: Կա՞ արդյոք համագործակցություն աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում ապրող հայ և ասորական համայնքների միջև:

-Անկասկած, ասորիների ներուժն այնքան մեծ չէ, որքան հայերինը: Բայց համատեղ պայքարի դեպքում մենք ավելին կարող ենք անել. չէ՞ որ քրիստոնյա ասորիները միշտ էլ պաշտպանել են Հայոց դատը: Եվ վերջին 25-30 տարիների ընթացքում հասել ենք նրան, որ շատ երկրներ դատապարտել և իրենց ընդունած բանաձևերի մեջ ներառել են հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները:

-Ի՞նչ աշխատանք են տանում Հայաստանի իշխանությունները Սիրիայում և Իրաքում ապրող ասորիներին աջակցելու համար: Եվ ի՞նչ սպասումներ ունեն հայաստանաբնակ ասորիները:

-Նախ՝ պետք է ասեմ՝ երբ ասորական համայնքը հարց բարձրացրեց ասորի փախստականների կարգավիճակի մասին, կառավարությունն անմիջապես արձագանքեց՝ պատրաստակամություն հայտնելով Սիրիայում ապրող ասորիներին ընդունելու նույն կարգավիճակով, ինչ սիրիահայերին: Մենք հույս ունենք նաև, որ մարտի 23-ին Հայաստանի խորհրդարանը կընդունի Օսմանյան Թուրքիայում ասորիների և Պոնտոսի հույների դեմ իրականացված ցեղասպանությունը, ինչը մեզ հնարավորություն կտա պահանջատիրական հայց ներկայացնելու Թուրքիային: Կարծում եմ՝ փաստաթղթի ընդունումը մեկ անգամ ևս կապացուցի մեր դարավոր բարեկամությունը՝ սկսված Արա Գեղեցիկ և Շամիրամից մինչև Անդրանիկի Ասլան ձին, Մար Աբաս Կատինա ասորի պատմիչից մինչև Խորենացի… Մի ժողովուրդ, որը չի ուզում մեռնել, չի՛ մեռնի: Քրիստոնյա ասորիները և հայերը դեռ երկար պետք է միասին ապրեն ու արարեն, միասին կերտեն իրենց հայրենիքը՝ ամենեւին մտադրություն չունենալով ընկնելու ողբասացության գիրկը, որովհետև Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոչ թե վերջն է, այլ սկիզբը՝ սկիզբը միասնական պայքարի…

Զրուցեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #09 (1078) 12.03.2015 – 18.03.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


12/03/2015