Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԿԱՆ՝ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ ԵՎ ԻՇԽԱՆ ՎԱՀԱՆ ԱՄԱՏՈՒՆԻՆ
ՎԿԱՆ՝ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ ԵՎ ԻՇԽԱՆ ՎԱՀԱՆ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Փետրվարի 21-ին երդման հանդիսավոր արարողություն էր Արագածոտնի մարզի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում: Երդվում էին ՀՕՊ ուսումնական կենտրոնի 61 կուրսանտներ: Նախորդ անգամ կուրսանտներն իրենց երդումը տվեցին մարզի Կարբի գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և Մեծ հայրենականում զոհված կարբեցիների հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ: Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ բազմամարդ էր եկեղեցու բակը: Եվ ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ գովեստի խոսքերի է արժանի զորամասի հրամկազմը (հրամանատար, փոխգնդապետ` Տ. Ֆանյան), ինչպես կազմակերպչական, այնպես էլ գեղարվեստական մասի համար: Եվ սակայն այս անգամ զինվորական երդումն իր ուրույն խորհուրդն ուներ. նախ այն համընկավ մայրենիի պահպանման օրվան և տեղի ունեցավ հայ գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու բակում, իսկ եկեղեցու խորանի աջ կողմում հավերժ ննջում է Մեծն Մաշտոցը` հայոց առաջին Ուսուցիչը, Մտավորականը, Զորականը` ում երկնած 36 զինվորները արդեն 17 դար առաջնորդում են մեր ժողովրդին դեպի հավերժություն:

Պատմում են, որ ազատամարտիկ Սամվելը Շուշիի ազատագրման ժամանակ տեսել է ադրբեջաներեն (լեզվով, գրով չեմ ասում, որովհետև չունեն) մի գրամեքենա և այն ցույց տալով ընկերներին՝ ասել է.

-Սեփական ոչ մի տառ չունեք, չե՞ք ասում՝ ո՞նց եք կռվելու մեր 36 երկաթագիր զինվորների դեմ:

…Հնչում է ՀՀ պետական օրհներգը: Զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Մ. Աբգարյանի զեկույցից հետո սկսվում է երդումը: Հաղթանակած բանակի, հզոր տղաների երդում է` Ռուբեն Թովմասյան, Հովհաննես Ղուկասյան, Արման Սարգսյան, Էդիկ Ասատրյան, Նվեր Ասատրյան:

Սահմանամերձ Կոթի գյուղից Հրաչյա և Ալվարդ Սուքիասյանները եկել են իրենց զույգերի` Վահագնի ու Վահեի երդման արարողությանը:

-Հինգ տղա ունեմ, բոլորն էլ ծառայել են,- ասում է հայրը,- Տիգրանս նույնպես ծառայում է, պայմանագրային է: Խորենս ու Դավիթս էլ են եղել զինվոր, ծառայել են սահմաններում: Ես էլ եմ զինվոր, ոտքից վիրավորվել եմ, բայց դե միշտ պատրաստ ենք: Հետո կատակով Ալվարդ մայրը ավելացնում է.

-Տղաներիս հարցնում եմ՝ ո՞նց եք, ծիծաղելով ասում են` ա՛յ մեր, էս քանի ամիս է՝ կրակոցի ձայն չենք լսում, ո՞նց պիտի լինենք:

Նորակոչիկ Արսեն Ռաֆայելյանի ծնողները` Վասիլը, Լարիսան, ազատամարտիկ հորեղբայրը` Վարդանը, եկել են Արթիկից իրենց բարեկամներով: Նրանք խնդրում են իրենց լուսանկարել Մեսրոպ Մաշտոցի աշակերտ, հազարապետ Վահան Ամատունու մահարձանի մոտ:

Երդման արարողությունից հետո հնչեցին շնորհավորանքի խոսքեր.

ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ
Արագածոտնի մարզպետ

-Հարգարժան հոգևոր հայրեր, սպաներ, զինվորներ, սիրելի ներկաներ: Ողջունում եմ Ձեր ներկայությունը մեր մարզում այս հրաշալի օրը, երբ նշվում է Մայրենիի օրը: Այս աստվածահաճո վայրում մեր զինվորները իրենց երդումը տվեցին մեր հայրենիքին, հայոց բանակին: Բանակ, որը հեշտ չի կայացել, որ եղել է մեր դարավոր երազանքը, ձևավորվել է մեր որդիների թափած արյամբ և կյանքի գնով, ու այսօր հրաշալի է այս սուրբ վայրում նորակոչիկների շուրթերից լսել երդման մեսրոպատառ այս խոսքերը:

Գնդապետ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ վարչության պետի տեղակալ

-Հարգարժան ծնողներ, հարգելի հյուրեր, սպաներ, այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված Մայրենիի տոնի օրն է: Այս միջոցառումների համատեղումը խիստ խորհրդանշական է: Հակաօդային պաշտպանության ուսումնական կենտրոնի կուրսանտները երդվում են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պաշտպանել հայրենիքը մի վայրում, որը խորհրդանշում է մեր ազգի գոյատևման, հայի անվտանգության սկզբնաղբյուրը:

Դեռևս 4-րդ դարում հայ մեծագույն հանճար, շինականի որդի Մեսրոպը գտավ այն մեծ ռազմավարությունը, որով կարելի է ազգը փրկել, և դարեր շարունակ ոչ մի ռազմական գործիչ ավելի մեծ ճակատամարտ չի շահել, ինչն արել է Մաշտոցը` տանելով անարյուն ամենամեծ ճակատամարտը: Սիրելի կուրսանտներ, Ձեզ համար սա խիստ խորհրդանշական է: Դուք տարիներ հետո հիշելու եք, թե որտեղ երդում տվեցիք անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Դուք սովորելու եք մեր ուսումնական կենտրոնում և մասնագիտանալու եք որպես հակաօդայիններ, հետագայում որպես սպաներ ծառայելու եք մեր զինված ուժերի գրեթե բոլոր զորամիավորումներում: Պետք է բարձր պահեք հակաօդայինի պատիվը և ամուր պաշտպանեք մեր օդային սահմանները: Թույլ տվեք պաշտպանության նախարարի, նախարարության ղեկավարության, հակաօդային պաշտպանության զորքերի ղեկավարության անունից շնորհավորել ձեզ` մաղթելով ուսման, ծառայության մեջ հաջողություն, անձնական կյանքում՝ երջանկություն:

ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Արծիվ» մահապարտների դասակի հրամանատար

-Իմ թոռը` Արամ Մաթևոսյանը, այսօր երդում տվեց: Անցած անգամ մասնակցել ենք Մուղնիի երդման արարողությանը, հիմա էլ` նույնը: Մասնակցում ենք երեք ընկերներով` Անդրեասյան Միշայի ու Միքայելյան Սլավիկի հետ: Բոլորը Արցախյան պատերազմի մասնակիցներ են և հերոսներ: Միշտ գալիս ենք զինվորների մոտ, խորհուրդ ենք տալիս, ոգևորում: Մեր հիմնական գործը ռազմիկների հետ ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացումն է: Իսկ Սուրբ Մաշտոցի գերեզմանի մոտ երդում տալն էլ իր խորհուրդն ունի:

ՏԵՐ ՎԻԳԵՆ ՔԱՀԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Սուրբ Մ. Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ

-Սիրելի նորակոչիկներ, հրամանատարական կազմ, ծնողներ, շնորհավորում եմ բոլորիդ: Այսօր կարևոր օր է ոչ միայն ձեր զորամասի համար, այլև բոլորիս համար, որովհետև այսօր մեր հայորդիները Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու առաջ երդվեցին պահել ու պահպանել հայոց հողը, խաղաղությունը մեր երկրի: Այսօր մենք մեզ ավելի ապահով զգացինք: Թող Աստված օրհնի Ձեզ, թող Աստված խաղաղություն տա մեր ազգին, ժողովրդին, պետությանը:

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔՅԱՆ
Շարքային

-Մեծարգո պարոն գնդապետ, հարգարժան մարզպետ, սիրելի ծնողներ, սպաներ, ենթասպաներ, ներկաներ: Այսօրվանից մենք էլ ենք կրելու մեր ուսերին հայրենիքի պաշտպանության սրբազան պարտքը: Այսօրվանից մենք էլ ենք քայլելու մեր պապերի և հայրերի անցած ճանապարհով: Այսօրվանից մենք ենք լինելու այն վահանը, որը պաշտպանելու է մեր հայրենիքը թշնամու ցանկացած հարվածից, մենք ենք լինելու այն թուրը, որ գլխատելու է նրան: Կուրսանտական կազմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել N զորամասի սպայակազմին` հանձինս՝ փոխգնդապետ պրն. Ֆանյանի: Նրանց շնորհիվ է, որ այսօր հպարտորեն կարողանում ենք նայել մեր ծնողների աչքերին: Խոստանում ենք, որ ոչ միայն այս 2 տարիներին, այլև ամբողջ մեր կյանքի ընթացքում լինելու ենք հայրենիքին նվիրյալ, ազգի պաշտպան և ազգի հերոս:

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ