Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՌԱՋԱՐԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
ԱՌԱՋԱՐԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Ապրիլի 26-ին Երեւանի պետական համալսարան էին այցելել պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, որոնք բակալավրիատի եւ մագիստրատուրայի վերջին կուրսի արական սեռի ուսանողներին համագործակցության առաջարկ ներկայացրին:
2011 թվականի գարնանային զորակոչից առաջ պաշտպանության նախարարությունը զորակոչային տարիքի ուսանողներին առաջարկում է բանակ զորակոչվելու փոխարեն ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ եւ մեկ տարի ուսանելուց հետո լեյտենանտի կոչումով 5 տարվա պայմանագրային սպայական ծառայության անցնել: Համալսարանականները առողջական խնդիրներ չունենալու դեպքում ռազմական ինստիտուտում մեկ տարվա ընթացքում կհմտանան որպես մոտոհրաձիգներ, հրետանավորներ կամ թիկունքային սպաներ:
Հինգ տարի պայմանագրային ծառայությունից հետո նրանց հնարավորություն է ընձեռվում խզելու պայմանագիրը կամ կրկին երկարաձգելու այն` մինչեւ 20 տարի ծառայական ժամկետով:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանի համաձայն` ստեղծվել է ծրագիրը ղեկավարող հանձնաժողով, որի նախագահն է պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Ծրագրի պատասխանատու, ՊՆ կադրերի եւ ՌՈԻՀ վարչության պետի տեղակալ գնդապետ Է. Ոսկանյանն ուսանողներին ներկայացրեց նախաձեռնության բոլոր մանրամասները: Նա նշեց, որ բարձր աշխատավարձը` 220-280 հազար դրամ, երաշխավորվում է, երաշխավորվում են նաեւ ծառայողական բնակարանների տրամադրումը, զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին մատուցվող անվճար բուժսպասարկումը:
Իսկ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի առաջին տեղակալ գնդապետ Պ. Աբրահամյանը տեղեկացրեց, որ ռազմական ինստիտուտում մեկ տարվա ուսուցում ստանալու ընթացքում ուսանողները կապահովվեն հանրակացարանային սենյակներով, կրթաթոշակով եւ սննդով, կտրվի նաեւ ազատ ելքի իրավունք, այսինքն` դասերից եւ պարապմունքներից հետո կուրսանտը կարող է տուն գնալ: Պ. Աբրահամյանը նշեց նաեւ, որ քաղաքացիական բուհերից զինծառայողների ներգրավումը զինված ուժեր աշխարհում ընդունված գործընթաց է. «Մեր ինստիտուտում մեկ տեղի համար սովորաբար երեք դիմորդ է պայքարում, եւ բնավ էլ այնպես չէ, որ մենք դիմորդներ չունենք, պարզապես շատ ավելի նպատակահարմար է, որ բազմակողմանի զարգացած, կոնկրետ մասնագիտություն ունեցող տղաները իրենց գիտելիքներով նպաստեն բանակաշինության գործին: Բանակի որակի բարելավման խնդիր կա, որը պետք է լուծվի բուհական կրթություն ստացած որակյալ կադրերի օգնությամբ»:
Գնդապետ Է. Ոսկանյանը ուսանողներին ներկայացրեց 30-ամյա աշխատանքային իր փորձը եւ վստահեցրեց, որ թեեւ ծառայության ընթացքում բազում դժվարություններ է հաղթահարել` երբեք չի զղջացել իր ընտրության համար. «Պետք է հասկանալ, որ միանգամից ու հեշտությամբ գնդապետի կամ գեներալի կոչում չեն ստանում, նախ՝ սկսում են ամենացածրից: Ցանկացած զինվորական էլ իր բաժին պատասխանատվությունն ունի: Զինված ուժերում շատ հստակ է խնդիրը` ինչքան էլ ենթականեր ունենաս, միեւնույն է, ղեկավար էլ ունես, եւ հստակ են գործում զինծառայողի եւ ղեկավարության միջեւ ենթակայության աստիճանները»:
Առաջարկը հետաքրքրեց հատկապես տեխնիկական ուղղվածությամբ ուսանող տղաներին, որոնք չեն պատրաստվում հետագայում զբաղվել գիտական աշխատանքով: Նրանք բազմաթիվ հարցեր ուղղեցին ՊՆ պատասխանատուներին եւ նշեցին, որ առաջարկը բավական հրապուրիչ է:
Զորակոչային տարիքի ուսանող տղաները ցանկության դեպքում պետք է դիմեն իրենց բուհի ուսանողական խորհուրդ կամ տարածքային զինկոմիսարիատ:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ
Լուս.՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր