Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԺԴԵՀԻ ՈԳՈՎ



ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

«Հայաստա՛ն, նա, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չիմացավ և վաղը պիտի չուզենա մեռնել՝ քո զավակը չէ, հայ չէ»:
Գ.Նժդեհ

Նժդե՛հ, քո վերջին պատերազմից համարյա դար է անցել, և դեռ կռվում է հայ զինվորն իր հայրենիքի համար: Նա կռվում է քո խոսքերի առաջ՝ իր պատասխանատվությունը հոգում կրելով: Նա կռվում է արիաբար ու իր սրտի վերջին թխկթխկոցի ելևէջների տակ, գուցե հիշում քո պատգամ-իմաստնությունը՝ «Արի է նա, ով իր մեջ սպանել է կաշվի համար դողացող անասունը»:

Տասնութ տարեկան պատանի… Դեռ երեկ դպրոցի դռների ետևում թողնելով մանկության ու պատանեկության փոքր-ինչ անլուրջ, փոքր-ինչ անպատասխանատու խաղերը՝ նա զինվեց, որպեսզի պաշտպանի հայրենիքը սահման չճանաչող, լպիրշ թշնամուց… Նա արդեն հասուն տղամարդ էր եւ Հայրենիքի հանդեպ ունեցած իր պարտքի ոգեղեն կանչն էր լսել…

Արմե՛ն, հայոց հող ու ջրի հարազատ զավակ, արդյոք հասցրի՞ր հասկանալ, թե որքան կարևոր և որքան անհրաժեշտ քայլ կատարեցիր քո ազգի համար: Դու հանուն շատերի կյանքի արշալույս դարձար: Մայրդ քեզ լույս աշխարհ էր բերել ճիշտ ժամանակին, եւ դու ժամանակից առաջ ընկար… Դեռ քսան գարուն էլ չտեսած՝ գնացիր… Գնացիր, որ հուսախաբ չանես Նժդեհին, Մոնթեին, Վազգենին ու մյուսներին:

Գիտեմ, կյանքիդ վերջին վայրկյաններին գուցե խնդրում էիր մորդ, որ քեզ ների, բայց քայլում էիր առաջ… Գիտե՞ս, մայրդ խոր վիշտ ապրեց ու գուցե իր սրտի ծածուկ անկյուններից մեկում հպարտություն ունի թաքցրած, որ քեզ նման զավակ է ծնել ու նվիրել Հայոց հողին:

Հայի՛ զավակ, այսօր ընկերներդ նույնն են անում, ինչ դու արեցիր, նրանք իրենց կրծքով պաշտպանում են այն ճանապարհը, որ տանում է դեպի անմահություն…

Նժդե՛հ, մեր եղբայրներն ու որդիները լավ են սերտել քո անմահ դասերը. նրանք գիտեն, որ Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ ու կործանվում դրա պակասից:

Աննա ՄՈՎՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Բանակ և հասարակություն


05/03/2015