Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵՌՆԱՄԱՐՏ. ԶԵՆՔ, ՈՐ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է



Սկիզբը՝ նախորդ համարներում

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔ

Ձեռնամարտին խորապես տիրապետող մարզիկները սովորաբար մարզումը սկսում են ներհայեցումից (մեդիտացիա): Դա օգնում է կենտրոնանալ, հոգեբանորեն պատրաստվել մարզումին:

ՁՄ-ի հնարքները պահանջում են բավականին ճկունություն, ուժ և արագություն (և՛ մկանային, և՛ մտավոր): Այդ պատճառով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ճիշտ նախավարժանքին:

Նախավարժանքի նպատակներից մեկը մարզման ժամանակ վնասվածքներից խուսափելու համար մկանները «բացել», տաքացնելն է:

Ավելի ճիշտ է, երբ մարմինը սկսում են մարզել վերից վար: Մարմնի ընդհանուր «բացումից» հետո անհրաժեշտ է մարզել, ճկունացնել ձեռքի և ոտքի վերջույթները, կատարել ոչ շատ քանակությամբ հրումներ գետնից բռունցքների վրա, մարզել ոտքերի ցատկային մկանները:

Բռունցքների վրա հրվելիս անհրաժեշտ է հատակին հպել միայն ցուցամատի և միջնամատի կոճերը: Դա ամրացնում է հարվածող կոճերը և օգնում է սովորություն դարձնել ճիշտ մասով հարվածել:

Ձեռքի մատների վրա հրումներ կատարելիս անհրաժեշտ է մատները պահել արծվի ճանկերի պես կեռ վիճակում, հենվել մատների ծայրերի վրա (բարձիկների):

Ոտքի հոդերը ճկունացնելիս (շպագատի բացման ժամանակ) անհրաժեշտ է լինել հետևողական և համառ, դիմանալ ցավին, բայց նաև լինել զգույշ, վնասվածքից խուսափելու համար, մկանների անպատրաստ լինելու դեպքում, չկատարել կտրուկ ձգումներ:

Անկասկած է, որ հակառակորդին բռնելու համար, լավ ռեակցիայից զատ, անհրաժեշտ է ունենալ ուժեղ և ճկուն մատներ: Մատների ուժեղացման համար ամենահասանելի վարժությունը, որը չի պահանջում հատուկ սարքավորումներ՝ հատակից հրումներն են մատների ծայրերի վրա, պառկած վիճակում: Խորացված մարտիկները մատների կեռ դիրքով, գլխիվայր հենվում են պատին և կատարում են հրումներ: Սա շատ բարդ վարժություն է, բայց նվիրված մարտիկի համար շատ արդյունավետ է: Այն ուժեղացնում է և՛ մատները, և՛ ուսագոտին, և՛ մեջքի մկանները, և՛ ողնաշարը: Հրաշալի վարժություն է վեստիբուլյար ապարատի և ներհայեցման համար: Ռեակցիայի զարգացման համար օգտակար են սեղանի և մեծ թենիսի գնդակով վարժությունները:

ՍԱՌԸ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Սառը զենքով և սառը զենքի դեմ գործողությունների համար բացի սիստեմատիկ ֆիզիկական մարզումներից անհրաժեշտ է նաև բարոյահոգեբանական պատրաստություն, քանի որ առանց սթափ գիտակցության հնարավոր չէ տիրապետել զենքին:

Հաղթանակի կարևոր գրավականներից մեկը անսպասելիությունն է: Դրա համար հետախույզը պետք է ձգտի մոտենալ թիկունքից, անաղմուկ:

Սվինը կամ դաշույնը բռնում են շեղբով առաջ (ներքևից կամ կողքից հարվածելիս) և շեղբով ետ (վերևից հարվածելիս) դիրքում: Կիրառվում են թե՛ ծակող, թե՛ կտրող հարվածներ: Հարվածների հետագծերը և ձևերը, բացի այս հիմնականներից, կարող են լինել ամենաբազմազան և անսպասելի, ինչպես նաև կոմբինացված ոտքերի ու ձեռքերի հարվածների հետ: Հարվածի պահին անհրաժեշտ է դանակի բռնակը սեղմել այնքան ամուր, որ այն չսահի ափի մեջ կամ վայր չընկնի ձեռքից: Թշնամուն առավել վնասելու և արագ մահ պատճառելու համար զենքը պտտում են վերքի մեջ:

Եթե անսպասելիությունը չի ստացվել և հակառակորդի հետ մնացել եք դեմ-դիմաց, խորհուրդ է տրվում սկզբում վնասել նրա վերջույթները, կարճ ու կտրուկ խոցումներով կամ կտրումներով թուլացնել պաշտպանությունը և հասցնել վերջնական, մահացու հարվածը:

Կարելի է կատարել խաբուսիկ հար- վածներ, օրինակ՝ ցույց տալ վերեւից ներքև հարված և հակառակորդի պաշտպանական շարժման պահին կտրուկ շեղել ուղղությունը արմնկահոդի թեքումով ու հարվածել դեպի ետ՝ կրծքավանդակին ներքևից (նկար 67): Նույնպիսի շարժում կարելի է կատարել ներքևից և վերջնական հարվածը ուղղել դեպի հակառակորդի գլուխը:

Կարելի է դանակը բռնել այնպես, որ հակառակորդը չնկատի՝ բռնել հակառակ բռնումով, շեղբը ծածկել ձեռքի թիակով, իսկ բռնակը՝ ափով և մատներով, ձեռքը պահել գոտկատեղի մոտ: Այս դիրքից կարելի է ցույց տալ բռունցքով հարված ներքևից վերև կամ կողային, սակայն, վերջին պահին դաստակի կտրուկ պտույտով առաջ մղել շեղբը և կատարել կտրող հարված հակառակորդի վզին (պարանոցին), որովայնին, վերջույթներին:

Մերձամարտում հզոր զենք է հանդիսանում սակրավորային բահը: Այն կարող է կիրառվել և՛ որպես դաշույն, և՛ որպես կացին (նկար 74):

Եթե կրակել հնարավոր չէ կամ չի կարելի, ավտոմատը, փողին հագցված սվինով, մերձամարտում կարող է լինել հզոր զենք: (նկար. 69)։

Շարունակելի

Գևորգ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

«Ձեռնամարտի ձեռնարկ» գրքից

Խորագիր՝ #09 (1078) 12.03.2015 – 18.03.2015, Ազգային բանակ, Ռազմական


12/03/2015