Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԻՐԱԿԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԻՐԱԿԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

«Բանակը մեր տունն է, մեր ամրոցը, որտեղ բոլորը պետք է ապրեն այդ ամրոցի համար ընդհանուր, բոլորի համար միեւնույն օրենքներով: Ով չի ցանկանա ապրել մեր բերդ-ամրոցի օրենքներով, դատապարտված է այլ բերդում` քրեակատարողական հիմնարկում այնտեղի օրենքներով ապրելու»:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ,
ՀՀ պաշտպանության նախարար

«Վազեցինք գետնատնակ ու տեսանք, որ Սարոն նստած է գետնատնակի ձախ կողմում դրված մահճակալի ներքևի հարկում, դեպի աջ թեքված, գլուխը կախ, իսկ հատակն ամբողջովին արյունոտ էր…»:

Սա հանգուցալուծումն էր: Մարտական դիրքում ինքնասպանություն էր կատարվել: Շարքային Սարո Սամվելյանը փակուղուց դուրս գալու ոչ մի ելք չէր գտել:

Պիտի հիասթափեցնեմ նրանց, ովքեր սպասում են բարդ ու խճճված սյուժեի: Ամեն ինչ շատ պարզ է ու որոշակի: Մարտական հերթապահությունը այս մարտական դիրքում իր չգրված օրենքներն ուներ: Զինվորների ցուցմունքում այդպես էլ արձանագրված էր` չգրված օրենքներ: Նրանք, ովքեր մտածում են, որ խոսքը բարոյական արժեքների մասին է` կարեկցանքի, ընկերասիրության, ազնվության, քաջության, սխալվում են: Պարզվում է` ծառայողական պարտականություններում թերացողների համար կանոնագրքով սահմանված պատիժները չեն բավարարել սահման պահող տղերքին (կամ դուր չեն եկել), ու նրանք իրենց «օրենսգիրքն» են հորինել:

«Ջոկի հրամանատար, կոչումով սերժանտ Սերյոժա Կարապետյանը, մայիսի 18-ից մինչև հունիսի 1-ը ընդգրկված լինելով մարտական դիրքում որպես դիտորդ, առաջին անգամ մարտական հերթապահության մեկնած նույն ջոկի ժամկետային զինծառայող, դիրքի դիտորդ շարքային Սարո Սամվելյանին տեղեկացրել է, որ մարտական հերթապահության ընթացքում քնելու, նստելու, սաղավարտը հանելու, զենքը ցած դնելու համար իր կողմից սահմանված է հայհոյանք»: Սա հատված է քրեական գործից: Անաչառ լինելու համար պիտի ասեմ, որ «չգրված օրենքները» ոչ թե լրացրել են կանոնագիրքը, այլ յուրովի «կարգավորել են» մարտական դիրքը, հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորների միջանձնային հարաբերությունները:

…Իսկ առաջին անգամ դիրքեր բարձրացած Սարո Սամվելյանը դժվարություններ է ունեցել: Հոգնել է, չի դիմացել ռեժիմին: Մոռանալով հայհոյանքի մասին կամ լուրջ չընդունելով այն` մեկ քնել է անպատեհ ժամի, մեկ հանել է սաղավարտը, մեկ նստել է չնախատեսված վայրում… Ի պատասխան, ջոկի հրամանատար Սերյոժա Կարապետյանը ոչ միայն ծեծել է ծառայակից ընկերոջը, այլև, այսպես ասած, ամրագրել է հայհոյանքը: «Ամրագրել»-ը իմ բառն է, ես չեմ տիրապետում գողական լեքսիկոնին և չգիտեմ ինչպես է կոչվում այն իրողությունը, երբ որևէ մեկը դառնում է մեկ ուրիշի հայհոյանքի կրողը:

Բայց քրեական գործը կարդալուց հետո իմացա դրա հետևանքների մասին: «Սերյոժա Կարապետյանը սպառնացել է զորամասում Սարո Սամվելյանի և այլ անձանց ներկայությամբ հրապարակել Սարո Սամվելյանի մասին տեղեկությունը` հասկացնելով, որ վերջինիս կարգավիճակը փոխվել է զինծառայողների միջավայրում»: Կարգավիճակ է փոխվել, սա մոտավորապես նշանակում է, որ կարգավիճակը փոխած անձը վարկաբեկված է և մյուսներին հավասար չէ: Ջոկի հրամանատարը ընկերներին հորդորում է չշփվել զինվորի հետ` ցույց տալով իրենց արհամարհանքը:

Մինչդեռ ծառայակից ընկերոջը մարտական հերթապահություն կատարելիս սահմանվածից 10-15 րոպե ուշացումով փոխարինելու համար հայհոյանք չէր նախատեսվում «չգրված օրենսգրքում»: Եվ ինչպես վկայում են ականատեսները, ինչը և ապացուցվել է քրեական գործի քննությամբ, մարտական հերթապահություն կատարելու կարգը «հարգող» և կարգազանցներին հայհոյանքով պատժող կրտսեր սերժանտը պարբերաբար 10-15 րոպե ուշացումով է փոխարինել Սարո Սամվելյանին՝ իմանալով, որ նա առաջին անգամ է դիրքեր բարձրանում և առանց այդ էլ դժվարությամբ է կատարում իր պարտականությունները: Իսկ հաջորդ պահին դիտարկման ժամանակ նստելու համար հայհոյել, ծեծել է մյուս ծառայակից ընկերոջը` Արթուր Մուրադյանին, բռունցքներով հարվածելով վերջինիս գլխին ու գետին գցելով նրան:

Վստահ եմ, որ հիմա բոլորին մի հարց է հուզում` իսկ որտե՞ղ է եղել դիրքի ավագը` սպան: Քրեական գործը արձանագրում է` «ավագ լեյտենանտ Ռազմիկ Խանյանը, խախտելով պետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կրման կանոնները` պարբերաբար չի կատարել մարտական հերթափոխները, ինքնակամ լքել է մարտական դիրքը: Տեսնելով, որ մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված ժամկետային զինծառայողներ Արմենակ Ավետիսյանը և Էդուարդ Ջանազյանը, խախտելով պետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կրման կանոնները, առանց թույլտվության լքել են մարտական դիրքը և առանց վերադաս հրամանատարության թույլտվության գնացել մեկ այլ դիրք, զինծառայողների շրջանում կեղծ հեղինակություն ձևավորելու, ամենակարող սպայի տպավորություն ստեղծելու նապատակով չի կատարել զինվորական կանոնադրությամբ պայմանավորված իր պարտականությունները, կատարվածի մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը, չի ձեռնարկել ծառայության բնականոն ընթացքը ապահովելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ…»:

Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռազմիկ Խանյանի ցուցմունքից տեղեկանում ենք, որ ինքը երբեք չի տեսել զինվորներին միմյանց հայհոյելիս կամ ծեծելիս, չի իմացել, որ «ծառայողական պարտականությունների մեջ թերացողներների վրա հայհոյանք է դրված», չի նկատել, որ շարքային Սարո Սամվելյանը տխուր է և ընկճված: Ոչինչ չի տեսել, ոչինչ չի լսել: Իսկ դեպքերը ընթացել են տրամաբանական հունով: Սարոն սերժանտի հետ խոսելու ուղիներ է փնտրել, վերջինս չի լսել զինակցին, չի փոխել «դատավճիռը»: Տղաները նկատել են, որ Սարոն տխուր է: Ցուցմունքներից մեկում ծառայակից ընկերը խոստովանում է` նման դեպքում կամ սպանում են կամ ինքնասպան են լինում: Նման դեպքում` այսինքն՝ դեպքը տիպական է, ձեռագիրը` նույնը: «Սխալի», «ճշտի», «ատչյոտի», «ռազբորկայի» լաբիրինթոսում հայտնված զինվորի մեջ, ինչպես բանաձևում են մասնագետները, զարգացել է «հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում, ինչը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակությունից»: Ու մի փոքրիկ մանրամասն, որը պատկերը ավելի ամբողջական ու հասկանալի է դարձնում: Ծառայակից ընկերոջ ինքնասպանության լուրը լսելով` ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սերյոժա Կարապետյանը, ըստ զինակիցների ցուցմունքի, ասել է. «Գոնե իջնեինք պոլկ, նոր իրան խփեր, ստեղ մեզ դայաղ արեց», իսկ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռազմիկ Խանյանը, տեսնելով իր զինվորի` շարքային Սարո Սամվելյանի անշնչացած մարմինը, դիակին կապել է զինվորական հանդերձանքի մաս կազմող գոտին` ենթապայուսակով, դիակի մոտ դրել է սաղավարտը, հավաքել աղբը… այսինքն` ապահովագրել է իրեն թերությունների ու բացթողումների համար պատասխան տալու պարտավորությունից…

Քրեական հանցագործություն կատարած բոլոր անձինք դատարանի վճռով ստացան իրենց պատիժը` բոլոր նրանք, որոնց գործողությունները կամ անգործությունը կարող էին զինվորին հասցնել ինքնասպանության: Կատարվածին, ինչպես ընդունված է ասել, տրվեց իրավական գնահատական: Իսկ բարոյական դաշտում բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան: Սարոյի մոր` Էլիզա Սամվելյանի բնութագրմամբ, իր որդին եղել է կիրթ, դաստիարակված, խելացի երիտասարդ, օժտված կամային որակներով: Հինգ ամիս ծառայել է պատվախնդրորեն, մասնակցել է զորահանդեսին, որից հետո 10-օրյա արձակուրդ է ստացել և եկել է տուն: Մոր խոսքերով ասած` Սարոն եղել է առույգ, ունեցել է բարձր տրամադրություն: Մայրը չէր հավատում, որ իր տղան կարող էր ինքնասպան լինել.

«Սարոն բնավորությամբ շուտ կոտրվող և ներշնչվող չէր… եթե նրան վիրավորեին, անպայման կպատասխաներ»:

Ծառայակից ընկերները նույնպես այն կարծիքին էին, որ Սարոն թուլամորթ չէր: Ուրեմն… այդ ուղտը կարող էր յուրաքանչյուրի դռանը չոքել` չգրված օրենքների, հայհոյանքի, սրբապղծության, արհամարհանքի ու հալածանքի տեսքով: Եթե Ռազմիկ Խանյանի նման անպատասխանատու սպային դասակը ղեկավարելու և դիրքի ավագը լինելու իրավունք է վերապահված… Եթե նա մնում է առանց հսկողության ու կարողանում է պարբերաբար շրջանցել իր ծառայական պարտականությունները… Ու զարմանալի չէ, որ դիրքում կարգուկանոն հաստատելու մեծ լիազորություններ է ունենում մարտական հերթապահություն կրելու կարգը հայհոյանքով ապահովող կրտսեր սերժանտը: Ո՞վ և ի՞նչ արժանիքների համար էր կրտսեր սերժանտի կոչում տվել Սերյոժա Կարապետյանին, ո՞ր առավելության համար էին ջոկի հրամանատարի պարտականությունները վստահել նրան, ինչո՞ւ էին ընկերասիրության, ընկածին ձեռք մեկնելու, կարեկցանքի, հանդուրժողականության բոլոր կոչերը մնացել թղթի վրա, և Սարո Սամվելյանի ծառայակից ընկերները իրավիճակը շտկելու փորձ չէին արել: Ավելին, նրանցից մեկը` Արմենակ Ավետիսյանը, որը մեղադրյալի կարգավիճակով ներկայացավ դատարան, ծառայակից ընկերոջը օգնելու փոխարեն, ընկածին խփելու հոգեբանությամբ նոր մեղք է բարդել Սարո Սամվելյանի վրա` իբր վերջինս թաքցրել է հազար դրամից ավելի գումար ունենալու մասին և խաբել է Արմենակին: Արմենակ Ավետիսյանը, բռնություն գործադրելով, հաշիվ է պահանջել Սարոյից սուտ խոսելու համար: Ըստ քրեական գործի` Արմենակ Ավետիսյանի գործողությունների հետևանքով Սարո Սամվելյանի մոտ զարգացել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում: Հաշիվ պահանջելը «աչյոտ» ուզելն է… Ու հանդուրժողականության, կարեկցանքի, ընկերասիրության բոլոր կոչերն ու քարոզները ցանկալի արդյունք չեն տալու, քանի դեռ մեր երկրում դպրոցականից մինչև քաղաքական գործիչ դեռեւս իրարից «ատչյոտ» են ուզում «ճշտի» չգրված օրենքներով, քանի դեռ լրագրողական բանավեճերը «ռազբորկայի» մակարդակի են, ու «զոնի ճիշտն» է ուղղորդում մեր խղճի օրենքը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ